2015.12.01,

Քննադատ

Ոչ ոք չէր ուզում լուսաբանվել

Ընդդիմադիրների պարբերական մերժումների պատճառով դիտարկման ներքո գտնվող եթերում հավասարակշռություն ապահովելու պարտավորություն ունեցող գործընկերներս այնպիսի բարդ կացության մեջ են երբեմն հայտնվում, որ անգամ հարկադրված են լինում այլ լրագրողների դիմել «ոչ»-ի դիրքերից հանդես գալու խնդրանքով

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզարշավն աննախադեպ է Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում եղած բոլոր ընտրություններին նախորդած գործընթացների առումով:

Առաջին անգամ է, որ քարոզարշավում ներգրավված ուժերից ոչ մեկը՝ բացառությամբ «Նոր Հայաստանի», չի հրապարակել իր հանդիպումների ժամանակացույցը, և լրագրողները հնարավորություն չունեն տեղում տեսնելու, թե մարդիկ ինչպես են վերաբերվում «այո» և «ոչ» քարոզողների փաստարկներին:

Եթե այսքան հակադիր ուժեր ընտրած չլինեին նույն մարտավարությունը, կասկած կառաջանար, թե անգամ նույն կենտրոնից է հրահանգվել, որ մարզեր գնան առանց լրագրողների, իսկ վերջիններիս էլ որպես պարզաբանում ներկայացնեն ճիշտ նույն փաստարկը, թե երբ առանց տեսախցիկների են զրուցում մարդկանց հետ, նրանք ավելի անկեղծ են: Ինչպիսի գյուտ, որի համար պահանջվեց ընդամենը երկու տասնամյակ:

Սակայն այս պայմաններում ի՞նչ հիմք ունեն լրագրողները հավատալու «ոչ»-ի այն քարոզիչներին, որոնք պնդում են, թե իրենց բազմաթիվ հանդիպումների ընթացքում չեն հանդիպել որևէ «այո»-ի կողմնակցի: Եվ հակառակը՝ ոչ էլ «այո» քարոզողներին հավատալու հիմք կա:

Մեր լրագրողական հարցումները, որոնք չեն հավակնում սոցիոլոգիական հետազոտության դափնիների, ցույց են տալիս, թե առավել մեծաքանակ են փաստաթղթին անծանոթ և ուղղակի անտարբեր մարդկանց շարքերը:

Այս քարոզարշավն աննախադեպ է նաև այն առումով, որ կարծես թե առաջին անգամ ընդդիմությունը հնարավորություն չի ունենա բողոքելու, թե զրկված է եղել հեռուստաեթերից: Իհարկե, հայտնի է «Երևանի մամուլի ակումբ»-ի հանրաքվեի քարոզչության լուսաբանման դիտարկման բացահայտումներից մասնավորապես այս մեկը, որ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչները երկու շաբաթվա ընթացքում հետազոտված հաղորդումներում ընդհանրապես եթերաժամանակ չեն ստացել:

Սակայն նախ միջանկյալ նկատենք՝ ակնհայտ է, որ «Չեք անցկացնի»-ն ուղղակի փորձ էր քաղաքացիականի «սոուսի» ներքո մատուցել քաղաքական, կարելի է անգամ ասել՝ զուտ կուսակցական նախաձեռնությունը:

Եվ բնավ պատահական չէր, որ «Ոչ»-ի հոկտեմբերի 30-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «մավրը արեց իր գործը…» ոճով բացահայտ հայտարարեց. «Չեք անցկացնի» նախաձեռնությունը կատարեց շատ կարևոր գործ և դեռ շատ գործ ունի անելու: Իրենք իսկապես կարողացան մեծ ներդրում ունենալ և՛ քաղաքական ուժերի համախմբման և քաղաքացիական նախաձեռնությունների, և՛ հասարակական կազմակերպությունների համախմբման գործում: Նրանք կարողացան կազմակերպել շատ լուրջ հանրահավաքներ: Բայց ժամանակն է, որ հանրահավաքային պայքարի գործի մեջ մտնեն նաև քաղաքական ուժերը»:

Եվ բացի այդ՝ հայտնի է նաև «Երևանի մամուլի ակումբ»-ի դիտարկման բացահայտումներից մյուսն էլ՝ մեջբերում ենք ԵՄԱ ամփոփագրից. «Որքան էլ «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում են հեռարձակվող լրատվամիջոցներում իրենց երևալու հնարավորություններից, այնուամենայնիվ, ԵՄԱ հետազոտության երկու փուլերում էլ (հոկտեմբերի 26 – նոյեմբերի 19) խմբագրական եթերաժամանակի գումարային ամենամեծ ծավալը հակադիր ճամբարից հենց ՀԱԿ-ինն է: Նրան հետևող «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները, հետազոտված հեռուստաալիքներում նույնիսկ երկուսին տրամադրված ժամանակի գումարով, էականորեն հետ են մնում ՀԱԿ-ից»:

Հավելենք՝ հեռարձակվող լրատվամիջոցներում իրենց երևալու հնարավորություններից, քարոզարշավի վճարովի եթերաժամի բարձր սակագներից ու բովանդակային մոնտաժից պարբերաբար դժգոհողները հրաժարվեցին աննախադեպ առաջարկից՝ քսան օր շարունակ ուղիղ և անվճար եթերի հնարավորությունից հեռարձակվող երկու ալիքներով:

Բայց էլի շարունակում էին դժգոհել՝ մասնավորապես այսպիսի արտառոց փաստարկներ ներկայացնելով. «Իհարկե, նրանք երազում էին, որ «ոչ»-ի ձևաչափը ներկայացնող ուժերից հնարավորինս ազդեցիկ մարդիկ ներկայանային, և բոլորին դիմել են, բայց այդպես էլ որևէ մեկի կողմից դրական պատասխան չեն ստացել և ստիպված են եղել «ոչ»-ը լրացնել հասարակությանն անհայտ դեմքերով»:

Սա ասել է «Չեք անցկացնի» նախաձեռնության երիտասարդ ու գոնե դեռևս ոչ այնքան հանրահայտ անդամը մի իրապատումի մասին, որում «ոչ»-ը ներկայացնում են, ասենք, Խորհրդային շրջանի հայ ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը, Հայաստանի ամենաերկարամյա վարչապետերից մեկը:

Ընդդիմադիրների պարբերական մերժումների պատճառով դիտարկման ներքո գտնվող եթերում հավասարակշռություն ապահովելու պարտավորություն ունեցող գործընկերներս այնպիսի բարդ կացության մեջ են երբեմն հայտնվում, որ անգամ հարկադրված են լինում այլ լրագրողների դիմել «ոչ»-ի դիրքերից հանդես գալու խնդրանքով (ինքս երկու անգամ ստացել եմ նման առաջարկներ):

Եվ ամփոփելով նշենք, որ այս քարոզարշավում իրենց հանդիպումները լուսաբանել չցանկացողներից հետ չի մնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Իր նիստերի, դրանց օրակարգերի մասին հաղորդագրությունը ԿԸՀ-ն ուղարկում է դրանցից ընդամենը մի քանի ժամ առաջ, թեև հաստատ դրանք հանկարծաստեղծ ու հրատապ նիստեր չեն:

Հաշվի առնելով, որ ԿԸՀ նիստերի առցանց հեռարձակումն էլ է ոչ միշտ գործում՝երևի թե նրանք էլ են «այո» և «ոչ»-ի կողմնակիցների պես նախընտրում, որ ԶԼՄ-ները մնան քննարկումների վերաբերյալ իրենց վերաշարադրանքի հույսին:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *