Հայաստանի միջազգային կերպարը կարծես թե մեր բոլորի հոգսն է։ Մենք վիրավորվում ենք, որ շատ արտասահմանցիներ հայոց պատմությանը ծանոթ չեն, ոմանք էլ նույնիսկ մեր երկրի տեղը չգիտեն։ Ընդ որում՝ իմ տպավորությամբ՝ ավելի շատ կարեւորում ենք մեր պատմության, քան աշխարհագրական դիրքի իմացությունը։
Հավանաբար, այդ հավաքական ջանքերն էլ հենց սկսել են արդյունք տալ։
Վերջերս «Գուգլ»-ում Armenia մուտքագրեցի, բայց, դեռ հաջորդ բառը չսկսած, աջ կողմում սիրալիր ձեւով բացվեց էկրան, որտեղ ներկայացված էր մեր երկրի քարտեզը, դրոշը, 10 տեսարժան վայրի պատկերներ։ Կան նաեւ հանրագիտարանային համառոտ տեղեկություններ, այդ թվում հայկական արժույթի, ավելի ստույգ՝ արժույթների մասին։
Ահա այդ տողը. Currencies: Noah’s Ark silver coins, Armenian dram։ Այսինքն՝ «Արժույթներ. Նոյյան տապանի արծաթե մետաղադրամներ, հայկական դրամ»։
Ես մտածեցի, որ Վիքիպեդիայում, որը նյութի հավանական աղբյուրն է, հայկական արժույթների թվում նշված են նաեւ նրանք, որոնք օգտագործվել են նախկինում։ Ստուգեցի, այդպես չէր։
Համեմատեցի ուրիշ պետությունների հետ. հակառակի պես մի դեպքում արժույթը նշված չէր, մյուս դեպքում նորելուկ երկիր էր, որ հենց այդ մի արժույթ էլ ունեցել էր։
Երբ վերջապես գրեցի՝ Germany, պարզվեց, պատկերը Հայաստանից տարբեր է՝ ոչ մի հիշատակություն մարկի մասին։ Գրված է միայն. Currency: Euro. «Արժույթը՝ եվրո»…
Այսինքն՝ «Գուգլ»-ի միջոցով ինչ-որ մեկը կատակ է արել, ըստ ամենայնի. եթե հայերդ այդքան հին ժողովուրդ եք, եթե Նոյյան տապանն էլ Արարատի գագաթին է իջել, հավանաբար, մինչեւ հիմա էլ նրա արծաթե լումաներն են շրջանառում Արարատյան երկրում։
Մտածեցի՝ պետք է գրել «Գուգլ»-ին թյուրիմացության մասին, բայց ինձ հետ պահեց երկու բան։
Նախ՝ ափսոս է փարատել այն մարդկանց ռոմանտիկ մոլորությունը, ովքեր, տեղեկությունը կարդալով, կկարծեն, թե աշխարհում դեռ կա մի տեղ, ուր առեւտուրը կատարվում է Նոյ նահապետի արծաթե դրամներով… տղամարդիկ նետ ու աղեղով են հայթայթում իրենց խորովածի միսը, իսկ կանայք էլ նույն ժամանակ արմտիք են ժողովում, որ «զակատ» անեն։
Ապա՝ «Նոյյան տապանի արծաթե մետաղադրամներ» իրոք գոյություն ունեն, միայն թե դրանք արժույթ, վճարային միջոց չեն, այլ հուշադրամ, որ զուտ ներդրումային նշանակություն ունեն, եւ «Գուգլի» հիշատակությունը կնպաստի գնի բարձրացմանը։
Բայց կար նաեւ մի երրորդ հանգամանք՝ «Գուգլ» որոնողական համակարգն ունի հսկայական տարածում, եւ միգուցե այսպիսի դեպքերում արժի, որ լուրջ քննարկման արդյունքում կատարվի ցանկացած էական փոփոխություն։ Ինչ ասիք։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: