Եթե դատարանում ապացուցված չէ մարդու մեղքը, և լրագրողն իր աչքով չի տեսել, իր տեսանկարահանող սարքով չի ֆիքսել արարքը, ուրեմն չպետք է այդ արարքի մասին խոսի որպես իսկապես տեղի ունեցած բանի մասին
«BBC-ն խուսափում է «ահաբեկիչներ» անվանել Իսլամական պետության մարդասպաններին». բրիտանական մեկ այլ լրատվամիջոց՝ Daily Mail-ն է օրերս անդրադարձել խնդրին՝ պնդելով, որ BBC-ի կորպորացիոն ներքին կանոնադրությունն արգելում է իր եթերում ԻՊ-ի անդամներին անվանել «ահաբեկիչ»: Պատճառը՝ որպեսզի այնպես չստացվի, թե լրատվամիջոցն իրեն դատավորի դեր է վերագրել, հատկապես երբ «ահաբեկչությունը» դժվար գնահատելի և, մյուս կողմից, գնահատական պարունակող հասկացություն է:
Ըստ նույն աղբյուրի, «ահաբեկիչ» բնորոշման փոխարեն BBC-ն իր լրագրողներին կարգադրել է գործածել «զինյալ» բնորոշումը, իսկ կոնկրետ ու ակնհայտ գործողությունների դեպքում՝ «պայթյունն իրականացրածը», «հարձակում գործածը», «առևանգիչը» և այլն:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ (թե Պահպանողականներից, և թե Լեյբորիստներից) Daily Mail-ի հետ զրույցում ասել են, որ հանրային հեռարձակող BBC-ն պետք է «իրերն իրենց անունով կոչի», «… հատկապես այն դեպքում, երբ հենց Իսլամական պետությունն ինքը չի թաքցնում իր ահաբեկչական բնույթը և նույնիսկ իր այցեքարտն է դարձրել դա»:
Daily Mail-ի պնդմամբ, BBC-ի ներսում որոշ լրագրողներ այս քաղաքականությունից դժգոհել են հատկապես Փարիզի վերջին ահաբեկչությունից հետո, որն իրագործվել է բազմաթիվ մարդկանց աչքի առջև, և որի հետևանքը միլիոնավոր մարդիկ տեսել են:
Սա մարսելու լավ նյութ է հայաստանյան այն լրատվամիջոցների համար, որոնք նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշում հատուկ գործողության ժամանակ ձերբակալվածներին իրենց նյութերում անվերապահորեն անվանեցին ահաբեկիչներ: Օրինակ, այսպիսի վերնագիր կար. «Ձերբակալված կին տեռորիստներից մեկի լուսանկարը»: Այս առիթով հարուցված գործն անգամ չի վերաբերում ահաբեկչությանը (հանցավոր համագործակցության ստեղծում կամ մասնակցություն, ապօրինի զենք-զինամթերք…):
Ձերբակալվածների անմեղության կանխավարկածը հարգելու կոչեր նման լրագրողներին, իհարկե, եղան սոցմեդիայում: Բայց որքան հասկանում եմ, որոշ լրագրողների դեպքում խնդիրը ոչ թե այդ կանխավարկածը չհարգելու դիտավորությունն է, այլ պարզապես չիմացությունը, թե ինչպես պետք է տեղեկությունը հաղորդել, որպեսզի չխախտվի մարդու անմեղության կանխավարկածը:
Ոմանք նույնիսկ վրա էին տալիս՝ ի՞նչ անմեղության կանխավարկած, չտեսա՞ք ինչքան զենք էին հավաքել, որ մի օր էդ ամենը գործի դնեին, լա՞վ կլիներ: Դե արի ու բացատրիր, որ ասածդ բոլորովին ուրիշ բան է, և այդ բանը թե Սահմանադրությունն է ամրագրում, թե Քրեադատավարական օրենսգիրքը, և թե ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի էթիկան. մարդն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցող ուժի մեջ մտած դատավճիռ չկա:
Չիմացողներին ամենապարզ ձևն ասեմ. եթե դատարանում ապացուցված չէ մարդու մեղքը, և լրագրողն իր աչքով չի տեսել, իր տեսանկարահանող սարքով չի ֆիքսել արարքը, ուրեմն չպետք է այդ արարքի մասին խոսի որպես իսկապես տեղի ունեցած բանի մասին, և մարդուն հանցագործ ( գող, մարդասպան, ահաբեկիչ…) չպետք է անվանի:
Չգիտեմ, մեր բուհերում ապագա լրագրողներին ինչպե՞ս են բացատրում, թե որն է անմեղության կանխավարկածը, և ինչպես պետք է անել, որպեսզի իրենց նյութերում հանկարծ չխախտեն այդ իրավունքը, բայց մեկն ինձ այսպիսի բան հարցրեց այդ օրերին. « Որ ասում եք՝ դրանց անմեղության կանխավարկածը խախտում են լրագրողները, բա որ էդ բանդայի շեֆի շատ տկլոր տեղերը ադյալով փակել էին, էդ հերիք չէ՞ր»: Չեմ կարծում, թե ծաղրում էր:
Ինչի շուրջ են բանավիճում բրիտանացի լրագրողները, ինչի շուրջ՝ մենք…
Ռուզան Խաչատրյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: