1996 թվականից սկսած՝ Հայաստանում անցկացվել են ընտրություններ, որոնց պաշտոնապես հրապարակված արդյունքները հավատ չեն ներշնչել հասարակությանը, եւ ԶԼՄ-ները որոշակի խնդիր ունեն, թե ինչ բնութագրեր պետք է օգտագործել երկրի փաստացի նախագահի անուն-ազգանունից (կամ միայն ազգանունից) առաջ:
Ընդգծեմ, որ խոսքը հիմնականում լրատվական տեքստերի եւ ոչ թե մեկնաբանությունների կամ վերլուծությունների մասին է. այդ դեպքերում հեղինակներն ավելի ազատ են ձեւակերպումների ընտրության մեջ:
Պաշտոնական եթերում գտնվող հեռուստաընկերություների համար նման խնդիր կարծես թե չկա՝ «Հայաստանի նախագահը», «նախագահ Սարգսյանը», որը իմ կարծիքով՝ ճիշտ տարբերակ է: Պակաս գերադասելի է «երկրի ղեկավարը», «պետության ղեկավարը». այդ արտահայտություններում չեզոքության մակարդակը մեկ աստիճանով իջնում է:
Թեեւ զուտ ձեւական առումով սխալ չկա, բայց այս վերջին բառակապակցություններում առկա է լրատվական տեքստին ոչ հատուկ խիստ դրական երանգավորումը (այն, ինչ անգլերեն կոչվում է connotation):
Ընդդիմությունն այս 17 տարում նախագահի անունը արտասանելիս կամ չարտասանելիս սովորաբար օգտատործում է հետեւյալ ձեւակերպումները՝ «նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը» կամ ավելի թունդ՝ «նախագահի աթոռը բռնազավթած այսինչը»:
Բնականաբար, ընդդիմությանը համակրող ԶԼՄ-ները ընդօրինակում են այդ ոճը: Այստեղ կա մի քանի տարբերակ: Օրինակ՝ ժամանակին «Այժմ» եւ «Իրավունք» թերթերն առաջին նախագահին անվանում էին «պրեզ»: Շատ տարածված են նաեւ «լտպ», «ռք» եւ «սս» հապավումները, որոնք իմ կարծքով՝ խոսում են ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլեւ պետական արժանապատվության պակասի մասին:
Իհարկե, երբ մենք մեջբերում ենք քաղաքական գործիչների խոսքերը, «զբաղեցնողը» կամ «բռնազավթածը» միանգամայն ընդունելի են, իհարկե, չակերտներում: Բայց մենք՝ լրագրողներս, ինչպես հայտնի է, պիտի լինենք իրադարձությունների լուսաբանողը, ոչ թե մասնակիցը:
Երբեմն լրատվամիջոցները, հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների առանձնահատությունները, բայց չցանկանալով կրկնել ընդդիմության քաղաքական գնահատականները, կիրառում են համեմատաբար մեղմ տարբերակ՝ «գործող նախագահ»:
Բայց դա էլ տվյալ դեպքում հաջող արտահայտություն չէ, որովհետեւ պաշտոնական, «դասական» ձեւով այն կիրառվում է բոլորովին այլ հանգամանքներում: Օրինակ՝ Բարաք Օբաման ընտրվել էր 2008 թվականի նոյեմբերի 4-ին եւ այդ պահից համարվում էր ընտրված նախագահ (elected president), բայց մինչեւ 2009 թվականի հունվարի 20-ը նախագահի պարտականությունը կատարում էր Ջորջ Բուշ կրտսերը՝ նա գործող նախագահ էր (acting president): Այնպես որ «գործող նախագահը» կասկածելի լեգիտիմության ցուցիչ չէ, եւ ԶԼՄ-ների կողմից այդ նպատակով չի կարող օգտագործել:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ «երկրի դե ֆակտո նախագահ», բայց լրատվական տեքստում այդ արտահայտությունը չափից դուրս ծանր է հնչում:
Կա եւս մի լուծում՝ ընդհանրապես չնշել պաշտոնը եւ ասել կամ գրել միայն անուն-ազգանունը: Բայց դա էլ է խնդիրներ առաջացնում: Ենթադրենք՝ գրում ես՝ «ներկա էին Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»:
Եթե տեքտումդ չես ընդունում նախագահի լեգիտիմությունը, ապա ինչպե՞ս ես ընդունում նրա նշանակած պաշտոնյաների օրինակարգ լինելը: Գուցե նրանց պաշտոննե՞րն էլ չգրենք: Բայց այդ դեպքում երբեմն պարզ չի լինի, թե ում մասին է խոսքը: Օրինակ՝ բնապահպանության նախարար՞, թե՞ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի:
Լսել եմ նաեւ այսպիսի ձեւակերպումներ՝ «նախկին օդաչուները հավաքվել էին Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ»: Բայց նստավայրը անձնապես Սերժ Սարգսյանինը չէ, ՀՀ նախագահինն է: Կամ «ինչպես նշել է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը…»: Դարձյալ, այդ պաշտոնյան իր ծառայությունն է իրականացնում ոչ թե տվյալ անձի, այլ Հայաստանի նախագահի մոտ:
Մի խոսքով՝ լրատվական ճշգրտությունը եւ պրոֆեսիոնալիզմը իմ կարծիքով՝ պահանջում են ներկայիս, նախորդ եւ հաջորդ նախագահներին անվանել «ՀՀ նախագահ»:
Արամ Աբրահամյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: