Հայաստանում հաստատուն կերպով աճում է Instagram-ը
Սոցիալական ցանցերը շարունակում են դիրքավորվել հայաստանյան ցանցում։
Այսօր ամենաայցելվող կայքերի եռյակում հենց սոցիալական ցանցերն են՝ Odnoklassniki-ն, Facebook-ը, YouTube-ը:
Բացի այդ՝ սոցիալական ցանցերը հիմնական տեղեկատվական հարթակներն են։
Վերջին տարիներին սոցիալական ցանցերը երկու ճյուղով են զարգացել Հայաստանում․ ամենաայցելվողը միշտ եղել է Odnoklassniki-ն, իսկ ամենաազդեցիկը տեղեկատվական, հասարակական, քաղաքական տեսանկյունից՝ Facebook-ը։ Սակայն հիմա պատկերը սկսում է փոխվել։
Facebook-ի ամսական լսարանը 2015 թվականի աշնանը հասնում է 860 000-ի։ Այս թիվը շարունակում է աճել՝ չնայած, որ աճը բավականին դանդաղել է։ Օրինակ, սեպտեմբերին այս թիվը հասնում էր 850 000-ի, այսինքն՝ երկու ամսվա մեջ աճը կազմել է ընդամենը տասը հազար ակտիվ օգտատեր։ Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Facebook-ում Հայաստանից ակտիվ օգտատերերի թիվը 740 000 էր:
Odnoklassniki-ն իր հերթին կորցնում է լսարանը։ Եթե 2015 թվականի սկզբին Հայաստանից այցելուների թիվը մեկ ամսվա կտրվածքով գերազանցեց մեկ միլիոնը, ապա հիմա տատանվում է 880-890 000 սահմաններում, եւ եթե տենդենցը շարունակվի, ապա Odnoklassniki-ն շուտով կզիջի իր դիրքերը Facebook-ին։
Odnoklassniki-ի այցելությունները Հայաստանից ամսական կտրվածքով՝
ըստ Liveinternet տվյալների
Ըստ Similarweb.com տվյալների՝ Հայաստանից ամենաայցելվող կայքերի եռյակը եզրափակում է YouTube սոցցանցը։
Այս ցանցում ակտիվությունն, անկասկած, աճում է։ Սակայն հետաքրքիր միտում կա։ Ըստ Google Transparency Report-ի տվյալների՝ Հայաստանից YouTube-ի դիտումները, համեմատած համաշխարհային թրաֆիքի հետ, վերջին տարում անկում են ապրում։
2015 թվականի ընթացքում երկու կտրուկ աճ կարելի է նկատել․ մեկը համընկնում է Գյումրիում սպանության հետ, մյուսը՝ #ElectricYerevan-ի։ Այլ դեպքերում Հայաստանից այցելությունները չեն հասցնում համաշխարհային թրենդերին։ Այստեղ կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն, կարծում եմ, որ բացասական ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում դեռ նոր է ձեւավորվում անհատների կողմից ստեղծվող YouTube-յան բովանդակությունը, կա ընդամենը մի քանի յություբերների հաջող նախագիծ, հիմնական բովանդակություն արտադրողները լրատվամիջոցներն են։
Ըստ Google Transparency Report-ի տվյալների՝ Հ
այաստանից YouTube-ի դիտումների բաժինը՝ համեմատած համաշխարհային թրաֆիքի հետ
Եթե դիտարկենք մնացած ակտիվ սոցցանցերը, ապա այստեղ խնդիրն այն է, որ հստակ վիճակագրական տվյալներ չկան։ Ըստ VKontakte-ի տվյալների՝ Հայաստանից մոտ մեկ միլիոն օգտատեր է գրանցված այստեղ։ Սակայն օգտատերերի ակտիվությունը շատ դժվար է գնահատել։ Կայքն ամենաայցելվողներից է Հայաստանից, բայց, կարծում եմ, պատճառը հիմնականում «պիրատային» բովանդակությունն է․ օգտվողները գերադասում են ֆիլմ նայել եւ երաժշտություն լսել, քան թե շփվել։
Հայաստանում հաստատուն կերպով աճում է Instagram-ը։ Ըստ Similarweb.com-ի տվյալների՝ Հայաստանից այցելուների թվով այն արդեն 15-րդ տեղում է ու, ճիշտ է, դանդաղ, բայց բարձրանում է վերեւ։ Փոփ աստղերի եւ շոու բիզնեսի ներգրավվածությունն այստեղ այնքան մեծ է, որ կարելի է միանշանակ ասել՝ Instagram-ի ազդեցությունը Հայաստանում մոտ ժամանակներում միայն աճելու է։
Twitter-ն արդեն թույլ է տալիս Հայաստանից գովազդ տեղադրել. սա միակ որակական փոփոխությունն է վերջին ամիսների ընթացքում։ Քանակական լուրջ փոփոխություններ դեռ չկան․ ցանցն ունի փոքրաթիվ, բավականին դանդաղ աճող, բայց անգլերեն հատվածում ազդեցություն ունեցող համայնք։
Սամվել Մարտիրոսյան