2015.01.28,

Քննադատ

Վերջում եկավ անտառապահն ու…

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Հայկական «ֆեյսբուքում» աչքովս ընկավ РБК-ի մի լուրի քննարկումը։ «Ստանդարտ էնդ Փուր’ս» ընկերությունն իջեցրել է Ռուսաստանի ներդրումային վարկանիշը «BB+» մակարդակի, որը տնտեսագիտական սլենգով կոչվում է «զիբիլ»։ 

Օգտատերը, ում պատին ծավալվել է խոսակցությունը, 4999 ընկեր ունի՝ շատ լրատվական կայքերից ավելի մեծ լսարան, ուրեմն, հազիվ թե սա մասնավոր դեպք կարելի է համարել, մեկնաբանել է՝ «Փոխարենը Ղրիմը ձերն է»։ Ռուսերեն։

Հետևել են մեկնաբանություններ, որոնց մեծ մասի համաձայն, արևմտյան ընկերությունների տված վարկանիշները «նկարված» են։ 

Իհարկե, հնարավոր է, որ վարկանիշները «նկարված են», և ճիշտ կլինի, որ դոլարի փոխարեն շրջանառվեն խեցիներ կամ գարեջրի շշերի կափարիչներ, բայց էականը տվյալ դեպքում ուրիշ բան է։ Բանավեճը, բացառությամբ մեկ երկու ռեպլիկի, ընթանում է ռուսերեն։ Չնայած բոլոր օգտատերերը հայ են։ 

Է, զարմանալի բան գտար, կասեք դուք։ Եվ իրավացի կլինեիք, եթե զրույցին չխառնվեր մի ռուս օգտատեր, որը զգուշացրեց բոլորին, թե «վատ հոտեր չհանեք» կամ էլ ռադները քաշեք։ (Եթե մեդիայում թույլատրելի լեզվի թարգմանեմ ՝ Ребяятаааа главное не бздеть, а кому не нравится идите на хутор бабочек ловить նախադասությունը)։ 

Ու վերջ։ Քննարկումը վերջացավ։ Սսկվեցին թե ռուսասերների համերաշխ խմբի անդամները, թե ընդդիմախոսները։

Իրավիճակը հիշեցրեց բոլշևիկների ու սպիտակգվարդիականների միջև քաղաքացիական պատերազմին վերաբերող հայտնի անեկդոտը. մեկ բոլշևիկներն են գրավում անտառը, մեկ՝ սպիտակգվարդիականները, մինչև գալիս է անտառապահն ու բոլորին դուրս անում։ 

Ռուս օգտատիրոջ կոպիտ միջամտությունը բացատրություն ունի։ Եթե խոսում եք մեր լեզվով (նայում եք մեր հեռուստաալիքները, պաշտում մեր էստրադայի «աստղերին»… և այլն), ո՞վ եք դուք, պորտաբույծներ, որ քննարկեք մեր երկրի վիճակը…

Աստծու սիրույն, մենակ թե ասածիցս չեզրակացնեք, թե հայերեն պետք է գրել, որ հանկարծ ռուսները չիմանան։ Թող իմանան, և անխուսափելի է, որ մի օր չառերեսվեք, բայց ռուսերեն իրենց ֆորումներում գրեք (ու տեսեք, թե ոնց են համախոհ այլազգիներին թույլ տալիս քսմսվել, ընդդիմախոսների վրա մաղձ թափելիս՝ անպայման անպատվում նրանց ազգությունն ու երկիրը), իսկ ձեր հայ ընկերների հետ շփվեք հայատառ, հայերեն։ 

Չէ որ ընդամենը մի քանի օր առաջ էր, որ ձեր գլխավոր նկարը փոխարինել էիք սև քառակուսով, որպես հայրենասեր։ Բայց կարո՞ղ ես հայրենասեր համարել ինքդ քեզ, եթե չես գիտակցում, որ ով ուրիշի լեզուն է օգտագործում, առնվազն ուրիշ երկրի ազդեցության գործակալ է։ Հակառակ դեպքում մեծ երկրներն ահռելի գումարներ չէին ծախսի իրենց լեզուն աշխարհում տարածելու համար։ Եվ որ ընդամենը մի՝ մայրենի լեզուն ամբողջ մի կյանքի ընթացքում սովորելն ու գործածելը նվազագույնն է, որ պետք է անել հայրենիքի համար։

Թե չէ մեկ էլ տեսար ձեր անմեղ քննարկմանը կխառնվի Dmitry Gorovoy-ը, որը զրուցակիցներից ոչ մեկի ընկերը չի, ըստ իր էջի, ունի բավական խաղաղ մասնագիտություն՝ աշխատում է «Ստոլիցա» բժշկական կենտրոնում, բայց իր գլխավոր նկարում խրոխտաբար… գնդացիր է առել ձեռքը… Իսկական «պերմյակով»։ Եվ ձեզ կուղարկի «ֆեյսբուքյան» գլխավոր նկարի տեղը սև քառակուսի դնելու։ Բառի բուն կամ փոխաբերական իմաստով։  

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *