2015.04.02,

Քննադատ

Նեղանալ չկա. Իրենք իրենց խոսող մարդիկ հայկական սերիալներում

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Խաղարկային ֆիլմի եւ հեռուստահաղորդման տարբերություններից մեկն այն է, որ ֆիլմում հեղինակային, կադրից դուրս հնչող խոսք չկա, իսկ եթե պատահում է, կա՛մ գրական հենք ունի, կա՛մ կա հերոս, որի կողմից էլ ներկայացվում է պատմությունը։

Մինչդեռ ով թեկուզ մի քանի րոպե հապաղել է կյանքում հայկական սերիալի վրա՝ ալիքների վրայով սահելիս, անպայման հանդիպել է հերոսի/ուհու, որը մեկ էլ տեսար խոսում է ինքն իրեն… լավ, ավելի մեղմ ասենք՝ ներքին մենախոսում է խոժոռադեմ։

Բայց ոչ թե գրական հենքի կամ ուրիշ որեւէ հանգամանքի բերումով, այլ գործողությունը զարգացնելու կամ հերոսի ապրումներն արտահայտելու համար, ինչը սցենարիստի/ռեժիսորի /պրոդյուսերի /հեռուստաալիքի անճարակության արդյունքն է. ուրեմն, չեն կարողացել գտնել ուրիշ եղանակ։

Խնդիրը դրամատուրգիական է, բայց ես ոչ միայն սցենարիստին նշեցի, այլեւ ֆիլմարտադրության մեջ ներգրավված բոլոր կարեւոր օղակները, քանի որ նրանցից յուրաքանչյուրը իրավասու է վերացնել սցենարի թերությունները։

Ներքին մենախոսություններ փնտրելով՝ ես նախ մի քանի մաս նայեցի «Կյանքը սեր է» (հեռարձակվում է «Առաջին ալիք»-ով), «Սիրո գերին», «Ինքնակոչը» («Շանթ) բրազիլական սերիալներից. մեր հեռուստակյանքում եղավ մի շրջան, երբ, հայկական սերիալների հետ համեմատելով, շատերը սկսել էին երանի տալ բրազիլական «օճառային օպերաներին», եւ դրանք վերադարձել են։

 Միայն «Ինքնակոչ»-ում էր, որ հերոսուհիներից մեկը ավտոմեքենայում ինքն իրեն շշնջաց. «Ինձ ուժ տուր, սուրբ Մարիամ, վերջը մոտ է»։

Չսպասելով վերջին, որը հեռուստանովելներում, միեւնույն է, մոտ չէ, ես միացրի «Արմենիա»-ն (մարտի 30, 09։10) եւ «Հարազատ թշնամի» սերիալում անմիջապես երկու ծավալուն ներքին մենախոսության հանդիպեցի։

Առաջինում հերոսը ամերիկյան ոճի բանտային ճաղերի հետեւից իր բախտն է ողբում, կիսամութի մեջ, երկուս ու կես րոպե։

Մյուսն արդեն երեք րոպեանոց տեսարան է, որտեղ գլխավոր հերոսներից մեկը՝ Յուրան (Արտաշես Ալեքսանյան), սկզբից խոսում է աթոռի հետ, հետո մենախոսում է կոնյակով։

«Ես էլ կքել եմ քո թողած դատարկության ծանրության տակ»,- այսպիսի բարձր գրական հայերենով է «մտածում» նա… թեեւ հաջորդ իսկ երկխոսության մեջ հնչում են «լյուբոյ հարցում» եւ շատ ավելի գռեհիկ կամ ժարգոնային արտահայտություններ։

Մի երկու մաս էլ «ATV»-ի «Լույսի պահապանը» սերիալից նայեցի (մարտի 30-31)։ Հակառակ նրան, որ ֆիլմը հիշեցնում է հայկական սերիալների արշալույսը, երբ թվում էր` բոլոր դերասաններին փողոցից են բռնել-բերել, այստեղ ներքին մենախոսություն, դասական իմաստով, չկար։

Փոխարենը գլխավոր հերոսուհիներից մեկին` քուն թե արթուն, եկեղեցում ենք տեսնում, որտեղ ծեր մոմավաճառն է գալիս նրա ներքին ձայնի դերում։ Ամեն սերիայում ծերունին աղջկան խելք սովորեցրեց միջինը 5-6 րոպե։


Այս սերիալի մեկ ուրիշ հերոսուհի մենության մեջ զգացմունքների արտահայտման մեկ այլ դասական ձեւ կիրառեց՝ մութաքա-բարձերի նետում (ավելի մեծ բյուջեով ֆիլմերում բարձը փոխարինվում է ամանեղենով կամ կահույքով). նա դա արեց շուրջ մեկ րոպե։

Մյուս հայկական սերիալներից ներքին մենախոսության յուրահատուկ ձեւ է օգտագործվում «Գլենդել լայֆ»-ում («հ2», մարտի 31, 22։10), որտեղ հերոսները պարբերաբար իրենց մտքերը կիսում են «տեսախցիկի» հետ։

Ինչպե՞ս։ Տեսարաններից մեկում հերոսները «տեսախցիկին» պատմում են բացառապես ուտելիքների մասին. նրանք ճաշում են «Շիրազ» ռեստորանում եւ իրար հետ էլ միմիայն կերակուրներից են խոսում, էկրանային… 7 րոպե։

Հետո հերոսներից մեկը բժշկի է գնում եւ մազաբույժի առանձնասենյակում անցկացնում մի քանի էկրանային րոպե։ Եվս 5 րոպե մի ամուսնական զույգ քննարկում է, թե ով ինչ է հագնելու «փարթիի» համար, հագնվում են, քսվում (կինը)։ Բանը վերջանում է հաջորդ սերիայի «խայծի» ծանուցմամբ՝ շան լոգանք ու մարդու մարմնի դաջվածք։

Երեւի սերիալի հեղինակներին չեն ասել, որ կյանքը կարճ է՝ հակառակ բժշկության բոլոր նվաճումներին։ Երեկոյան լավագույն ժամերին, այսպես կոչված «փրայմ-թայմում» ցուցադրվող այս սերիալն, ըստ էության, ամերիկահայ զանազան հաստատությունների գովազդ են, բայց խելամիտ կլիներ, եթե տեսարանները գոնե երբեմն ընդմիջվեին ֆիլմով, մինչդեռ ընդհատվում են… գովազդով, այս անգամ՝ ոչ թաքնված՝ «օրինական»։

Թեմային իմ նախորդ՝ «Հերոսների «զբաղվածությունը» հայկական սերիալներում» անդրադարձում նշել էի, որ «փոքր-ինչ քմահաճ հեռուստադիտողը, դեռ մինչեւ բովանդակությանն անցնելը, անբնականություն է զգում» ֆիլմի տարբեր բաղադրիչների ոչ արհեստավարժությունից։ «Գլենդել լայֆ»-ն իմ տեսած միակ սերիալն է, որտեղ նման խնդիր չկա, այն ընդհանրապես զուրկ է բովանդակությունից։

Հետաքրքիր է, թե ինչ դիտելիություն ունի այս սերիալը. դա կլինի մեր հանրության բովանդակային կողմի մասին դատելու կարեւոր ցուցանիշ… սերիալ դիտողների ողբալիորեն բարձր ընդհանուր տոկոսների կողքին։

Վահրամ Մարտիրոսյան

Հ.Գ. Նյութում տեղադրված «Հարազատ թշնամի» սերիալից հատվածը չեք կարող դիտել, քանի որ YouTube-ն արգելափակել է այն՝ դրանում հնչող երաժշտության հեղինակային իրավունքը խախտելու համար:

media.am 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *