Արտակարգ լուրը արտակարգ ձեւավորում ստացավ: Ու ակամայից Հայաստանը դրեց միջազգային համատեքստում, քանի որ «տեռորիզմը» միջազգային մեդիայի ամենատարածված ու սարսափ տարածող բառն է
Նոյեմբերի 25-ին Երեւանը հայտնվեց արտակարգ լուրի ազդեցության տակ:
Կայծակնային արագությամբ ու բազմաթիվ հարցականներով տեղեկություն տարածվեց, թե Երեւանի առանձնատներից մեկում զինված հանցավոր խումբ է հայտնաբերվել, վնասազերծվել ու տեղափոխվել մեկուսարան:
Առաջինը լուրը հայտնեց Հայաստանի ուժային կառույցների աշխատանքին մշտապես ծանոթ ու մշտապես լուսաբանող լուսանկարիչը, որն իր անվան կայքում գրեց, թե ԱԱԾ-ի ու Ոստիկանության աշխատակիցները «վնասազերծել են մինչեւ ատամները զինված 10 քաղաքացու. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք»: Հիշատակվեց նաեւ «լուրջ եւ մեծ հանցագործության» մասին:
Հետո արդեն այդ լուրը հիմնավորում ստացավ Ազգային անվտանգության ծառայության կողմից, որտեղ նշվեց, թե «հանցավոր խումբը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ»:
«Լուրջ», «մեծ» կամ «ծանր» հանցագործությունները սահուն կերպով տարբեր մեդիա մատուցմամբ դարձան «տեռորիստական գործողություններ» եւ «ահաբեկչություն»:
Առաջին իսկ հրապարակման մեջ (shamshyan.com) գրվեց. «Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վանասազերծվածները նախատեսել էին տեռորիստական գործողություններ կատարել մայրաքաղաքում»:
Հետո 1in.am-ը հայտնեց, թե «Երեւանում բացահայտված ահաբեկչական հանցախումբը կապ է ունեցել ընդդիմադիր ուժերից մեկի հետ», իսկ խմբի կազմում եղել են սփյուռքահայեր, նաեւ երեք աղջիկներ:
Այն պնդումը, թե նախատեսվում էին «տեռորիստական գործողություններ», 168.am-ը վերնագիր դարձրեց:
Արտակարգ այս լուրն իր էությամբ թե՛ նախապատմություն, թե՛ շարունակություն էր պահանջում, քանի որ բացարձակ անհայտ էր, թե իրականում ովքեր ու ինչի համար են «վնասազերծվել»: Եվ ի՞նչ տեռորիստական գործողությունների մասին է խոսքը (միջազգայի՞ն, թե՞ ներպետական):
Անհայտությունը տագնապ է ծնում ու է՛լ ավելի խորանում, երբ մարդիկ սկսում են խոսել ու մտահոգվել «Տեռորիստները Հայաստանում» թեմայով լուրեր կարդալիս ու սպասելիս:
Շոկի մեջ հայտնված լսարանի համար մեդիան աշխատեց ծայրաստիճան անփույթ: Արտակարգ լուրը արտակարգ ձեւավորում ստացավ: Լրահոսում հայտնվեցին հրապարակումներ, որտեղ ասվում էր, թե հանցագործները ոչ թե սոսկ արտասահմանցի, այլ սիրիացիներ էին, բայց հայերեն խոսել գիտեին:
Պատերազմող Սիրիայի ու հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների լարման պայմաններում Հայաստանի ԱԱԾ-ի օպերացիան հնչեց որպես հրավեր՝ տարբեր մութ վարկածներ առաջ քաշելու ու ահաբեկող մթնոլորտ ստեղծելու համար:
Արժե հիշել նաեւ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը, որը արվել է Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռը կործանելուց հետո: «Մեզ թիկունքից հարվածեցին ահաբեկիչների հանցակիցները»,- հայտարարել էր ՌԴ նախագահը:
Ու ակամայից Հայաստանը հայտնվեց միջազգային համատեքստում, քանի որ «տեռորիզմը» միջազգային մեդիայի ամենատարածված ու սարսափ տարածող բառն է: Այդ բառը միաժամանակ Սիրիայի, Թուրքիայի, Փարիզի, Ռուսաստանի եւ այժմ էլ Հայաստանի հետ է ասոցացվում: Այսպես ասած՝ որ մեր ուշադրությունը չթուլանա, ու զգոն լինենք:
Մանավանդ, որ գրեթե բոլոր խոշոր հայաստանյան կայքերը դեպքի վայրից առանձնատան ինտերիերի ու մեկուսարան տարվող անձանց լուսանկարները անարգել տարածեցին ողջ օրվա ընթացքում:
Փաստորեն, Ազգային անվտանգության ծառայությունը դա թույլ տվեց՝ զգոնության ու տագնապի շրջանակները գծելով մեդիայի հետ:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: