2015.07.29,

Քննադատ

Փոքրիկ խորհուրդ երիտասարդ (կամ ոչ այնքան երիտասարդ) աշխատանք փնտրող լրագրողներին

«Առավոտ»-ում չունենք թափուր աշխատատեղեր: Բայց աշխատանքի մրցույթի հայտարարության բացակայությունը խոչընդոտ չէ, որ շաբաթվա ընթացքում էլեկտրոնային փոստով առնվազն մի քանի CV (Curriculum vitae) չստանանք:

Այն տարբեր կերպ են վերնագրում՝ է՛լ ինքնակենսագրություն, է՛լ ռեզյումե, է՛լ անձնական տվյալներ, իսկ մեկն ուղղակի գրել էր. «Ձեզ եմ ուղարկում իմ տեղեկատվական ամփոփագիրը»:

Մեծ մասը, անտեսելով, որ հայկական ԶԼՄ է ուղարկում այդ փաստաթուղթը, նախընտրում է օտար լեզուները, գերազանցապես անգլերենը: Ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ այն պատրաստվել է այլ «թիրախային լսարան» նկատի ունենալով, բայց դե ձեռքի հետ մեզ էլ են ուղարկել:

Այդ CV-ներն աչքի անցկացնելով՝ երբեմն խորին պատկառանք ու ակնածանք ես զգում: Ասենք, 20 տարեկան աղջիկը գրում է, որ ինքը քաղաքագետ է: Կամ 1993 թվականին ծնված մեկն իր մասին գրում է. «Степень магистра мировой политики»:

Երբեմն զարզանդում ես, երբ «աշխատանքային փորձ» բաժնում կարդում ես, որ համագործակցել ցանկացողը եղել է, ասենք, «Լրատվական կայքերի վերահսկող»:

Մեկ-մեկ մտածում ես՝ ինչպիսի՞ տպավորություն գործելու կամ հաջողության ի՞նչ ակնկալիք է ունեցել աշխատանք փնտրողը, որ այս առաջին հայտում գրել է, թե իր անձնական հետաքրքրություններից է ճապոնական ավանդական երաժշտությունը: Ի՞նչ, ենթադրում է, թե մենք նման առանձին բաժի՞ն ունեք:

Իսկ այն մյուսը, որ գրում է, թե «Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժման» անդամ է, ենթադրում է, թե լրագրողական աշխատանքում պե՞տք կգան վրան խփելու եւ սկաուտական այլ ունակությունները:

Ինչու՞ եք մեզ գրում, թե հրատարակել եք բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ լրագրո՞ղ եք ուզում աշխատել, թե՞ ենթադրում եք, որ ԶԼՄ-ներում բանաստեղծի առանձին հաստիք կա:

Շատ է ավելորդ տեղեկատվությունը: Ինձ համար, ասենք, ավելորդ են անգամ ամուսնական կարգավիճակի մասին տվյալները: Ամուսնացած ես, երեխաներ ունես՝ ուրեմն երբեմն կգնաս ծնողական ժողովների կամ երեխուն տուն կամ բժշկի կտանես: Ամուսնացած չես՝ ուրեմն, կգնաս ժամադրությունների, ի վերջո, կսիրահարվես, կամուսնանաս ու լրագրությամբ կզբաղվես մատների արանքով: Այսինքն՝ ամուսնական կարգավիճակիդ մասին ինչ էլ գրես, քեզ դրականորեն չի առանձնացնելու:

Անցած մի քանի տարում ուղարկած բազմաթիվ CV-ներից միայն մեկում էր, որ դրա հեղինակի մտքով անցել էր ոչ միայն իր նախորդ աշխատատեղերը թվարկել, այլ նաեւ իր հոդվածների լինքեր ուղարկելը: Քայլ էր ճիշտ ուղղությամբ, բայց էլի լիովին ճիշտ չէր: Վստահեցնում եմ` որեւէ գործատու այդքան ազատ ժամանակ չի ունենա, որ նստի ու հերթով ընթերցի նախկինում ձեր հրապարակած հոդվածները:

Այ հիմա տեղն եկել է ասելու, թե որ քայլերը կհամարեի ճիշտ: Ուրեմն՝ բացեմ փոքրիկ գաղտնիք, CV-ն վերջին դետալն է, որ պետք կգա, եթե մենք ունենանք թափուր աշխատատեղ: Եթե ձեր անունն արդեն ճանաչված չէ, դուք պետք է ոչ թե «տեղեկատվական ամփոփագրերով» փորձեք կոտրել խմբագրի «քարացող սիրտը» ու տեղ նվաճել անառիկ թվացող լրագրողական միջնաբերդում, այլ ձեր աշխատանքով: Այսինքն՝ ոչ թե պետք է թղթեր ուղարկեք, այլ գաք ինքներդ ու ասեք՝ ուզում եմ թղթակցել, մի շաբաթ կարելի է անգամ առանց վարձատրության:

Եվ յուրահատուկ, դիպուկ ձեր որեւէ հոդված կասի շատ ավելին, քան թվարկումները, թե ինչ դասընթացների եք մասնակցել կամ մրցանակներ ստացել, եւ ընդհանուր առմամբ՝ բոլոր CV-ները, որոնք խոստովանում եմ՝ մանրամասն կարդացի միայն այս հոդվածը պատրաստելու եւ ավելի ճշգրիտ մեջբերումներ անելու համար:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *