Գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը իր «Սպի» («The Cut») ֆիլմը Երեւանում ներկայացրեց նեղ շրջանակների համար:
Այն հասցրեցին առաջինը դիտել լրագրողները, ՀՀ նախագահն ու նրա հյուրերը: Եվ բնական է, որ ծագումով թուրք կինոռեժիսորի կինոանդրադարձը Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն լուսաբանվեց մեդիայում:
Առաջնայինը ոչ թե ֆիլմն էր, այլ այն փաստը, որ թուրքական արմատներ ունեցող անվանի եվրոպացի ռեժիսորը համարձակություն ու ցանկություն է ունեցել (նաեւ ֆինանսներ է գտել) հայ-թուրքական ցավոտ անցյալին առնչվող պատմություն պատմել:
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում կարեւոր դեր է խաղում հենց կինոն: Եվ Ֆաթիհ Աքինի նման հաջողակ ու խելացի ռեժիսորը ցանկալի զրուցակից էր, քանի որ իր իսկ խոստովանմամբ՝ Թուրքիային նայում է որպես դրսի մարդ ու չի ուղղորդվում արյան կանչով:
Հիմա երբ նա արդեն հայերի ողբերգության մասին ֆիլմ է պատրաստել, հայաստանյան մեդիան նրանից ավելի կոնկրետ (հայանպաստ ու թուրքական մոտեցումը քննադատող) խոսքերի է սպասում:
«Սպին» Ֆաթիհ Աքինի համար առիթ էր խոսելու խոսքի ազատության կարեւորության, իսկ հայաստանյան մեդիայի մեծամասնության համար՝ Թուրքիայում ազատ խոսքի ճնշումների մասին:
Աքինը պատրաստ էր ավելի լայն զրույցի, բայց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը բավական նեղ շրջանակների մեջ դրեց նրան. լրատվամիջոցներն ուզում էին միայն Թուրքիայի խնդիրների մասին լսել:
«Կարծում եմ՝ խոսքի ազատությունն այն փխրուն շնորհն է, որը մեզ տրված է ի վերուստ եւ որը մենք որպես քաղաքակրթություն պետք է ամեն օր պաշտպանենք: Խոսքի ազատության համար կռիվը ամբողջ աշխարհում է ընթանում: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում այս օրերին Ֆրանսիայում»,- ասաց նա իր ֆիլմի պրեմիերայից հետո:
Ֆաթիհ Աքինը պատմեց, որ Փարիզում էր գտնվում այն օրերին, երբ «Շառլի Էբդո» խմբագրության վրա հարձակում տեղի ունեցավ՝ բերելով այդ դեպքը որպես խոսքի ազատության համար մղվող ամենօրյա պայքարի օրինակ:
Հիմնական հարցերը, որոնք լրագրողներն ուղղում էին Ֆաթիհ Աքինին, կապված էին Թուրքիայի արգելքների ու ռեժիսորի հասցեին հնչած սպառնալիքների հետ: Աքինը դիվանագիտորեն պատասխանում էր, որ իր ֆիլմը խթան է սեփական հետազոտությունը կատարելու համար.
«Հույս ունեմ, որ ֆիլմը հատկապես երիտասարդների մոտ ցանկություն կառաջացնի ինքնուրույն հետազոտություն անել ու պատմությունը ուսումնասիրել: Ես ուշադիր հետեւել եմ սոցցանցերում ծավալվող քննարկումներին: Կարեւոր էր, որ երիտասարդները կիսվում էին իրենց տպավորություններով ու հարցերով Ֆեյսբուքում ու Թվիթերում, եւ մեծամասնությունը խոստովանում էր, որ ոչինչ չգիտի հայերի ցեղասպանության մասին: Ուզում եմ, որ կինոթատրոններից դուրս գալուց հետո մարդիկ փորձեն ինֆորմացիա գտնել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Դա լավագույն արդյունքն է, որը կարող է ունենալ ֆիլմը»:
Հայաստանի մեդիան Աքինից ուզում էր Թուրքիայի հասցեին քննադատություն լսել, իսկ Աքինը խոսում էր թուրք հանդիսատեսի շահերից: Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների կազմկոմիտեն, որը եւ հրավիրել էր «Սպի» ֆիլմի ստեղծագործական խմբին, իր կայքում հարցազրույց տեղադրեց, որտեղ ռեժիսորն ասում է. «Ֆիլմը Թուրքիայում դիտելու բոլոր հնարավորությունները կային: Որոշ մարդիկ հետաքրքրված էին, բայց նրանց թիվը մեծ չէր: Մարդիկ, որոնց հետաքրքրում է այս թեման, փոքրամասնություն են կազմում»:
«Ինձ, իհարկե, քննադատում էին, որ անդրադարձել եմ ցեղասպանության թեմային, բայց միաժամանակ նշում. «Տեսաք, մենք ցույց տվեցինք ֆիլմը»: Իրական խոսքի ազատություն իմ պատմական հայրենիքում չկա: Լրատվամիջոցների մեծ մասը սատարում է Թուրքիայի կառավարությանը»,- ասաց ռեժիսորն ասուլիսի ժամանակ:
Մեր մեդիայի թիրախում «Սպի» ֆիլմի թեման էր, ոչ թե հենց ֆիլմը: Իհարկե, այն փաստը, որ ծագումով թուրք ռեժիսորը Հայոց ցեղասպանությունն իր անունով կոչելու ու իր ֆիլմի առանցքը դարձնելու քաջություն է ունեցել, արդեն խոշոր միջազգային իրադարձություն է: Բայց կարծես ուշադրությունից դուրս մնացին այն կարեւոր ուղերձներն ու մտքերը, որոնք թե՛ ֆիլմում, թե՛ հեղինակի խոսքում ուղղվում են աշխարհին:
Իր նախորդ այցի ժամանակ Ֆաթիհ Աքինն ավելի բաց էր շփման համար եւ, թերեւս, ավելի ազատ իր դիտարկումներում: Կինոռեժիսորի արհեստին լավ տիրապետող Ֆաթիհ Աքինը խոսել էր «հայրենի հող» եւ «արյան կանչ» հասկացությունների՝ փակ շրջանակում մնալու վտանգների մասին.
«Կարծում եմ՝ արյան կատեգորիան իր մեջ շովինիզմի տարրեր է պարունակում: Արյունն ամենուր նույնն է եւ տարբերվում է միայն խմբերով` A,B,C: Երբ չափից ավելի ես կարեւորում ծագումդ, դատարկության եզրին ես հասնում»:
«Սպի» ֆիլմի ստեղծման գործում մեծ դեր է խաղացել 2007-ին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, ում մտքերն ու դիրքորոշումը ըստ Ֆաթիհ Աքինի՝ ամենից լավն են արտահայտում հայ-թուրքական հարաբերությունների բարդ պատկերը: Այդ պատկերը ավելի շատ շերտեր ունի, քան ընդամենը «ցեղասպանություն» բառն արտասանելն ու ընդհանուր խոսքեր ասելը: Ի վերջո, խոսքի ազատությունը պատասխանատվություն է ապագայի առջեւ: Ֆաթիհ Աքինը պատասխանատվության իր զգացումն ունի: Եվ այն ավելի հետաքրքիր է, քան մենք տեսանք մեդիայում:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: