Նունե Հախվերդյան
Լրագրող, արվեստի քննադատ
march_8_postcard_0

Մարտի 8-ը Հայաստանում երկու անփոփոխ ուղեկից ունի: Առաջինը՝ ծաղիկների առատությունն է (դրանից բխող թանկացմամբ), երկրորդը՝ կանանց հասցեին հնչող ստանդարտ խոսքերը (դրանցից բխող պաթոսով):

Ծաղիկներն ու խոսքերը այն հիմնասյուներն են, որոնց շուրջ պտտվում է մեդիայի աշխատանքը:

Կանանց տոնը ձեռք է բերել գարնան, սիրո ու գեղեցկության երանգ, ինչն էլ արդեն երկար տարիներ շահարկվում է մեդիա տարածքում: «Սիրելի կանայք, շնորհավոր…», – այս խոսքերով են սկսվում գրեթե բոլոր հաղորդումներն ու հոդվածները: Հետո հետևում են գեղեցիկ ու երջանիկ լինելու մաղթանքները:

Իսկ եթերում անպայման ավելանում են կին հյուրերը, մելոդրամատիկ ֆիլմերն ու համերգները:

Հարյուր տարի առաջ կանայք դուրս եկան ցույցի՝ պահանջելով աշխատանքային օրվա կրճատում, աշխատավարձերի բարձրացում և ընտրության իրավունք: Այդ իրավահավասարության թեման շատ լավ համընկավ նաև Խորհրդային միության գաղափարախոսության հետ (մանավանդ առաջին տասնամյակներում):

Կինը համարվեց պայքարող ու նոր սոցիալական համակարգ կառուցող: Տղամարդկանց հետ միասին նա պայքարում էր երջանիկ ապագայի համար՝ առանց սեռական խտրականության: Տարբեր ղեկավար պաշտոններում կանանց նշանակելը նորաձև քայլ դարձավ:

Այդպես էր նաև Հայաստնում, որտեղ կինը երջանիկ էր, որ կոմունիզմ է կառուցում:

«Խորհրդային Հայաստան», 1937թ.

1966 թվականին ԽՍՀՄ-ը մարտի 8-ը ոչ միայն տոնական, այլև ոչ աշխատանքային օր դարձրեց: Եվ թերթերի առաջին էջերում կանանց արդեն ներկայացնում էին հիմնականում ծաղիկներով ու փուչիկներով շրջապատված: Այսպես ասած՝ արձակուրդային տոնայնությամբ:

«Խորհրդային Հայաստան», 1937թ.

Մեդիայում պահանջված դարձան յուրահատուկ ճակատագիր ու մասնագիտություն ունեցող կանայք, որոնք նվաճում են նաև ավանդապես տղամարդակային ոլորտները: Օրինակ՝ ֆուտբոլը կամ նետաձգությունը: Հիմնական համատեքստն այն էր, որ կանայք ջարդում են կարծրատիպերը: Եվ այսպիսով փաստում իրենց իրավահավասարության մասին:

«Ավանգարդ», մարտի 8, 1988թ.

«Ավանգարդ», մարտի 8, 1988թ.

 «Ավանգարդ», մարտի 8, 1988թ.

Հետաքրքիր է, որ հիմա մարտի 8-ին հայաստանյան մեդիայում ներկայացվող կանանց կերպարներն արդեն ոչինչ չեն նվաճում, նրանք պարզապես նվերներ են ստանում: Իսկ նվեր ստանալու իրավունքը ամենավերջին բանն է, որը ենթակա է նվաճման:

Համենայնդեպս, եթերից ու համացանցային հարթակներից նրանց շնորհավորում են (շատ խոսքերով) ու նվերներ տալիս (շատ ծաղիկներ): Նվերները կարող են տարօրինակ լինել: Օրինակ՝ Հանրային հեռուստաընկերությունը Իրինա Ալեգրովայի ու Վալերի Լեոնտևի համերգն էր հեռարձակում, իսկ «Հ2»-ը՝ նախկինում աշխատավորական (այսինքն՝ ռաբիս) ոճում աշխատող երգիչների համերգները:

Եվ, իհարկե, կանանց էին նվիրվում նաև սրտաճմլիկ ռոմանտիկ ֆիլմերը: «Արմենիա»-ն, օրինակ, լուրջ զենք էր պատրաստել՝ «Սուպերմամա» ֆիլմը, որտեղ տղամարդը որոշում է ժամանակավորապես կին դառնալ:

Ռոմանտիկան, գարունը, գեղեցկությունն ու պայքարը այնպես են իրար խառնվել, որ ժպիտներն անխուսափելի են: Ի վերջո, գարունն էլ է իր արևը նվիրում կանանց: Բա հո տղամարդկանց չի՞ նվիրի:

Նունե Հախվերդյան