2015.12.24,

Քննադատ

Գովազդանման ու փիարային նյութերը մեր լրագրության քիլլերներն են

Դիկտոֆոնային լրագրության (եկա, ձայնագրեցի, սղագրեցի, նույնությամբ տվեցի) մի նոր տեսակ է (եկա, ձայնագրեցի, սղագրեցի, միայն դրական տեղերն իրար միացրի, մի քանի դրական բնութագրիչ էլ ես ավելացրի, տվեցի)

Միլիոն դոլարանոց հարց ունեմ. ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանում հեռուստատեսային ռեպորտաժները մեկը մյուսի հետևից սկսում են վերածվել քարոզչության կամ գովազդի: Թվում է, թե իրադարձություն է լուսաբանվում, բայց արտադրանքը դառնում է ոչ թե լրագրողական, այլ քարոզչական կամ փիարային:

Ուշադիր հեռուստադիտողը տեսած կլինի տարբեր հեռուստաալիքներով նույն օրը կամ նույն օրերին հեռարձակված՝ գրեթե նույն սյուժեով, «նույն գործող անձանցով» (լրագրողական ժարգոնով ասած՝ նույն «սինխրոնչիներով») ռեպորտաժներ, որոնց ենթատեքստը սա է՝ էս ինչ լավ են աշխատում պետական մեր հիմնարկն ու նրա շեֆը, կամ՝ «… ա վ օսնովնոմ վսյո խորոշո, պրեկրասնայա մարկիզա»: Անգամ լրագրությանն անտեղյակ մարդը կարող է կասկածներ ունենալ, որ այս ամենը տեսագրվում է նույն տեղում եւ նույն հիմնարկի ջանքերով:

Պրոֆեսիոնալ լրագրության հետ անհամատեղելի է նաեւ այն, որ լուրերի ժամանակ առևտրային գովազդ հիշեցնող ռեպորտաժներ են հեռարձակվում: Այստեղ էլ շատ դեպքերում «սինխրոնչիները» նույնն են, տեքստերն ու կադրերն են մի քիչ տարբեր: (Առայժմ խոսենք միայն պրոֆեսիոնալիզմի և ոչ թե օրենքների տեսանկյունից):

Փիար պաշտոնյանե՞րն են Հայաստանում շատ հզոր, այնքան պրոֆեսիոնալ, որ կարողանում են խորտակել լրատվամիջոցների մասնագիտական զգոնության պատնեշները: Ամեն դեպքում, փիարշչիկների պարտքն է դա, նրանք աշխատավարձ են ստանում միմիայն նրա համար, որպեսզի գովաբանեն, գովազդեն իրենց հիմնարկը, բրենդը, ապրանքատեսակը կամ կուսակցությունն ու ղեկավարին: Իսկ լրագրության խնդիրն է չտրվել, չենթարկվել փիարշչիկների մատուցածին, դրանից քաղել մերկ տեղեկությունը, եթե կա. երբեմն՝ գնալ այդ տեղեկության հետքերով, ստուգել, ճշտել, լրացնել, բազմակողմ դարձնել:

Հակառակ դեպքում, գովազդի անունը պետք է դնել գովազդ, հիմնարկի անունը՝ գովազդատու, վերջինս պետք է դրա համար վճարի լրատվամիջոցին, իսկ նա էլ դա պետք է տեղադրի լրատվական թողարկումից դուրս:

Ոմանք կասեն՝ ամեն լուսաբանում էլ իրադարձության փիար է վերջին հաշվով, և շատ դժվար է տարանջատել, թե որտեղ ավարտվեց լրատվությունն ու որտեղ սկսվեց փիարը: Գուցե: Բայց մեզ հիմարի տեղ չդնենք, դա վերաբերում է շատ նուրբ իրավիճակների, երբ լրագրողն, իրոք, ոսկերչի կշեռքի ճշգրտությամբ փորձել է լուսաբանել զուտ իրադարձությունը, սակայն այն ամբողջական նկարագրելու ճանապարհին անխուսափելի է եղել տվյալ հիմնարկը, բրենդն, ապրանքատեսակը նշելը:

Օրերս հեռարձակված մի թարմ օրինակ բերեմ, որն էլ հենց այս խնդրին անդրադառնալու առիթ դարձավ: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե որ հեռուստաընկերության լուրերով է հնչել այն. լրատվական թողարկումների հայաստանյան եթերում այս հարցում բացառություններ գրեթե չկան: Հղումը չտեղադրելով և անուններ չտալով, որպեսզի թեկուզ գովազդանման տեղեկատվությունն ինքներս էլ չտիրաժավորենք, փորձենք ռեպորտաժի բովանդակությունը քննարկել:

Իրադարձությունն այն է, որ Հայաստանի քաղաքներից մեկում բացվել է ձկան խանութ: Ռեպորտաժում բոլոր անունները կոնկրետ տրված են, նշվում է նույնիսկ խանութի հասցեն: Թղթակիցը խանութի՝ սպասվող առավելությունները և գնահատականները ներկայացնում է անձամբ իր անունից՝ չնայած գոնե այդ դեպքում չի նշում՝ ինքը ստուգե՞լ է, փորձե՞լ է, թե՞ իրեն այդ ամենի մասին պատմել են խանութում. «Այստեղ ներկայացված է էկոլոգիապես մաքուր ձկնամթերք, որն առանձնանում է բարձր որակով և կատարյալ համով: «…» ձկան տունն առաջին ձկան fast food-ի կենտրոնն է, որից օգտվել խորհուրդ են տալիս նաև մասնագետները: Սնունդը պատրաստվում է արագ ու չի պարունակում վնասակար բաղադրիչ ու հավելում»:

Ռեպորտաժի այս և մյուս ձևակերպումները, մեղմ ասած, ոչ միայն գովաբանում են նորաբաց խանութը, այլև լրագրողը և նրա հեռուստաալիքն իրենց վրա են վերցնում ապրանքի ու ծառայությունների մատուցման որակի համար պատասխանատվությունը: Մինչդեռ գովազդի դեպքում բովանդակային պատասխանտվությունը գովազդատուինն է:

Մի առանձին թեմա է համատարած փիարային լրագրողական ոճը: Թղթակիցներ կան, որ ինչ իրադարձություն էլ լուսաբանեն, իրենց մասնագիտական «ստանոկի» տակից միմիայն փիարային գովեստախոսություն է դուրս գալիս: Դիկտոֆոնային լրագրության (եկա, ձայնագրեցի, սղագրեցի, նույնությամբ տվեցի) մի նոր տեսակ է (եկա, ձայնագրեցի, սղագրեցի, միայն դրական տեղերն իրար միացրի, մի քանի դրական բնութագրիչ էլ ես ավելացրի, տվեցի):

Ուրեմն, ինչու՞ է Հայաստանում լրագրողական իրական պրոդուկտի փոխարեն ավելի ու ավելի տարածվում «փիարային լրագրությունը», որը պրոֆեսիոնալիզմի հետ ոչ մի աղերս չունի: Միայն թե չասեք՝ հայկական մտածելակերպի արդյունք է՝ «իրադարձության մասին՝ կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»: Այսպես ոչ միայն իրադարձությունն ենք սպանում, այլև ընդհանրապես լրագրողի մասնագիտությունը:

Ռուզան Խաչատրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *