Նկատելի է, որ վերջին օրերին սոցցանցերի հայաստանյան հատվածում ու մեդիայում պատերազմական իրավիճակ է: Այդ պատերազմը սկիզբ է առել եվրոպական երգի մրցույթից ու եկել հասել ամենաթաքնված հոգեբանական շերտերը` արթնացնելով մարդկանց հոգում սեփական կարևորության գիտակցումը: Գրում, մեկնաբանում, իրենց ցասումն ու վստահ դիրքորոշումն են հայտնում բոլորը:
Տեսակետ հայտնելը բավարար չեղավ, հարկ համարվեց նաև նսեմացնել, հայհոյել ու ծաղրել հակառակ տեսակետն ունեցողներին: Այդպես ոմանք (երկու կողմերում էլ գտնվող) ոչ միայն սեփական աչքում են բարձրանում և ձեռք բերում «սկզբունքային» մարդու իմիջ, այլև ապացուցում են, որ իրենց աշխատանքը լավ են կատարում:
Թվում է, որ «Եվրատեսիլի»-ը այսպիսի ալիք չպիտի բարձրացներ (երկրորդական մրցույթ է ոչ հաջող երգերով), բայց այս տարվա մրցույթի հաղթողի անունն ու կերպարը Հայաստանում իմացան անխտիր բոլորը (հետաքրքիր է՝ որևէ մեկը հիշու՞մ է անցյալ տարվա հաղթողի անունը):
Եվ ստացվեց այնպես, որ մորուսավոր կնոջ կերպարանքով մեղեդային երգ կատարած Կոնչիտա Վյուրստն իր ափի մեջ հավաքեց հայաստանյան տեղեկատվական դաշտն ու շարունակում է բորբոքված պահել ոչ միայն սոցցանցերը, այլև դասական մեդիան:
Տարօրինակ ու հուզումնառատ կին/տղամարդ Կոնչիտան առիթ դարձավ խոսելու ընտրությունների, քաղաքականության, սեռական խնդիրների, մարդկային զզվանքի ու հարգանքի, պետական ուղու ու ազատականության մասին: Նաև համեմատելու ընդհանուր հումանիստական դրույթներն ու պապենական ադաթները, եվրոպական ու հայկական արժեքները (կարծես դրանք հակադրվում են):
Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ մարդիկ սկսեցին համախմբվել, բանակ կազմավորել ու պարբերաբար գրոհել այլախոհների դեմ: «Այլասերված Եվրոպան» ու «նամուսով Հայաստանը» բախվեցին իրար վիրտուալ դաշտում: Ուրիշ գույն չկա. միայն սև ու սպիտակ:
Մրցույթը հեռարձակող «Հ1»-ն արդեն տարիներ շարունակ եթերից կոչեր է անում` համախմբվել ու ազգովի սատարել մեր երկրի մասնակցին: Շատերի համար ազգային հատկանիշով համախմբման հրամանը արդեն ենթագիտակցական ռեֆլեքս է՝ երբ այն հնչում է, տրամաբանությունը արգելակում է, ինչպես, օրինակ, Կոնչիտային դեպքում եղավ. պարզվեց, որ համախմբվելու համար անպայման պետք է քարկոծել, ոչնչացնել, ձեռ առնել: Համախմբվել`դեմ լինելով: Է’լ ավելի համախմբվել` դեմ լինելու դեմ արտահայտվողների դեմ պայքարում:
Միավորման ուրիշ կոդ կարծես չի մնացել, միակը ազգովի ինչ-որ բանի (ցանկալի է ոչ թե Հայաստանի ներսում, այլ դրսում բուն դրած թշնամու ու թշնամական հովերի) դեմ պատերազմելն է:
Այդպես արդարացվում է փակ, նեղ, ագրեսիվ ու պաշտպանված լինելու գաղափարը, որը բավականին հաջող է գործում ավտորիտար պետություններում: Այդ գաղափարի առաջխաղացումը ապահովում է մեդիան:
Եվրոպական ազդեցության դեմ գրոհները սոցցանցերում ու մամուլում առաջին հերթին խթանում են մեդիա ակտիվիստները, որոնց մասնագիտությունը թեման վառ պահելն ու ճյուղավորելն է (ըստ պատվիրատուի ճաշակի, իհարկե):
Սոցցանցերում կարկառուն ակտիվիստները վաղուց են գործում: Նրանք քաղաքացիական պատերազմների լոկալ աղբյուրներ են ստեղծում` կատարելով տեղակատվական նետումներ ու թույլ չտալով, որ թեման մարի:
Կարելի է ասել, որ նրանք քաղաքացիական պատերազմներին հատուկ պարտիզանական գործողություններ են կատարում: Օրինակ՝ ապահովում են տեղեկատվության այնպիսի ծավալ ու ֆորմա, որն անհնար է անտեսել:
Հիմա Կոնչիտան այնքան շատ է հիշատակվում, որ հնարավորություն է տալիս ինչ ասես թաքցնել նրա մասին ակնարկներում, կոլաժներում, ստատուսներում, մեկնաբանություններում, ռեպորտաժներում: Եվ հարցը միայն այն չէ, որ առանց Կոնչիտայի մենք ավելի լավն ենք, այլ լավն ենք միայն Կոնչիտայի դեմ հարայհրոցով խոսելով, որպեսզի նրա ֆոնին Հայաստանի ներկայիս վիճակը տանելի թվա:
Իսկ դասական մեդիան, որը սնվում է սոցցանցերից ու հենց ցանցում էլ ապահովում է իր թրաֆիքը, սկսում է հարայհրոցի հետ միասին ձեռք բերել այն անպատասխանատվության հմայքն ու թեթևությունը, որի շնորհիվ էլ օրեցօր աճում է սոցցանցերի ազդեցությունը:
Այս իրավիճակում լրագրողական նյութերի ընթերցված լինելն ուղիղ համեմատական է նյութերում տեղ գտած կոնյունկտուրային զրնգոցի, կտրուկ, հնչեղ, մակերեսային բնութագրություններով լցված լինելու հետ:
Դա, թերևս, դեղին մեդիա չէ, ավելի շուտ` գույնզգույն: Մանր-մունր զրնգոցները ստեղծում են օպերատիվության ու սկանդալի շղարշ և, ի վերջո, ամենից շատը ընթերցվում:
«Եվրատեսիլ»-ի մասին գրգռված ու հախուռն կարծիքներ հրապարակվեցին, իրենց տեսակետը շրջանառության մեջ դրեցին մութ անցյալ ունեցող պատգամավորները, քաղաքական տեխնոլոգները, կրոնական փոքրմասնությունները:
Անգամ «Հ1»-ն իր գլխավոր լրատվական թողարկման ընթացքում հատուկ անդրադարձ կատարեց «Եվրատեսիլ»-ի հաղթողին և խորհուրդ տվեց նրա երկրպագուներին գնալ ծառեր տնկել (ինչը, թերևս, պետք է ընկալել որպես քաղաքապետարանին ուղղված կշտամբանք, չէ՞ որ կանաչ տարածքները անընդհատ քչանում են):
Ընդհանուր հիստերիկ-ազգայնական այս մեդիա ֆոնին ցանկացած ոչ զգույշ արտահայտություն, անգամ բառ, տապալում է ենթադրում:
2008 թվականին այդպես եղավ երգչուհի Նունե Եսայանի հետ, ով ասուլիսում ասաց, որ մարտի 1-ին զոհված մարդիկ իրենց մեղքով են սպանվել, ավելի լավ կլիներ՝ տանը նստեին ու փողոց դուրս չգային: Իսկ հիմա «Եվրատեսիլ»-ի ժյուրիի անդամներ Ինգա և Անուշ Արշակյաններն են տարակուսելի միտք հայտնել հոգեկան հիվանդների, նույնասեռականների ու զզվանքի մասին:
Ինֆորմացիոն պատերազմներում այդպես է՝ փոքր կայծից մեծ խարույկ է բռնկվում: Մանավանդ, որ կայծեր (և խայծեր) մոգոնելու ու տարածելու գործում հմուտ մասնագետներ կան: Նրանք հարկ եղած դեպքում հիշատակում են Մայր Հայաստանն ու իրենց տղամարդավարի խոսքն ասում չսափրված երգիչների ու քրիստոնեական արժեքների մասին: Խորհուրդ տալիս ոչ թե կոռուպցիայի, այլ նույնասեռականների դեմ պայքարել:
Սովորաբար երբ լարման ջերմաստիճանն անընդհատ աճում է, պահանջ է առաջանում վերաիմաստավորել տարբեր միֆերը, վախերն ու կոչերը: Ի վերջո, նաև նոր փաստարկներ գտնել, քանի որ ազգային միաբանության կոչն ընդդեմ Կոնչիտայի մի տեսակ մանր է հնչում:
Պատերազմները երբեմն բարեբեր են: Առավելևս նրանք, որոնք կարծրատիպեր են քանդում ու մտքեր գունավորում:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: