Ինչպես ամեն ինչը Հայաստանում, այնպես էլ մեդիան մուտք է գործում անորոշության փուլ: Դա այն փուլն է, որը պայմանականորեն կարելի է կոչել սառեցված հոգեվարք (երբ լիակատար ապաքինումն անհնարին է, հոգեվարքը մահից գերադասելի է): Եվ այդ վիճակում հիվանդության մասին ավանդական պատկերացումները գլխիվայր շրջվում են, իսկ բուժման դասական միջոցները՝ անպտուղ դառնում:
Որպես կանոն՝ այս փուլում ամենից շատ սրվում են բնազդային ընկալումները, էֆեկտիվ են դառնում ոչ ռացիոնալ՝ ինքնաբուխ ու առաջին հայացքից անօգուտ գործողությունները, որոնք յուրահատուկ «սադրիչի» դեր են կատարում՝ օգնելով բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
Հայաստանի դիմադրողականությունը հիմա զրոյի է հավասարվել: Ենթադրելի է, որ շուտով (Մաքսային միության կազմ մտնելով) այն նաև զրոյից էլ ցածր է իջնելու: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում կաթվածահար վիճակում գտնվող նյարդերին գրգռող ազդակներ ուղարկելը բարեբեր է: Բա որ հանկարծ ստացվի՞…
Հայաստանում լրագրողներից ոմանք փորձում են հենց այդ սադրողի ու գրգռողի դերը կատարել՝ շատ լավ հասկանալով, որ այլ հնարավորություն չի մնացել, որ ուշքի բերելու համար գրոհող, անգամ «ահաբեկչական» միջոցներից խորշելը անարդյունավետ է:
Դա հատկապես տեսանելի է Ազգային ժողովի պատգամավորների ու խորհրդարանում հավատարմագրված լրագրողների մի մասի փոխհարաբերություններում, որոնք վերջին տարվա ընթացքում ավելի շատ բախումներ են հիշեցնում: Լրագրողներն անում են քայլեր, որոնք հենց սադրանքն են (գիտակցված, թե ոչ, երկրորդական է):
Այսինքն՝ հարցեր են տալիս հատկապես այն պատգամավորներին, որոնց կրթական մակարդակը, խոսելաոճը, վարվելակերպը, օրենսդրական դաշտի և հայերենի իմացությունը հուսադրող չեն:
Հարցերից խուսափել չկարողացող այդ պատգամավորների ցանկացած պատասխան միանգամից հայտնվում է մեդիայի ուշադրության կենտրոնում հաճախ որպես մեմ, բայց երբեմն նաև որպես ամենաթողության վավերացում: Իսկ ամենաթողությունը, ինչպես գիտենք, սահմաններ չունի և կարող է կասեցվել միայն լրագրողական «տեռորով»:
Տարվա ընթացքում այդպիսի պատգամավորներից էին, օրինակ, Սամվել Ալեքսանյանը (ով անթաքույց հեգնում էր լրագրողներին), Մհեր Սեդրակյանը (ով սպառնացել էր լրագրողի «ծնոտը պոկել»), Կարեն Կարապետյանը (ով լրագրողին անվանեց «կազյոլ»), Վարդան Այվազյանը (ով լրագրողին դիմեց «փոշտի թանաքաման» տարօրինակ ձևակերպումով): Չդիմացավ նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով, նյարդանանալով, լրագրողներին «հաստավիզ մամուլի ներկայացուցիչներ» որակեց:
Իսկ վերջերս, երբ ԱԺ-ում պետք է վավերացվեին գազային համաձայնագրերը, Առաքել Մովսիսյանը, ձեռքերը թափահարելով, լրագրողի հասցեին հոխորտաց. «Էս կապիկներին հանեք ստեղից»: Իսկ հետո «ս» տառով սկսվող միջազգային հայհոյանք բարձրաձայնեց:
Լրագրողները պատգամավորներին նյարդացնում են, բորբոքում, դուրս հանում նրանց իրենց հարմարավետ ու կիսակրիմինալ կաղապարներից, տարածում նրանց «մտքի գոհարները», մի խոսքով՝ սադրում են, որպեսզի հանրությունը մի քիչ ավելի իմանա իր «ընտրյալների» ու, ի վերջո, հիվանդ Հայաստանի մասին:
Ու թեև հաճախ հենց լրագրողներն են կշտամբվում ոչ պրոֆեսիոնալ լինելու համար (և արդարացի), սակայն զուգահեռ յուրաքանչյուրիս մոտ էլ ներքին հարց է ծագում՝ բա որ հանկարծ ստացվի՞…
Լրագրությունը ճշգրիտ գիտություն չէ, այն կարող է սխալվել ու անգամ սխալ եզրակացություն անելու դրդել: Թերևս, կարևորը ոչ թե չսխալվելն է, այլ ժամանակի նյարդին դիպչելը:
Լրագրողները դա երբեմն անում են: Գրգռում են թմրած նյարդերը:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: