Խոսքն էս անգամ տաքսիներում քաղաքական զրույցների մասին չէ, որ պարբերաբար կատակների նյութ է դառնում երեւանցիների համար, այլ նրանց անվանումերի։
Օրերս «Դիմագրքում» գրառում էի արել, թե «ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ» տաքսի եմ տեսել, եւ արձագանքներից հասկացա, որ արժե քննարկել ոչ միայն «Հայաստանի տաքսիստներ» լրատվական-վերլուծական կենտրոնի նյութերն ու անցյալ շաբաթվա թիվ մեկ նյութ դարձած «Դուխով հայ տաքսիստի ցնցող հարցազրույցը», այլեւ տաքսի ծառայությունների անունները, որոնք որոշակի ուղերձներ են պարունակում, բնութագրում մեր ժամանակաշրջանը։
Փողոցներում նշում անելով ու համացանցում փնտրելով՝ հավաքեցի շուրջ 250 անուն։
Դրանց մի մասը համեստ տեղեկատվական գործառույթ ունի՝ հիշեցնում է, թե որն է ձեր հարազատ թաղամասը՝ «ՄԱԼԱԹԻԱ», «ՔԱՆԱՔԵՌ», «ՆՈՐՔ», «ԱՎԱՆ– ԱՌԻՆՋ», «ՄԱՍԻՎ», կամ նույնիսկ ավելի փոքր բնակելի միավոր՝ «ՄԵՐԳԵԼՅԱՆ», «ՄԵՏԱՔՍ» եւ այլն, որոնք ընդհանրացնում է «ԵՐԵՎԱՆ-ՏԱՔՍԻՆ»՝ սահմանելով արդեն քաղաքի շրջանակը։
Բազմաթիվ ուրիշ տաքսիներ էլ կան, որոնք Հայաստանի տարբեր քաղաքների ու գյուղերի անուններն են կրում։ Որոշ անվանումներ, ինչպես «ՄՈՒՇ»-ը, «ՋԱՎԱԽՔ»-ը, «ՓԱՐՎԱՆԱ»-ն, այլ հայաբնակ տարածքների մասին են հիշեցնում։ Նույն առաքելությունը կարող են կատարել ծառայությունները, որոնց անունները թե թաղամասի են, թե պատմական ու տեղանքի՝ «ԿԻԼԻԿԻԱ», «ԷՐԵԲՈՒՆԻ», « ԱՐԱԲԿԻՐ»։ «ՆԱԻՐԻ ՏԱՔՍԻ»-ն էլ ամփոփում է այդ աշխարհագրական ընդգրկումները։
Հայկականները։ Քանի որ աշխարհում ուրիշ գրավիչ վայրեր էլ կան՝ «ՊՐԱՀԱ», «ԼՈՆԴՈՆ», «ԼԻՈՆ», «ՄԱԴՐԻԴ», «ՄՈՆԱԿՈ», «ՌԻՈ», որոնց հնչյունները երեւի թե մատնանշում են անվանակոչողների մանկության երազանքները…
Զուտ կիրառական այլ անվանումները հայտնում են, թե ինչ մակնիշի մեքենա է ձեզ սպասարկելու՝ «ԼԱԴԱ», «ՇԵՎԻ» («Շեւրոլե»), «ԼԱՆՍԵՌ», ինչպես նաեւ սպասարկման որակ խոստանում՝ «ԿՈՄՖՈՐՏ», «ՍՈՒՊԵՐ», «ԷՔՍՏՐԱ» ու երեւի թե նույնիսկ նրան գերազանցող «ՈՒԼՏՐԱ»։
Հայեցի անվանումները քիչ են, բայց ավելի խոսուն՝ «ԼԱՎ», «ԼԱՎԻՑ ԼԱՎ»։
Սրանց հակառակ, կան տաքսի–ծառայություններ, որոնք, անկախ օրվա ժամից, հիշեցնում են, որ աշխարհում մեռնել կա։ «ՌԵԼԱՔՍ»-ը դրանց թվում ամենամեղմն է։ «ՌԱՆԴԵՎՈՒ»-ն ակնարկում է «ՌԵԼԱՔՍ»-ի լավագույն ձեւերից մեկը, «ԷՐՈ»-ն՝ թե ինչով կարող է ավարտվել «ռանդեվու»-ն, իսկ մեկն էլ կա, որը ձեզ կոչ է անում անհոգությանը շատ չտրվել՝ «ՎԻԱԳՐԱ»-ն…
Բայց եթե ինչ-ինչ պատճառներով չեք ուզում, որ ձեզ գործերից շեղեն, կա «ԷՐՈԳՈՆ»-ը, որ կքշի… կտանի այլազան մտքերը։
Լիովին հասկանալի չէ՝ հաճույքների՞, թե՞ արդյունաբերության ոլորտին է վերաբերում «ԿՈՔՍ» անվանման ուղերձը՝ կոկաինն են Ռուսաստանում սլենգով «կոքս» կոչում։ Որն օգտագործած մարդուն սովետի օրոք ասում էին «ուռած», համարյա թե «URRUT»։
Շարունակությունը՝ հաջորդիվ:
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: