Եթե տարօրինակ զուգադիպությամբ կրկնվի տուրգենևյան արձակ բանաստեղծության սյուժեն, այսօր ևս շատերը կնախընտրեն նախ իրենց թեյը խմել…
(Որտե՞ղ կդնեք ստորակետը Դու՜ք)
Այս հոդվածը գրելու առիթը «Վէմ» ռադիոկայանում զրուցակիցներիցս մեկն էր, ազգագրագետ (նրա անունը հրապարակելու լիազորություն չունեմ, այնպես որ՝ ներեցեք- Լ.Ա.):
Երբ եթերում ասացի, որ իրենից ակնկալում ենք ստանալ այսինչ հարցի պատասխանը, հակադարձեց. «Իսկ ես պարտավոր չեմ արդարացնել ձեր ակնկալիքները: Իմ գիտելիքները ՊԱՐՏԱՎՈՐ եմ ծառայեցնել նրան, ով ինձ վարձատրում է: Իսկ ձեր հարցերին պատասխանում եմ՝ բարի կամքից ելնելով, ի դեպ, ապահովելով ձեր հոնորարը: Ռադիոյով զրուցելու հրավերն ընդունել եմ, քանի որ զրույցն ամբողջությամբ հեռարձակվում է: Հեռուստատեսությամբ արդեն չեմ էլ ուզում խոսել. լրագրողները, որոնք, որպես կանոն, չեն տիրապետում թեմային, իմ մտքերի մեծ մասը վերագրում են իրենց՝ ներկայացնելով որպես իրենց հեղինակային խոսք, իսկ իմ խոսքից թողնում են փոքրիկ մի կտոր, այն էլ՝ հաճախ ենթատեքստից դուրս»:
Զրուցակցիս զայրույթն, ըստ էության, արդարացված էր:
Հայաստանում տասնյակի չափ հեռուստաընկերություն կա, բազմաթիվ թերթեր, կայքեր: Թվում է՝ պիտի առողջ մրցակցություն լինի՝ որակյալ, գրագետ, բարձր նշաձող ապահովող լրագրողներով, հաղորդումներով: Սակայն տպավորություն է, թե ԶԼՄ-ներից յուրաքանչյուրը աշխատում է կոնկրետ պաշտոնյայի կամ քաղաքական թիմի շահերը սպասարկելու ուղղությամբ:
Իսկ մնացյալը՝ լրագրողները գրագետ են, թե ոչ, հաղորդումները բովանդակություն ունեն, թե անբովանդակ են, ինչպես առավոտյան հեռուստաառավոտները, արդեն էական էլ չէ: Հեռուստադիտողը, ընթերցողը առհասարակ դուրս է ԶԼՄ-ի հետաքրքրության շրջանակից, քանի որ նա պատվիրատու չէ, նա չի վճարում:
Թեև անգամ Առաջին ալիքի դեպքում, երբ հեռուստաընկերությունն աշխատում է հարկատուներիս հաշվին, լրատվական հաղորդումները հատկապե՜ս կանխակալ են և իրականության հետ թույլ աղերսներ ունեն:
Ազգագրագետի խոսքը տեղայնացնելով՝ կարող ենք արձանագրել. եթերից, մամուլից, լրատվական կայքերից մեզ հասնող ինֆորմացիան պետք է ընդունենք որպես ԶԼՄ-ների բարի կամքի արտահայտություն, ժեստ, որը կարող էր և ավելի վատը լինել կամ չլինել:
Հետևաբար, զուտ հռետորական է հարցը, թե ժամանակ ունենու՞մ է լրագրողը հոդված գրելուց, ռեպորտաժ պատրաստելուց, հարցազրույց անելուց առաջ պատրաստվել, ՄՏԱԾԵԼ…
Շատ էական է լրագրողի անհատական մոտեցումը: Լրագրողը կարող է դուրս լինել համակարգից, եթե. ա) հարգում է իր մասնագիտությունը, բ) հարգում է այն մարդուն, որի ժամանակը խլում է՝ հրավիրելով զրույցի, գ) հարգում է իր արտադրանքը սպառող ընթերցողին կամ հեռուստադիտողին:
Գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը մի առիթով պատմեց, որ իր նոր լույս տեսած գրքի առիթով հրավիրվել էր Հանրային հեռուստաընկերություն՝ մասնակցելու ուղիղ եթերով հեռարձակվող առավոտյան հաղորդման: Լրագրողը հյուրին դիմավորելուց հետո խնդրել էր շտապ մի քանի խոսքով պատմել գրքի մասին՝ ի՞նչ գիրք է, ինչի՞ մասին, որպեսզի եթերում հարցերը, դիցուք, աէրոդինամիկայից չտա: Պարոն Չարխչյանը՝ տարակուսած, հրաժարվել էր մասնակցել հաղորդմանը և հեռացել էր:
Առհասարակ, զրուցակցին և ընթերցողին, հեռուստադիտողին հարգելու պրակտիկան դեռևս այնքան էլ ընդունված չէ:
Մի պարադոքս. որքան լրագրողը չի հարգում իր մասնագիտությունը, բոլորին իրենից հիմար է համարում, այնքան հավակնոտ է, բարդություն չունի տգետ ու գռեհիկ երևալու: Կարճ ասած՝ չի զգում տարբերությունը հիմարության և համարձակության միջև:
«Երկու ընկեր սեղանի շուրջ նստած թեյում են: Անակնկալ աղմուկը գրավում է նրանց ուշադրությունը: Լսվում են ձայներ. նախ՝ թախանձագին խնդրանք, ապա՝ թունդ հայհոյանք, քրքիջ:
– Ինչ-որ մեկին ծեծում են,- ասում է ընկերներից մեկը՝ պատուհանից դուրս նայելով:
– Հանցագո՞րծ է: Մարդասպա՞ն: Լսի՛ր, ով էլ լինի, չպետք է թույլ տալ նման հաշվեհարդար: Գնանք բարեխոսենք նրա համար:
– Մարդասպանի՛ չեն հարվածում:
– Մարդասպան չէ: Ուրեմն գո՞ղ է: Միևնույն է, գնանք փրկենք նրան ամբոխից:
– Գո՛ղ էլ չէ:
– Գող չէ՞: Ուրեմն գանձապահի՞, երկաթուղայինի՞, ռազմական առաքիչի՞, ռուս մեկենասի՞, խմբագրի՞, փաստաբանի՞, հանրային բարեգործի՞… Ամեն դեպքում, գնանք նրան օգնելու:
– Ո՛չ: Ծեծում են …թղթակցի:
– Թղթակցի՞: Դե՜, գիտե՞ս ինչ: Նախ՝ արի ավարտենք մեր թեյը»:
Իվան Տուրգենևն իր այս արձակ բանաստեղծությունը՝ «Թղթակիցը», գրել է 1878թ.-ին:
Փոխվե՞լ է վերաբերմունքը լրագրողների հանդեպ 140 տարի անց:
Իմ եզրակացությունն այն է, որ եթե տարօրինակ զուգադիպությամբ կրկնվի տուրգենևյան արձակ բանաստեղծության սյուժեն, այսօր ևս շատերը կնախընտրեն նախ իրենց թեյը խմել…
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: