Անընդհատ սոցցանցերում նստելն ու լուրեր կարդալը միայն առողջության, տրամադրության ու կողակիցների համար չէ, որ վնասակար է։ Բազմաթիվ հայաստանյան լավ ծրագրեր ցանցում ծնվում ու վախճանվում են զուտ այն պատճառով, որ դրանք մնում են անտեսված
Հայաստանում ինտերնետը զարգանում է։ Աճում է ինտերնետից օգտվողների թիվը, որը հասել է գրեթե բնակչության երկու երրորդին։
Աճում է սոցիալական ցանցերում ներկայությունը․ Հայաստանի տարածքից օրական մեկ միլիոնից ավելի մարդ է այցելում Օդնոկլասնիկի, Ֆեյսբուքի օրական լսարանը հասնում է մոտ 560,000 օգտվողի, Ինստագրամինը՝ մոտ 60,000-ի։
Հայաստանի ազգային .am դոմեյնը ամենարագ աճող եվրոպական դոմեյնների ցանկում երրորդն է, թիվը հասել է արդեն 30 հազարի։
Բայց տպավորություն է, թե ցանցը Հայաստանում ավելի շուտ Հեռուստացույց 2.0 է, որտեղ մարդը հիմնականում արագ փոփոխվող լուրերի պասիվ սպառող է։
Ինչո՞վ են հայաստանցիները հիմնականում զբաղվում ցանցում։ Եթե նայեք Հայաստանից հիսուն ամենաայցելվող կայքերին, ապա մի քանի բան կնկատեք՝
- Ըստ եղած վիճակագրության՝ հիմնականում հետաքրքրվում են սոցիալական ցանցերով, պոռնոգրաֆիայով, լրատվամիջոցներով և խաղադրույքներով։
- Կայքերի հիմնական մասը, բացի լրատվականներից, հայաստանյան չէ:
Համաձայնեք՝ շատ «ուրախ» համացանց է։ Փաստացի, ցանցը Հայաստանից ավելի ու ավելի շատ մարդ է ընդունում իր մեջ։ Բայց մարդիկ հիմնականում զբաղված են սոցցանցերում և լրատվականներում ուրիշների կյանքով տառապելով։ Բովանդակության պասիվ սպառող են, այսինքն՝ կարծես հեռուստադիտող լինեն։
Որպես գործիք՝ ցանցը գրեթե չի օգտագործվում։ Հայաստանյան ցանցային խանութներից տարվա կտրվածքով ցանցաբնակ երևանցիների ընդամենը 4 տոկոսն է օգտվում:
Բանկերի ցանցային ծառայություններից օգտվում է երկու անգամ ավելի քիչ մարդ:
Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայություններից բնակչությունը նույնպես չի շտապում օգտվել՝ չնայած, որ դրանք շատ հարմար են։ Օրինակ՝ էլեկտրոնային կառավարության գլխավոր կայքը ամսական ընդամենը 30-40 000 այցելություն է ունենում, էլեկտրոնային վճառումների կայքը՝ ընդամենը 10 000:
Անընդհատ սոցցանցերում նստելն ու լուրեր կարդալը միայն առողջության, տրամադրության ու կողակիցների համար չէ, որ վնասակար է։ Բազմաթիվ հայաստանյան լավ ծրագրեր ցանցում ծնվում ու վախճանվում են զուտ այն պատճառով, որ դրանք մնում են անտեսված։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: