2015.12.08,

Քննադատ

Լրագրողները՝ հումք քրեական գործերը հաստափոր դարձնելու համար

Ասենք, այս հանրաքվեից հետո բացատրություն տալու են կանչել «Առավոտի» նաեւ մի թղթակցի, որը հետեւել է դիտորդական կազմակերպությունների զեկույցներին, դրանցից ուշագրավ հատվածներ է առանձնացրել, եւ այդ կապակցությամբ մեկնաբանություններ է խնդրել պատկան մարմիններից

Կարո՞ղ եք գուշակել, թե ինչով է զբաղվում միջին վիճակագրական մի լրատվամիջոցի խմբագիրը քվեարկության հաջորդ օրը՝ նախորդ ողջ օրն անդադար աշխատելուց, գիշերն ուշ քնելուց եւ առավոտյան վաղ արթնանալուց հետո՝ աշխատանքը դարձյալ շարունակելու համար:

Լավ, առանց առաջարկելու, որ գուշակելու երեք փորձ անեք՝ միանգամից ասեմ ճիշտ պատասխանը: Խմբագիրը հիմնականում պատասխանում է զանազան իրավապահների հեռախոսազանգերին, որոնք մանրամասն ուսումնասիրելով տվյալ լրատվամիջոցի՝ քվեարկության օրը արված հրապարակումները՝ խնդրում են հավելյալ տեղեկություններ, բացատրություն տալու են հրավիրում տվյալ հրապարակումների հեղինակ լրագրողներին եւ այլն:

Կասեք՝ շատ էլ լավ են անում, բա ուրիշ ո՞նց պիտի պատժվեն ընտրակեղծարարները: Եվ լրագրողներն էլ, որպես օրինապահ քաղաքացիներ՝ պարտավոր են օժանդակել իրավապահներին՝ հանցագործությունների բացահայտման համար:

Ինքս էլ սկզբում այդպես էի մտածում: Ու անցած տարիների ամեն քվեարկությունից հետո պարտաճանաչ ներկայացել եմ իրավապահներին, նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն գրել եւ այլն: Չի եղել գրեթե ոչ մի ընտրություն, որից հետո ինձ հարցաքննած չլինեն, ու կարող էի գրական հերոս Ֆունտի նմանությամբ ասել. «Ես հարցաքննվել եմ միշտ: Ես հարցաքննվել եմ … Ազատարարի…. Խաղաղարարի…. Արյունարբուի օրոք»:  Կատակն ու բառախաղերը սակայն այսքանով ավարտենք:

Հիմա ես ամեն ինչ անում եմ, որ հնարավորինս շուտ օձիքս ազատեմ իրավապահներից:

Այսօրինակ՝ ի դեպ, լիովին հիմնավոր, հակափաստարկներ եմ ներկայացնում, թե հարգելիներս՝ մենք ձեզ հավելյալ նյութեր չունենք տալու, մենք ինչ ունեինք՝ հրապարակել ենք: Դուք ինչ է, լավ չե՞ք ճանաչում լրագրողներին՝ նրանք ինչ որ նման նյութ ունենան ու չհրապարակեն՝ ուղղակի կթունավորվեն:

Կամ՝ ձե՞զ ինչ պիտի տա լրագրողի հարցաքննությունը, եթե ինքը միջադեպի «սուբյեկտը» կամ գոնե ականատեսը չէ:

Ասենք, այս հանրաքվեից հետո բացատրություն տալու են կանչել «Առավոտի» նաեւ մի թղթակցի, որը հետեւել է դիտորդական կազմակերպությունների զեկույցներին, դրանցից ուշագրավ հատվածներ է առանձնացրել, եւ այդ կապակցությամբ մեկնաբանություններ է խնդրել պատկան մարմիններից: Հիմա քննիչն ասում է՝ թող գա ու պարզաբանի իր հրապարակման մեջ նշված հանգամանքները: Ասում եմ՝ ախր այդ հանգամանքներն ինքը չի բացահայտել, այլ տվյալ դիտորդական կազմակերպությունը, ու սկզբնաղբյուրն էլ նյութի մեջ նշված է: Քննիչը չի հանձնվում՝ ոչինչ, թող գա եւ ամրագրենք…

Այսինքն՝ այս եռուն օրերին, աշխատելու փոխարեն, լրագրողները հարկադրված պետք է լինեն թղթեր լրացնել քննիչների առանձնասենյակներում: Գործընթաց, որ որպես կանոն տեւում է երկուսից-երեք ժամ:

Ու ամենակարեւորը՝ նախորդ իմ ողջ փորձը վկայում է, թե սրանք ապարդյուն վատնված ժամեր են: Նյութերի նախապատրաստման փուլից հետո քրգործ չի հարուցվում՝ ինչ-որ պատրվակ գտնում են կամ կասեցնելու, կամ որեւէ այլ ձեւով ընթացք չտալու համար:

Փոխարենը նաեւ լրագրողների ցուցմունքներով հաստափոր դարձող քրեական գործի թղթապանակները լավ առիթ են իրավապահներին՝ միջազգային կազմակերպություններին կամ ընտրակեղծարարներին բացահայտելու ու պատժելու պահանջներով այլ հանդես եկողներին աշխատանքի ծավալ ցույց տալու համար: Հաստափոր, բայց փուչ ծավալ:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *