2013.08.01,

Քննադատ

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմերի նախագծերի առիթով

«Թուրքիան, որ իր արտաքին քաղաքական ուղեգծում զորեղ կամք է ցուցաբերել` հարեւանների հետ առանց խնդիրների եւ փոխվստահելի հարաբերություններ հաստատել, միայն Հայաստանի հանդեպ է, որ դեռեւս չի կարողացել կարեւոր քայլ անել», – Հրանտ Դինք:

2010-ին` Ստամբուլում, հայ-թուրքական մի հանդիպման ժամանակ, թուրքերը շարունակ ակնարկում էին, որ շուտով լրանալու է Մեծ Եղեռնի100 ամյակը, եւ այդ կապակցությամբ հարկ է համատեղ մի նախագիծ մշակել: Մեր տվյալներով այդ խոսակցությունները մնացին օդում կախված, բայց արձագանքները թեժանում են այստեղ` Հայաստանում: 

Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցին ընդառաջ` ստեղծվել է պետական հանձնաժողով, որը համակարգելու է այդ իրադարձությանն առնչվող բոլոր միջոցառումները: Տարբեր կինոընկերությունների եւ անհատների կողմից Հայաստանի ազգային կինոկենտրոն են ներկայացրել մեծ թվով կինոնախագծեր: Անկախ փորձագետների խորհուրդը 2013թ. համար արդեն ընտրել է 20 նախագիծ, որոնց ֆինանսավորումը առանձին է, ոչ կինոկենտրոնի կողմից ամեն տարի ֆիլմերին հատկացվող բյուջեից: «Կինոաշխարհ» թերթում հրապարակել են վերոհիշյալ նախագծերի համառոտագրերը:

Ներկայացված 20 փաթեթների ուսումնասիրություններն ու նրանց համառոտագրերի ընթերցանությունը երկիմաստ մտքեր են առաջացնում:

Նշենք, որ ընտրյալների ցանկում կան եւ´ փորձառու, եւ´ բոլորովին անհայտ ու անծանոթ ռեժիսորներ, սցենարիստներ, որոնց, ըստ երեւույթի, ոգեւորել է Հայոց ցեղասպանության թեման եւ մոտալուտ կլոր տարելիցը: Ներկայացված հայտերում երբեմն միայն սցենարիստն է նշված, երբեմն` արտադրող ընկերությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ռեժիսոր չկա:

Հիմնականում բոլոր հայտերում պատմական էքսկուրս են կատարում դեպի անցյալ` այդ հետադարձ հայացքը հասնում է մինչեւ 1896 թվականը: Պատմության միջանցքներով, իհարկե, հրաշալի է ճամփորդել, բայց ավելի լավ կլիներ, որ հայտերին կից մեզ ներկայացվեր նաեւ նախագծերի բյուջեն, որպեսզի հասկանայինք, թե յուրաքանչյուր նախագիծ որքան է գնահատում իր ճամփորդությունը:

Պատմական ֆիլմեր նկարելու առաջին պայմանը մեծ եւ հաստատված բյուջե ունենալն է, երկրորդը` պրոֆեսիոնալ նկարահանող խումբ: Պատմական իրողության ճշմարտացի պատկերները վերստեղծելը մեծ գումարների հետ են կապված` կոստյումներ, դեկորներ, նկարիչների մեծ բանակ եւ այլ բազմաթիվ կարեւոր բաներ: Իսկ նախագծերում համարձակ անցումներ կան դեպի անցյալ, պատերազմական տեսարաններ, ջարդեր, քաղաքից քաղաք, երկրից երկիր տեղափոխություններ եւ այլն: Այս ամենը փող արժե:

Եվ Հայոց ցեղասապնությունն այն թեման չէ, որ նկարահանվի ու դրա մասին ոչ ոք չիմանա ու այդպես մարսվի գնա: Ռեժիսորներն ու պրոդյուսերներն արդյոք պատրա՞ստ են կրելու այս ահռելի պատասխանատվությունը, որ բխում է ընտրված թեմայից:

Չգիտեմ, թե ինչ հիմունքերով են ընտրել նախագծերը, բայց լավ կլիներ, որ այս դեպքում հենվեին դաշտում առկա միջազգային փորձին եւ սցենարների հետ պահանջեին նաեւ ռեժիսորների նախորդ աշխատանքները: Ցանկի ընտրությունը հուշում է, որ այդպես չի եղել:

Դատելով որոշ ռեժիսորների նախորդ աշխատանքներից, պարզ է` որ այդ մարդիկ երբեք չեն աշխատել նկարիչների հետ: Իսկ ինչպե՞ս են կառավարելու պատմական ֆիլմի ընթացքը:

Տարիներ շարունակ խոսում ենք այն մասին, որ մեր կինոյում պակասում են մասնագետներ, երկրորդ կազմ (второй состав) չկա (սերիալների նկարահանող խմբերի աշխատաոճի հետ չխառնել): Պատկերացրեք` այս բոլոր նախագծերի պրոդյուսերները որոշում են միաժամանակ արտադրության իջնել: Մասնագետների ու տեխնիկայի սարսափելի դեֆիցիտ կլինի, իսկ 2015-ը չի սպասում: Արտասահմանից մասնագետների ներգրավումն էլ բյուջեն կմեծացնի:

Ներկայացված հայտերի մոտ 20%-ը նույն կերպ է սկսվում. «ֆիլմը մի ընտանիքի պատմություն է…» եւ այլն: Մեր հեռուստաընկերություններն ամեն տարի ապրիլի 24-ին պատմում են Մեծ Եղեռնից փրկված ընտանիքների պատմությունները, նրանց մասին ռեպորտաժներ են անում, հեռուստաֆիլմեր պատրաստում: Նույնը կրկնում են հայտերը ներկայացրած կինոսցենարիստները: Բոլորը ձեռք ձեռքի տված, համերաշխ քայլում են այն «պողոտայով», որ վերջին 20 տարիների ընթացքում բացել են հեռուստաընկերությունները:

Երկու սցենարներում առկայծում է Արմին Վեգների կերպարը, ինչպես նաեւ մի քանի այլ սցենարներում նշվում է Սողոման Թեհլերյանի անձը: Մի խոսքով, հանրածանոթ կերպարների առումով նույնպես նորություն չկա:

Ընդհանրապես թեմաների ընտրությունները օրիգինալ չեն, հուսանք` կատարումը եւ կինոլեզուն օրիգինալ կլինի: Վերոհիշյալ հայտերից թերեւս կարելի էր ընտրել 4-5 սցենար, հասանելիք գումարը առանց տնտեսելու տալ նախագծերի արտադրող ընկերություններին ու սպասել արդյունքների: Այս բոլոր նախագծերը մեկ-երկու միլիոն եվրոյի մեջ չեն կարող տեղավորվել, իսկ թե 20 նախագծերից յուրաքանչյուրի համար պետությունը ինչքան գումար է նախատեսել, կրկին հարց է:

Ներկայացված են նաեւ համատեղ արտադրութան փաթեթներ, ինչը շահեկան է. հույս կա, որ դրսի արտադրող ընկերությունները բավականաչափ գումարներ կգտնեն ֆիլմերի համար: Իսկ թե ինչ են անելու առանց պրոդյուսեր նախագծերը, սա էլ մեծ հարց է: Նորություն չի, որ այսօրվա կինոյում (եթե տեղական շուկան չէ քո նշանակետը), պարզապես անհնար է առանց պրոդյուսեր եւ արտադրող ընկերություն քայլ անգամ անել:

Անդրադառնանք մի նախագծի համառոտագրի, որը կարծես թե տարբերվում է: «Էդջ Արթ Էնթրթեյմենթ» ընկերությունը ներկայացնում է Արտակ Սեւադայի «Ջենեքս» ֆիլմը: «25-ամյա Սալի Սողոմոնյանը տարիներ շարունակ իր ընտանիքի պատմությունից հոգնած` իրեն հեռու էր պահում ցեղասպանության թեմայից, բայց երբ նրա հայրը սպանվում է, նա հայտնվում է մի մեծ դավադրության կենտրոնում: RIN-LAND կորպորացիան թաքցնում է իր մասնակցությունը հայոց ցեղասպանությանը, սակայն Սալին ու փաստաբան Փիթերը պայքարում են, որ նրանց չհաջողվի կեղծել պատմությունը»:

Այս սինոփսիսը տարբերվում է պատմության ընտրությամբ: Իհարկե, զգացվում են հոլիվուդյան էքշըն ժանրի արձագանքները, բայց կարեւորն այն է, որ ռեժիսորը ցեղասպանության թեման եւ դրա լուծումը միայն անցյալում չի տեսնում:

Ի վերջո, այս ֆիլմերի միջոցով, մենք փորձելու ենք համաշխարհային հանրությանը մտածելու դրդել մեր մշակույթի ու պատմության մասին: Սպասվող ֆիլմերը հայ-թուրքական դիվանագիտական հարաբերութուններում որոշիչ չեն լինելու, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը գործի դատական, իրավական կողմն է, ֆիլմերը մշակութաբանական կոնտեքստից դուրս չեն գալու: Բայց Հայոց ցեղասպանության մշակութաբանական առումների քննությունը, կինոյի մեջ անդրադարձների ուսումնասիրությունը, առավել կամ նվազ ընդգրկումներով, կդառնա հետազոտության առարկա:

Դատելով նախագծերի ռեժիսորների եւ սցենարիստների տարիքից, պարզ է, որ բոլորը երիտասարդ են եւ հիմնականում անկախության սերունդ են, բայց մոռացել են իրենց ապրած ժամանակը: Պետք է չմոռանալ, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններն ակտիվացան անկախությունից հետո:

Երրորդ հանրապետության կոնտեքստում այս հարաբերությունները քսան տարվա պատմություն ունեն: Բայց վերոհիշյալ հեղինակներից եւ ոչ մեկը այս փատը չի նկատել կամ էլ անտեսել է: Մեծամասամբ գնացել են հայտնի արահետներով: Անտեսել են Հրանտ Դինքին եւ նրա հերոսական պայքարը: Կամ, որ «ASALA»-ի յուրաքանչյուր գործողություն կարող էր ցնցող կինոսցենարի վերածվել: Մոռացել են «ֆուտբոլոյին դիվանագիտության» թեման: Չեն հիշատակել, որ մեր առաջին եւ երկրորդ նախագահների այցից հետո միայն թուրքական կողմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստան այց կատարեցին:

Սրանք թեմաներ են, որոնք կարծես պակաս կարեւոր չեն: Բացի այդ՝ ժամանակակից թեման նվազեցնում է պատմական իրողության ծախսատար վերականգնումը, ինչը մեր երկրի դեպքում ցանկալի է հաշվի առնել: Կարճ` պատմություն ասվածը հիմնականում միակողմանի է մեկնաբանվել եւ զգացվում է ստեղծագործական երեւակայության պակաս:

Հայոց ցեղասապնության թեման հատկապես բացված է գրականության մեջ: Եթե հետեւենք Գրիգոր Հակոբյանի հետազոտություններին, պարզվում է, որ միայն 1896-1984 թթ դեպքերի նորավեպային անդրադարձներն արեւմտահայ գրականության մեջ ունեն 250-ից ավել դրսեւորում: Գրականության պարագծում ի հայտ եկան արհավիրքը պատկերող ստեղծագործություններ: Առաջ եկավ «աղետի» գրականություն տերմինը:

«Աղետ»-ը տարբերակ-հոմանիշներով գրական ընթացքում դարձավ ստեղծաբանական մետաֆոր, որի տարաբնույթ գեղարվեստական մեկնություններն ու ընթերցումներն ամբողջականացրեցին ու բյուրեղացրեցին արհավիրքի նորագույն գրականությունը: Պետք է փաստել, որ «աղետի» գրականությաան կրողները մեծամասամբ արեւմտահայ արվեստագետներն էին եւ են:

Հայաստանը մտնելով Սովետի կազմի մեջ, որոշ ժամանակով թեման փակվեց, ու կինոյի մեջ մինչեւ 1960-ականները արտահայտություն չունեցավ: Միայն վաթսունականների վերջում հայ կինոարվեստում թեման բացվեց: Պետք է նշել Արտավազդ Փելեշյանի մենումենտալ վավերագրական «Մենք» ֆիլմը (1969), որտեղ թեմաներից մեկը հայոց Մեծ Եղեռնն է, ապա Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1977), Ժիրայր Ավետիսյանի «Ձորի Միրոն» (1979-1980), Վիգեն Չալդրանյանի կարճամետրաժ «Ապրիլը» (1985), Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտը» (1990):

Արտասահմանում` Սովետական Հայաստանից անկախ, ցեղասպանության թեման նույնպես զարգացավ, այդ թվում ոչ միայն սփյուռքահայ ռեժիսորների կողմից: Ծագումով հույն ռեժիսոր Էլիա Կազանը իր «Ամերիկա, Ամերիկա» (1963) ֆիլմում շոշափում է հայ-թուրքական թեման: (Չմոռանանք, որ 1955 թվականին հայերի եւ հույների աղետալի ճակատագրերը մեկ անգամ եւս հատվեցին` Ստամբուլի եւ Իզմիրի կոտորածների ժամանակ: Մինչեւ հիմա անհայտ է անմեղ նահատակների կոնկրետ թիվը): 

Անրի Վերնոյը նկարահանեց «Մայրիկ» ֆիլմը, Ատոմ Էգոյանը` «Արարատը», Թավիանի եղբայրները` «Արտույտների Ագարակը», Էրիկ Ֆրիդլերը` վավերագրական «Աղետ» ֆիլմ, Սյուզան Խարդալյանը` «Մեծ մորս դաջվածքները», համշենահայ կինոռեժիսոր Օզչան Ալպերը` «Աշունը», «Ապագան ձգվում է հավերժ» ֆիլմերը, Սերժ Ավեդիքյանը` «Շների կղզին» անիմացիիոն կարճամետրաժ ֆիլմով նվաճեց Կաննի «Ոսկե Արմավենի»:

Նկարահանված խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի ցանկը ազդեցիկ է, բոլորին չես նշի, բայց եղած ֆիլմերից եւ ոչ մեկը չհասավ ստեղծագործական բացառիկ խտացումների. դեռեւս չունենք մեր «Շինդլերի Ցուցակը»:

«Հրեաները լավ գիտակցելով իրավունքի ընձեռնած հնարավորությունները, կարողացան կրոնից վերցնել «Աստծո ընտրյալ ժաղովուրդ», իսկ աշխարհից` «Երկրագնդի ընտրյալ ժողովուրդ» տիտղոսները: Մինչդեռ հայ ժողովրդի պարագայում այդպես չեղավ: Աշխարհը Հրեական ցեղասպանության նկատմամբ ըմբռնում ցուցաբերեց, ինչը չեղավ հայերի դեպքում»,- Հրանտ Դինք:

Ազգությամբ թուրք կինոռեժիսոր Թոմաս Արսլանը, ով համարվում է գերմանական նոր դպրոցի ներկայացուցիչներից, իր վավերագրական «Aus der Ferne» («Հեռվում»)  ֆիլմում հստակ նշում է Հայոց Ցեղասպանության մասին: 

Մեկ այլ գերմանաբնակ տաղանդավոր թուրք ռեժիսոր` Ֆաթիհ Ակինը, պատրաստվում է նկարահանել «The Cut» լիամետրաժ խաղարկային ֆիլմը: Հայտնի է, որ Ակինը թեմայով հետաքրքրվել է 2010-ին Երեւան կատարած այցի ժամանակ: Ֆիլմի մասին առայժմ շատ տեղեկություններ չկան, բայց գիտենք, որ ռեժիսորը ուսումնասիրողների մեծ թիմ է հավաքել, որը տարբեր թանգարանների արխիվներում կատարում է հետազոտություններ նյութի վերաբերյալ:

Իսկ օսկարակիր, ծագումով հնդիկ Շեկար Կապուրը, ով ընգրկված է մեր թվարկած 20 նախագծերի մեջ եւ պատմական ֆիլմ նկարելու մեծ փորձ ունի, սկսելու է «Երկնքից ընկած երեք խնձոր» խաղարկային լիամետրաժ ֆիլմը եւ ըստ լուրերի՝ 2013-ին պետք է այն ավարտի:

Ամփոփելով թեման` առանց վերլուծելու հայկական ինքնության մեջ «թուրքի», իսկ թուրքի ինքնության մեջ` «հայի» անժխտելի դերը, բավական դժվար է ողջամիտ առաջարկներ անել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, առավել եւս` նյութը փորձել քննել մշակութաբանական կոնտեքստում:

Դիանա Կարդումյան

Հ.Գ.Այս տարվա հուլիսի 8-ին «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում քննարկման դրվեցին Մեծ Եղեռնի թեմայով վերոհիշյալ կինոնախագծերը (20-ից ավել): Քննարկամը, կամ ավելի շուտ փիչինգին (pitching) ներկա էին Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Քշիշտոֆ Զանուսսին եւ փառատոնի այլ հեղինակավոր հյուրեր: Ժամանակի սղության պատճառով հեղինակավոր հյուրերը բոլոր նախագծերը չհասցրեցին լսել: Լսված նախագծերից առանձնացրեցին 4 նախագիծ, որոնք քիչ թե շատ պրոֆեսիոնալ ֆորմատ ունեն եւ կարելի էր մտածել այդ նախագծերի հետագա զարգացման մասին: Սակայն լսումներից հետո նախագծերի վիճակը կրկին մնաց երկիմաստ: Ի՞նչ է սպասվում ապագա այս կինոնախագծերին, արդյոք 2015-ին կտեսնե՞նք այդ ֆիլմերը մեծ էկրաններին:4

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *