Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը Ռուսաստանում հրապարակվող «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում բավականին տարակուսելի մտքեր է հայտնել:
Ռուսաստանցի դիվանագետը հայտարարել է, որ Հայաստանի ինֆորմացիոն դաշտում անհրաժեշտ է նոր մեթոդներ կիրառել: Նա մասնավորապես ասել է. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվ հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Դրանում որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:
Դեսպանը նաև հիշատակել է Ռուսաստանում գործող այն օրենքը, ըստ որի` արտասահմանից ֆինանսավորվող ու Ռուսաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունեցող ցանկացած ոչ առևատրային կազմակերպություն հավասարվում է օտարեկրյա ագենտի:
Իվան Վոլինկինն ասել է. «Ի դեպ, Ռուսաստանում օրենք է ընդունվել, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենց գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում ո’չ Ռուսաստանին, ո’չ Հայաստանին»։
Մի կողմ դնենք «բարեկամություն», «բարի» փիլիսոփայական բառերն ու անդրադառնանք բուն օրենքին: Արդեն երկու տարի ուժի մեջ մտած այս օրենքը առաջին հերթին հարվածեց Ռուսաստանում գործող իրավապաշտպան ու բարեգործական այն միջազգային կազմակերպություներին, որոնք զբաղվում էին իրազեկմամբ: Օրենքը թույլ տվեց ստուգումներ անցկացնել հասարակական կազմակերպություններում՝ ստիպելով նրանց գրանցվել որպես «օտարեկրյա գործակալ»:
Քաղաքացիական, բնապահպանական և այլ նախաձեռնություններով զբաղվող կազմակերպությունների դեմ վարչական վարույթներ հարուցվեցին:
Ամենաաղմկահարույցը ընտրողների իրավունքները պաշտպանող «Գոլոս»-ի դեպքն էր, ինչպես նաև վերլուծական, գենդերային հավասարության ու հակադիսկրիմիանցիոն կենտրոնների գործերը: Որոշ կազմակերպություններ, խուսափելով ուժգնացող հետապնդումներից, ինքնալիկվիդացվեցին, տևական ժամանակով կանգ առավ նաև «Գոլոս»-ի գործունեությունը: Այս պահի դրությամբ մի քանի տասնյակ ՀԿ-ներ իրենց մաշկի վրա են զգում օրենքի ազդեցությունը:
Այս օրենքը կարող է կիրառվել նաև յուրաքանչյուր մեդիա միավորման դեմ, եթե այն գոնե մասամբ ֆինանսավորվում է դրսից, օրինակ, գումար է ստանում արտասահմանյան հաշվեհամարից (նույնիսկ եթե դա մեդիայի ղեկավարի քեռու աջակցությունն է):
Բնական է, որ մեդիան քաղաքական դերակատարում ունի, քանի որ անդրադառնում է քաղաքական անցուդարձին: Եվ այդ երկու գործոնները (քաղաքականություն և դրսից ստացված գումար) բավարար են օրենքի կիրառման, տուգանքների նշանակման և գործունեության կասեցման համար:
Ինֆորմացիայի ազատ շրջանառությունն արգելակող այս օրենքը դանդաղ աշխատող ռումբի է նման. ցանկացած ժամանակ այն կարող է գործի դրվել ու նորանոր ստուգումների պատրվակով խոչընդոտել այս կամ այն (իշխանությունների համար անցանկալի) կազմակերպության աշխատանքը:
Թերևս, Ռուսաստանի հենց այդ փորձն էր մատնանշում դեսպան Վոլինկինը, ով օգտագործեց «չեզոքացնել» եզրը` նկատի ունենալով «կասեցնելը»: Իսկ իր ասածը ավելի պատկերավոր դարձրեց «սեպ խրելու» նկարագրությամբ:
Ուշագրավ է, որ անառարկայական սեպ խրողներին օրենքով չեզոքացնելու հորդորը հնչել է «Նոյեվ կովչեգի» լրագրողի հետևյալ հարցից հետո. «Հայաստանում երկար տարիներ գրանտերով գործում են տասնյակ ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք եվրոպական արժեքներ են քարոզում, իսկ երբեմն բացեիբաց հակառուսական պրոպագանդա են իրականացնում: Չե՞ք կարծում, որ Ռուսաստանը պետք է ավելի լրջորեն զբաղվի հայ-ռուսական հարաբերությունների քարոզով բոլոր ուղղություններով և դրանով իսկ հարված հասցնի նրանց, ովքեր այդ հարաբերությունների մեջ սեպ են խրում»:
Ինչպես ասում են, պատասխանը համարժեք է հարցին: Եվ սա այն դեպքն է, երբ լրագրողի հնչեցրած մերկապարանոց մեղադրանքն ու «սեպ խրելու» գործողությունը մեջբերելը հաճելի արձագանք գտավ դեսպանի պատասխանում: Լրագրողն ու դեսպանը իրար լավ հասկացան:
Ռուսական ասացվածք կա. «Սեպը սեպով են հանում»: Այսինքն՝ պատի մեջ մնացած փայտի բեկորը հանելու համար այն մեկ այլ փայտի բեկորով են հրում: Եվ եթե լրագրողներն այսպիսի «վճռական» հարցեր են տալիս, ապա պատասխանը պիտի է’լ ավելի վճռական լինի: Դա թույլ է տալիս չեզոքացնել առաջին սեպը, որը խանգարում էր կառույցին:
Իվան Վոլինկինի այս հայտարարությունը Հայաստանի մի շարք ՀԿ-ներ և քաղաքացիներ գնահատեցին որպես դիվանագիտական նորմերի խախտում և կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին:
Ի վերջո, այն, ինչ իրեն կարող է թույլ տալ լրագրողը, դիվանագետը չի կարող:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: