Հայաստանի Ազգային Ժողովում հավատարմագրված լրագրողներին հատուկ թերթիկներով հիշեցրել են իրենց պարտականությունների մասին: Իրավունքների մասին թերթիկում ոչինչ չի եղել: Եթե չեմ սխալվում, լրագրողները պետք է որ նաեւ իրավունքներ ունենան: Դրանք հիշեցնող հատուկ թերթիկներ չկա՞ն:
Կարդում եմ՝ «ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողը պարտավոր է մասնագիտական գործողության իրականացման ընթացքում հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը»: Պատիվը, արժանապատվությունը հասկանալի է, իսկ, այ, օրինական շահերը որո՞նք են, ինչպե՞ս պետք է դրանք պաշտպանի հավատարմագրված լրագրողը ու, օրինակ, ի՞նչ անի, եթե ՀՀԿ-ական պատգամավորի օրինական շահը հակասության մեջ է «Ժառանգության» պատգամավորի օրինական շահի հետ: Որտե՞ղ է սահմանված ՀՀ ԱԺ պատգամավորի օրինական շահը: Իսկ անօրինակա՞նը:
Սահմանված մյուս պարտականությունները հասկանալի են՝ չխոչընդոտել պատգամավորների ծառայողական պարտականությունների կատարմանը, ներկայացնել եւ կրել հավատարմագիրը եւ այլն: Բայց ցանկն ընթերցելիս մի բնական հարց էլ է առաջանում՝ հյուրը, իսկ լրագրողները հյուրեր են ԱԺ-ի շենքում, առաջին հերթին նայում է, թե ինչպես է իրեն պահում տանտերը (ԱԺ պատգամավորները, աշխատակազմը): Ի՞նչ օրինակ են ծառայում իրենց օրինական շահը կատարող ԱԺ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը: Գուցե արժե՞ր պարտականությունների մասին մի թերթիկ էլ տալ լրագրողի ծնոտը պոկել սպառնացող ԱԺ պատգամավորին եւ «Ա1+»-ի լրագրողի թաբլեթը խլող ԱԺ աշխատակազմի աշխատակցին: Տեսնես նրանք ի՞նչ ռեակցիա կտային այդ գրությանը:
Հասկանալի է, որ ԱԺ-ում ցանկանում են կանոնակարգել լրագրողների աշխատանքը, անգամ հնարավոր է, որ կանոնակարգելու տեղ կա: Բայց նաեւ պարզ է, որ լրագրողի՝ ԱԺ-ում կամ ցանկացած այլ պետական գերատեսչությունում, հանրային վայրում, հանրային միջոցառման ժամանակ լրագրողի աշխատանքի առանձնահատկությունները, էթիկական նորմերը, անգամ հագուկապը նախ որոշում են խմբագրությունները, որտեղ աշխատում են այդ լրագրողները: Սա խմբագրական քաղաքականության խնդիր է:
Ինձ համար գոնե ակնհայտ է՝ այն փոփոխությունները, որ ԱԺ-ում լրագրողների աշխատանքում կատարում են կամ նախատեսում են կատարել այդ գործի պատասխանատուները, առաջին հերթին վնասելու են լրագրողների՝ իրենց աշխատանքի լիարժեք կատարմանը: Ինչքան էլ կոմսետիկ տեսակետից փոփոխություններ պետք են, պարզ է, որ Ազգային Ժողովը Հայաստանում եզակի տեղ էր, որտեղ լրագրողը կարող էր ուղիղ աշխատել ԱԺ պատգամավորների, ԱԺ ղեկավարության, երբեմն էլ նախարարների ու վարչապետի հետ: Գործողությունները, որ արվում են, չնայած առերեւույթ այլ բացատրություններին, առաջին հերթին այդ ազատ աշխատանքը խոչընդոտելու համար են:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: