2015.03.30,

Քննադատ

5 խորհուրդ լուսանկարներն առանց հեղինակային իրավունքի խախտման օգտագործելու համար

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի մեդիա դաշտում լուսանկարների անօրինական օգտագործման շուրջ խոսակցություններն անընդհատ են: Ֆեյսբուքում նույնիսկ այս հարցով հատուկ խումբ է ձեւավորվել:

Վերջին խոսակցություններից է լուսանկարիչ Էդգար Բարսեղյանի դեպքը. News.am կայքն առանց թույլտվության օգտագործել էր Էդգարի լուսանկարներից մեկը: Ու թեեւ հետո լուսանկարը հեռացրել էին կայքից եւ ներողություն էին խնդրել, լուսանկարիչը մտադիր է փոխհատուցում չստանալու դեպքում դիմել դատարան:

Հաստատ չէ, որ դատարանը կբավարարի լուսանկարչի հայցը: Հայաստանում նման նախադեպ չեմ հիշում, բայց Ռուսաստանի Դաշնությունում հայտնի է բլոգերներ Իլյա Վարլամովի, Պավել Սեմյոնովի, Եվգենյա Զոլոտուխինայի, Սերգեյ Մուխամեդովի եւ Ալեքսանդր Պոպովի հայցն ընդդեմ «Արգումենտի ի ֆակտի» հրատակչության:

Այն ավարտվել է դիմումատուների հաղթանակով. դատարանը «Արգումենտի ի Ֆակտի»-ին պարտավորեցրել է յուրաքանչյուր լուսանկարի համար 20 հազար ռուսական ռուբլի վճարել: Ընդհանուր ստացվել է 2 միլիոն ռուսական ռուբլուց ավել գումար:

Հայաստանում բացառիկ խմբագրություններ են, որ

  • ունեն սեփական լուսանկարիչ,
  • գնում են լուսանկարչական գործակալությունների լուսանկարները,
  • ունեն սեփական ֆոտոբանկը,
  • օգտվում են ազատ օգտագործման լուսանկարների պաշարներից:

Առանց այս չորս բաղադրիչների աշխատող խմբագրությունների հույսը մնում է Google-ում պատկերների որոնումը, ավելի խիստ ասած՝ Google-ի առաջին էջը: Բայց նույնիսկ այստեղ ազատ օգտագործման լուսանկարներ ֆիլտրելու հնարավորություն կա:

Կարելի է որոնել ըստ օգտագործման իրավունքների եւ, պահպանելով օգտագործման կանոնները, չխախտել հեղինակային իրավունքը: Խոսքը Creative Commons արտոնագրերի մասին է:

google-image-search

1. Creative Commons արտոնագրերը

Creative Commons արտոնագրերը ստեղծված են հենց հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: Կայքում հատուկ բաժին կա, որտեղ հեշտությամբ կարելի է որոնել տարբեր ռեսուրսներում Creative Commons-ով արտոնագրված ստեղծագործությունները:

2. Հանրային սեփականություն կամ ազատ օգտագործման պատկերներ

Սովորաբար լուսանկարները հեղինակի մահից 70 տարի անց դառնում են հանրային սեփականություն եւ ազատ են օգտագործման համար: Հանրային սեփականություն դարձած եւ օգտագործման համար ազատ պատկերների պաշարների հսկայական արխիվ կա: Ամենահայտնիներից է Wikimedia Commons-ը: Ես հաճախ օգտվում եմ Pixabayից, բայց ընտրությունն իրոք մեծ է:

3. Embed-ի հնարավորությունը

Հայտնի սոցիալական ցանցերից Instagram-ը, Twitter-ը, Tumblr-ը, Flickr-ը թույլ են տալիս լուսանկարը embed անել կայքում՝ համապատասխան կոդով եւ հղմամբ տեղափոխել այն՝ առանց հեղինակային իրավունք խախտելու:

Twitter-embed

Embed-ը լայն հնարավորություններ է տալիս կայքերին: Լուսանկարների վաճառքի ամենահայտնի կայքերից GettyImages-ը թույլատրում է embed անել:

Օրինակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստանում արված այս լուսանկարը հանգիստ կարելի է տեղափոխել կայք եւ չխախտել լուսանկարի հեղինակի՝ Ֆենգ Լիի հեղինակային իրավունքը:

4. Լուսանկարներ մամուլի համար

Մեծ ընկերություններ կան, որոնք մամուլի օգտագործման համար լուսանկարներ են տեղադրում: Օրինակ՝ Airbusը: Germanwings-ի`Ալպերում կործանված օդանավը հենց Airbus էր, եւ այս դեպքում ընկերության ֆոտոբանկը կարող էր շատ օգտակար լինել:

5.Պայմանավորվել լուսանկարի հեղինակի հետ

Լրագրությունը առաջին հերթին հաղորդակցություն է: Խմբագրությունը միշտ էլ կարող է փորձել պայմանավորվել լուսանկարի հեղինակի հետ՝ պարզապես զանգահարել եւ լուսանկարի օգտագործման թույլատվություն խնդրել:

News.am-ն, օրինակ, վստահ եմ, կարող էր պայմանավորվել Էդգար Բարսեղյանի հետ, եթե խմբագրության ներսում լուսանկարների հեղինակների հետ աշխատելու մշակույթը արմատավորված լիներ:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *