Հունիսի 18-ին ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն նետեց ցանց։ Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին մասնակցող ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի անունից կեղծ տեղեկատվություն տարածվեց:
«Корюн Нагапетян попросил азербайджанскую делегацию не называть армян оккупантами: «Покорно прошу вас. Мы прибыли сюда, чтобы войны больше не было. Мы не желаем войны. У Армении нет ни желания, ни сил воевать»:
Այս ապատեղեկատվության սկզբնաղբյուրը, որը մի շարք հայաստանյան լրատվական կայքեր առանց մտածելու արտատպեցին եւ նույնիսկ վերլուծություններ արեցին, ադրբեջանական APA լրատվական գործակալությունն էր։
Օրինակ` Zham.am-ը մեծ նյութ պատրաստեց` գրելով, որ անթույլատրելի է այդպիսի անպատասխանատու ելույթներով հանդես գալը», հետո եզրակացրեցրեց` «Մտածե՛ք սրա մասին, քանզի դա առաջին հերթին հենց ձեր շահերից է բխում»: Ապատեղեկատվությունը տարածեցին նաեւ «Հրապարակ»-ն ու Operativ.am-ը:
Հայկական լրագրության մեջ մի լուրջ խնդիր կա` լրատվամիջոցներն Ադրբեջանից եկող տեղեկատվությունը շատ հաճախ արտատպում են` առանց դրանք ստուգելու կամ փաստերը ճշտելու: Իսկ ադրբեջանական լրագրության առանձնահատկությունն այն է, որ երրորդ կողմ հանդիսացող քաղաքական գործիչների` Արցախի հետ կապված հայտարարությունները գրեթե միշտ միտումնավոր խեղաթյուրվում են, որպեսզի ադրբեջանցիներին ձեռնտու թեզերը շրջանառվեն ուրիշների շուրթերով:
Այսքանը կարելի էր սովորել կարճ ժամանակվա ընթացքում, բայց մեր լրատվամիջոցները շարունակում են արտատպել ապատեղեկատվությունը` դառնալով Ադրբեջանի քարոզչության մասնագետների մանկլավիկը: Իսկ ադրբեջանական քարոզչությունն այս պարագայում, բնականաբար, մի քանի անգամ ուժեղանում է. մի բան է, երբ նյութը կարդում ես ադրբեջանական լրատվամիջոցում, մեկ այլ բան` երբ այդ նյութն «օրինականացվում» է հայկական լրատվամիջոցի կողմից:
Քարոզչության իմաստը հակառակորդի հասարակության վրա ազդեցություն ունենալն է, բարոյալքման մթնոլորտ ստեղծելը, իրենց ուզած թեզերը շրջանառելը եւ այլն: Իսկ ապատեղեկատվություն արտատպելով` հայաստանցի լրագրողները փաստացի աշխատում են հենց այդ ուղղությամբ, անում են այն, ինչ պետք է ադրբեջանական քարոզչությանը:
Ադրբեջանական տեղեկատվություն մեջբերելիս գոնե պետք է նշել, որ ներկայացվածը չճշտված տեղեկատվություն է, էլ չասած, որ դրա հիման վրա վերլուծություն կամ ինչ-որ ենթադրություններ անել ընդհանրապես չի կարելի, առավել եւս, որ ճշտելու հնարավորություններ կան, որոնցից մեր լրագրողները շատ քիչ են օգտվում: Այդ տեսանկյունից ադրբեջանցի լրագրողներն հաճախ ավելի պրոֆեսիոնալ են աշխատում` նրանք հաճախ զանգում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ճշտումներ են կատարում, մեզ մոտ դա շատ հազվադեպ է լինում:
Մեր լրատվամիջոցներում հաճախ կարելի է հանդիպել նյութերի, որտեղ լրագրողը գրում է՝ «Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն…»` չնշելով անգամ, որ ԱՊԱ-ն ադրբեջանական գործակալություն է, ինչն ընթերցողը պարտավոր չէ իմանալ: Եվ ստացվում է, որ հայկական լրատվամիջոցը ստորագրում է ադրբեջանական լրատվամիջոցի տարածած տեղեկատվության տակ:
Իրականում լրագրողները պետք է միշտ հիշեն, որ․
ա․ Արցախի հետ կապված` ադրբեջանական լրատվամիջոցների տարածած բոլոր հայտարարություննները պետք է ընդունել որպես կարծիք, ոչ թե փաստ, եւ պետք է փորձեն ստուգել տեղեկատվությունը:
բ. Տեղեկատվությունը պետք է ստուգել մի քանի աղբյուրից:
գ․ Նման դեպքերում կարելի է պատվիրակության անդամների հետ նախապես պայմանավորվել տեղեկատվություն տրամադրելու մասին:
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: