Հայկական հեռուստաեթերում շատ չեն ինտելեկտուալ խաղերը, ինչը չի համապատասխանում խելացի ազգի մեր ինքնագնահատականին։ Հանրային հեռուստաընկերության «Հայ-Q» հեռուստախաղը, որն արդեն 3-րդ եթերաշրջանն է հեռարձակվում, այդ սակավաթիվներից մեկն է։
Խաղի կառուցվածքը հետեւյալն է։ Երեք հոգուց բաղկացած 3-ական թիմ մրցում են ամեն հաղորդմանը, լավագույնը վերջին փուլում դրամական մրցանակ է ստանում իր վաստակած «հայ-Q»-ների չափով, ինչպես կոչվում են միավորները՝ որպես վերնագրի հաջող բառախաղի շարունակություն։
Խաղը հեղինակային է՝ Վահան Ազատյանն է ստեղծել, ինչը շատ ողջունելի է, բավական դինամիկ է, վարողը՝ Արման Աբովյանը, ինտելեկտուալ խաղերի մեծ փորձ ունի։ Հաղորդումն իր բնույթով նաեւ Հանրային հեռուստաընկերության կոչմանն է վայելում։
Չեմ ուզում «Հայ-Q»-ն համեմատել արտասահմանյան ինտելեկտուալ խաղերի հետ, որոնք հիմնականում միջազգային հայտնի նախագծեր են՝ մեր ներուժի ոչ համարժեքության պատճառով, այլ խոսել որոշ թերությունների մասին, որոնք բնորոշ են ոչ բոլոր հաղորդումներին եւ հաղթահարելի են թվում։
Առաջինը վերաբերում է հարցերին։ Դրանց մեջ պատահում են չափից դուրս պարզունակները։
«Քանի՞ շոշափուկ ունի ութոտնուկը», «Ո՞ր պատկերասրահն է ստեղծել Տրետյակովը» հարցերը հնչում են որպես հումոր, բայց տրվում են լուրջ։ Առաջարկ. եթե, դիցուք, ութոտնուկի մասին հարցում օգտագործվեր հունարեն Ὀκτάπους բառը, հնարավոր է, որ մասնակիցներն ինտելեկտ բանացնելու առիթ ունենային, իսկ պատկերասրահի հետ կապված միգուցե խաղարկվեր հոկեյի հայտնի ռուս դարպասապահ Վլադիսլավ Տրետյակի ազգանունը։
Անցանկալի հարցերի հաջորդ խումբը «անպատասխանելիների» կարգից է. դրանք ոչ մի ինտելեկտուալ պարտավոր չէ իմանալ, իսկ տրամաբանելով գուշակելն էլ անհնար է.
«Ո՞վ է «Ուլյանով եղբայրներ» օպերայի հեղինակը» – «Յուլի Մեյտուս» (About 2,080 results(0.37 seconds) – ռուսերեն Գուգլ),
«Համաշխարհային գրականություն» թեմա. «Ինչպե՞ս է կոչվում Մուհամեդ Ալիի ինքնակենսագրական գիրքը», «Ֆրանսիացի ո՞ր գրողն է գրել «Գիգին» ստեղծագործությունը – «Պոլետե» (գուգլելու առաջին մի քանի րոպեն օգուտ չեն տալիս, հետագա պրպտումներով ի հայտ է գալիս Կոլետը)։
«Ո՞ր թվականին է սկսվել Սպիտակ տան շինարարությունը» (եթե Օբաման իմանա, արդեն վատ չի):
«Եվրոպական ո՞ր քաղաքում Վինի Թուխի անունով փողոց կա» (Վինի Թուխի նեղ մասնագետների շահումը)։
3-րդ խումբը սխալ հարցերն են՝
«Ըստ հին հունական դիցաբանության՝ գիշերվա աստվածուհին՝ Նիկիտան, սովորաբար պատկերվում է երկվորյակները ձեռքերի մեջ։ Երկվորյակներից մեկը Հիպնոսն է՝ քնի աստվածը, մյուսը՝ Տակատոսը։ Ինչի՞ աստվածն էր Տակատոսը»։ Խոսքն այստեղ Թանատոս աստծո մասին է, որի անունը թղթից «Տակատոս» է կարդում վարողը 2 անգամ եւ շեշտված (20.44). մասնակիցները չեն գուշակում պատասխանը, լսարանն էլ չգիտես ինչու ծափ է տալիս։
Հարցերի վերաբերյալ կավելացնեի միայն, որ փոքր է հայկական թեմաների չափաբաժինը։ Մասնավորապես, եթե 2-րդ եթերաշրջանի եզրափակիչ խաղում պետք է սովետական ֆիլմ ընտրվեր, ինչու՞ «Չի կարող պատահել» իրոք հիանալի կատակերգությանը չէին կարող փոխարինել «Մենք ենք, մեր սարերը», «Եռանկյունին», «Սարոյան եղբայրները», որոնք նոր սերունդը նույնպես… բավականաչափ լավ չգիտե։
Եվ վերջապես, «Հայ-Q» հեռուստախաղին կվայելեր ավելի մաքուր հայերեն։ Օրինակներ. «Նեյրոնը» հաղթեց կոճակը», «լՌացուցիչ», «ԱստԸղիկ», «Հիպնոզ», «ՆեմեզիԶ»՝ վարողի կողմից, «Ինչո՞վ էր նվագում Պույ-պույ մկնիկը»-«Դուդուկով»՝ խմբագիրների (վարող՝ « Տերեւով»)։
Եվ վերջապես – 2։ Առաջարկս է ռեժիսոր Հարություն Սեմերջյանին, հեղինակ-պրոդյուսեր Վահան Ազատյանին, գլխավոր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որ վարողի իմիջն ավելի շատ համապատասխանեցվի նրա բիո-էներգետիկական տվյալներին՝ Արման Աբովյանը քիչ բղավի, խոսի ավելի հանգիստ ու հավասարակշիռ ոճով, ինչից, հեռուստադիտողի իմ կարծիքով, կշահի այս օգտակար եւ ընդհանուր առմամբ դիտելի հաղորդաշարը։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: