2016.01.25,

Քննադատ

Թեև զորահանդեսի հրամանատարը ես եմ՝ լրագրողս

Մի մասն ասում է՝ տեսագրող սարքի կոճակը սեղմելուց հետո ես եմ նյութի տերը, նրա ո՛ր կադրերը կուզեմ՝ կհրապարակեմ: Մյուս մասն ասում է՝ այդ կոճակը սեղմելուց հետո արդեն ես եմ զորահանդեսի հրամանատարը, բայց եթե մարդը բան է խնդրում, կմտածեմ

Լրագրողական մի հին դիլեմա կա. ինչպե՞ս վարվել, երբ «նյութիդ հերոսը» խնդրում է իրեն այսինչ վիճակում պատկերող կադրերը չհրապարակել, կամ հարցազրույցում մի բան է ասել, բայց մտափոխվել է և խնդրում է այդ մասը հանել:

Ամենափորձառու լրագրողներն անգամ տարակարծիք են. մի մասն ասում է՝ ձայնագրիչի կամ տեսագրող սարքի կոճակը սեղմելուց հետո ես եմ նյութի տերը, նրա ո՛ր ասածը կամ ո՛ր կադրերը կուզեմ՝ կհրապարակեմ: Մյուս մասն ասում է՝ այո՛, այդ կոճակը սեղմելուց հետո արդեն ես եմ զորահանդեսի հրամանատարը, բայց եթե մարդը բան է խնդրում, կմտածեմ:

Քանի որ ես ինքս երկրորդ կարծիքին եմ, ասեմ, թե նման դեպքում ինչ կմտածեմ: Առաջին հերթին կնայեմ, թե արդյո՞ք նրա «չուզած» կտորն իմ լսարանի համար չափից դուրս հետաքրքիր է: Ծանրութեթև կանեմ նաև, թե որքանո՞վ այն կնպաստի որևէ մեկի շատ կարևոր խնդրի լուծմանը: Իմ հրապարակելուց որևէ շահ կունենա՞ հանրությունը: Որքանո՞վ այդ կտորը կօգնի ճշմարտությունը բացահայտելուն: Այս հարցերի պատասխանները կդնեմ կշեռքի մի նժարին, իսկ մյուս նժարին՝ այն հարցերի պատասխանները, թե որքանո՞վ այդ մարդուն կվնասեմ կամ նրա արժանապատվությունը կնսեմացնեմ՝ այդ կտորը տարածելով: Կշեռքի ո՛ր նժարը ծանրակշիռ եղավ, ըստ դրա էլ կվարվեմ:

Այս դիլեման մեկ անգամ ևս հիշելու առիթը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ վերջերս հրավիրած ասուլիսն էր, որին ներկա եղած որոշ լրագրողներից լրացուցիչ ճշտեցի՝ իրո՞ք նախարարն այդ ասուլիսում խնդրել է չհրապարակել այն կադրերը, որոնցում ինքը երևում է քայլակով: Ասացին՝ այո՛, երկու անգամ խնդրել է:

Պաշտոնյայի կամ գործչի, ընդհանրապես՝ հանրային դեմքի առողջությանը վերաբերող ճշգրիտ տեղեկություններ հանրությանը պետք է մատուցվի. դա քննելու առարկա չէ: Բանավեճի առարկան այլ է՝ պե՞տք է հարգել տեսաձայնագրության որևէ այդպիսի մաս չհրապարակելու խնդրանքը, թե՞ ոչ: Այսինքն՝ պրոֆեսիոնալ էթիկայի տեսակետից ճիշտ վարվեցին ասուլիսին ներկա եղած մյուս բոլո՞ր լրագրողները, որոնք հաշվի առան այդ խնդրանքը, թե՞ այն միակ լրագրողը, որն, այնուամենայնիվ, հրապարակեց այդ կադրերը:

Այս մի քանի օրվա պրոֆեսիոնալ վեճերում իրար հակընդդեմ փաստարկներ լսեցի: Այդ կադրերը հրապարակելուն դեմ փաստարկներն էին. քաղաքական գործչին կամ պաշտոնյային իր քայլերի համար կարելի է և պետք է քննադատել, բայց երբ խոսքը նրա անձնական հարցերին է վերաբերում, պետք է նրա ցանկությունը հաշվի առնել: Կամ՝ քայլակով կադրերն արդեն ոչ մի նոր տեղեկություն չէին պարունակում և միայն ցույց էին տալիս դրանք հրապարակած լրագրողի հատուկ վերաբերմունքն այդ անձի հանդեպ:

Այդ կադրերը հրապարակելուն կողմ փաստարկներն էին. եթե նախարարը չէր ուզում այդպես երևալ, ապա ինչու՞ էր ասուլիս հրավիրել. չէ՞ որ ասուլիսը հրապարակային միջոցառում է, որի ցանկացած կտոր ենթակա է տարածման: Արմեն Աշոտյանը պաշտոնյա է, քաղաքական գործիչ, իսկ այդ դեպքում չպետք է հաշվի առնել, թե զրույցից կամ ասուլիսից նա ինչը կնախընտրեր հրապարակված տեսնել, ինչը՝ ոչ: Այս կարծիքի կողմնակիցները նաև հիշեցնում էին, որ Աշոտյանն ինքն է իր հետ կապված նման նյութեր տեղադրում Ֆեյսբուքում. «իր իսկ կամքով մենք իրեն պարբերաբար տեսնում ենք տարբեր վիճակներում՝ անկողնում պառկած, շորտերով՝ սառույցով դույլը գլխին դատարկելիս…»:

Կարծիքների մյուս խմբից հակադարձում էին՝ սոցցանցերը բոլորովին այլ հարթակ են, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն՝ այլ:

Ի վերջո, պրոֆեսիոնալ լրատվամիջոցներում էլ մասնավոր կյանքի և հանրային անձի արժանապատվությունն ամենևին չնսեմացնող կադրեր տարածվել ու տարածվում են. նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին տեսել ենք վոլեյբոլի մարզահագուստով, Վրաստանի նախագահ եղած ժամանակ Էդուարդ Շևարդնաձեին տեսել ենք անթև շապիկով (մայկա)՝ իր դեմ մահափորձից հետո, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին՝ հիվանդասենյակում կամ հենակներով, երբ ոտքը կոտրել էր: Նույն վիճակում տեսել ենք Անգելա Մերկելին: Պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդն է ժամանակին լրագրողներին հանդիպել՝ ոտքին գիպսանման վիրակապով: Չեմ կարծում, թե նրանք դեմ են եղել այդպես երևալուն, ու պրոֆեսիոնալ մեդիան նրանց կամքին հակառակ է տարածել այդ կադրերը:

Բայց լինում են դեպքեր, երբ հանրային անձինք խնդրում են չանել դա: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը 2014թ. դեկտեմբերին իր դեմ կատարվածը լուսաբանող լրագրողներին խնդրել էր դեմքին երևացող բռնության հետքերը չնկարահանել կամ չլուսանկարել: Լրագրողներն անսացին նրա խնդրանքին՝ միայն իրենց խոսքով նկարագրելով գործչի վնասվածքները:

Իհարկե, բացարձակապես ամաչելու բան չկա, երբ մարդը քայլակով է, հենակներով, անվասայլակով, գիպսի վիրակապով կամ հանիրավի ստացած կապտուկներով: Բայց եթե մարդը չի ուզում, գուցե մտածել պե՞տք է, այնուամենայնիվ, թեկուզ զորահանդեսի հրամանատարն ինքն է՝ լրագրողը:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *