2015.03.18,

Քննադատ

Ագրեսիայի փառաբանում հետխորհրդային մեդիայում. «Ղրիմ. ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի առթիվ

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Արցախյան պատերազմի ընթացքում հայկական պետական լրատվամիջոցները խստորեն հետեւում էին, որպեսզի մարտական գործողություններին Հայաստանի զինված ուժերի ներգրավվածության մասին տեղեկությունները բացառվեն։

Դա Հանրապետության դիվանագիտական ջանքերի շարունակությունն էր, որի շնորհիվ ՄԱԿ-ի ընդունած բոլոր բանաձեւերում դատապարտվում էին վերացական «հայկական ուժերը», բայց ոչ ՀՀ բանակը։

Ճիշտ է, կար ներքին եւ արտաքին քարոզչությունը շփոթելու խնդիր, երբ պետական լրատվական ծրագրերը ներկայացնում էին միայն հայկական կողմի կորուստները՝ Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտելու համար։

1993-95 թթ.-ին, լինելով պետական հեռուստատեսության քաղաքական եւ տեղեկատվական հաղորդումների ղեկավար, ինքս հրահանգել եմ անպայման լուսաբանել նաեւ հայկական ուժերի ռազմական հաջողությունները, քանի որ միջազգային դիտորդները բանուգործը թողած հայկական հեռուստատեսություն չէին նայում, բայց հեռուստաեթերի «լացուկոծը» կոտրում էր առանց այն էլ «մութուցրտի» մեջ ապրող ժողովրդի ոգին։

Հետագա տարիներին միջազգային կառույցները ցուցադրական «չեզոքություն» են պահպանել՝ հրադադարի եւ այլ խախտումների համար հավասարապես մեղադրելով թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին, ինչը թուլացրեց պատասխանատվությունն ագրեսիվ պետական քարոզչության հանդեպ, որի բարձրակետը Ռամիլ Սաֆարովի հերոսացումն էր Ադրբեջանում։

Արցախյան պատերազմի շրջանի պետական լրատվության մի փուլը հիշելու առիթ դարձավ օրերս ռուսական TV-ներով եթեր հեռարձակված «Ղրիմ. ճանապարհ դեպի հայրենիք» շուրջ 2,5 ժամանոց հեռուստատեսային ֆիլմը, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն պատմում է, թե ինչպես է անձամբ ղեկավարել միջազգայնորեն Ուկրաինայի տարածքը համարվող թերակղզու գրավման հատուկ գործողությունը (1։08-ից)։

Նա նաեւ հրաման է տվել «լիակատար մարտական պատրաստականության բերել ՌԴ միջուկային սպառազինությունը»։

Հայտնի լրագրող Եվգենի Կիսելյովը (չշփոթե´լ Դմիտրի Կիսելյովի հետ), Պուտինի պահվածքը համեմատելով արտասահմանում Մոսկվայի զինված միջամտության այլ դեպքերի հետ (Հունգարիա` 1956, Աֆղանստան`1979, Լիտվա` 1991 եւ այլն), երբ Կրեմլը հետեւողականորեն հերքում էր իր նախաձեռնությունը, եզրակացրեց, որ Պուտինը «հրապարակայնորեն խոստովանում է, որ Ռուսաստանն իրեն իրավասու է համարում… զինված միջամտություն իրականացնել պետությունների գործերում», եւ որ նա «ատոմային մահակ է թափահարում»։

Լայնորեն գովազդված ֆիլմը նաեւ միջազգային աղմուկ հարուցեց։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարեց արդարադատության նախարարությանը ֆիլմի հիման վրա Ղրիմի անեքսիայի համար Պուտինի դեմ մեղադրանք ներկայացնել Հաագայի միջազգային դատարանում, ինչը, կարծես, աննախադեպ է մեդիա-խոստովանությունն այդ դատարանում որպես քրեական գործի ապացույց ներկայացնելու առումով։

(Ի դեպ, «Ղրիմ. ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը ցուցադրվեց հանրային կյանքից Վլ. Պուտինի 10-օրյա «անհետացման» նախավերջին օրը, ինչը ռուսական սոցցանցերում անմիջապես ոգեւորություն ալիք բարձրացրեց, թե տեսեք, Պուտինին ոչ մի բան չի պատահել. մի բան, որ ցույց տվեց, թե ինչ ցածր է մեդիագրագիտության մակարդակն այդ երկրում՝ մանրակրկիտ մոնտաժված ու «վերակառուցված», այսինքն՝ խաղարկային տեսարաններով գերհագեցած ֆիլմը հեռուստադիտողներն ընկալել են որպես ուղիղ եթեր)։

Մեր մեդիան մինչեւ այս պահը բավարարվել է ֆիլմի առանձին հատվածները վերապատմելով։ Մինչդեռ Հայաստանի համար, որը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում, Պուտինի խոստովանությունն առանձնահատուկ նշանակություն ունի։

Այն նոր իրավիճակ է ստեղծում հետխորհրդային մեդիա դաշտում՝ օրինակարգ դարձնելով ագրեսիայի քարոզման արգելքի խախտումը, որը սովորական է հարեւան Ադրբեջանում, ինչպես նաեւ միջազգային իրավունքի անտեսումը։

Իսկ դա լավագույն հողն է նոր ռազմական ագրեսիաների համար՝ լինի արեւելքից, թե հյուսիսից, որի վտանգը չի կարելի թերագնահատել. ռուսական քարոզչությունը զավեշտալի անտեղյակությամբ, բայց համառորեն «գունավոր» հեղափոխություն է փնտրում հայկական անգույն իրականության մեջ։

Դրա վառ ապացույցը մարտի 15-ին «Рен-ТВ»ի ցուցադրած լրատվական կեղծիքն է, որի հեղինակները չեն խորշել նույնիսկ 1988-ի կադրերը մատուցել որպես այսօրվա ընդվզում։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *