2013.07.30,

Քննադատ

Ուրախ ու ստեղծարար մեդիա լուծումներ «Չեմ վճարելու150 դրամ» շարժման ընդերքում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երեւանի տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող տարբեր խմբերն ու անհատները 5 օր շարունակ կանգառներում հորդորում էին ուղեւորներին անբեկանելի խոհեմությամբ չընդունել գնի բարձրացման վիճահարույց որոշումն ու շարունակել 150-ի փոխարեն 100 դրամ վճարել:

Տարբեր ձեւավորմամբ ու բովանդակությամբ թռուցիկներով ու պաստառներով ակտիվ քաղաքացիները (հիմնականում երիտասարդները) զրույցի էին բռնվում երթուղային տաքսիների ու ավտոբուսների ուղեւորների ու վարորդների հետ՝ դրդելով նրանց մտորել՝ թե ով է իրականում շահում առանց այն էլ գերբեռնված ու ուշագնաց տրանսպորտի գնի բարձրացումից: Եվ ընդհանրապես՝ մտորել այլ շատ հրատապ հարցերի շուրջ:

«Տրանսպորտային» այդ ալիքը արագորեն ձեռք բերեց ըմբոստության արվեստի հատկանիշներ ու շատ հետաքրքիր, գրեթե մաքրագործ դեր խաղաց անտարբերության թմբիրի մեջ հայտնված ամառային Երեւանի կյանքում:

Ըմբոստության ալիքը էֆեկտիվ էր, քանի որ միահյուսվեցին կոլեկտիվ ֆիզիկական մարմինը, սոցիալական մեդիան ու ուրբանիստական միջավայրը:
Նույն պահանջն ունեցող տասնյակ, հարյուրավոր ակտիվ քաղաքացիները դուրս գալով փողոց՝ հաղորդակցվում էին պատահական անցորդների, կանգառներում, խանութներում, սրճարաններում գտնվողների հետ, եւ միաժամանակ մեդիա դաշտում ակտիվորեն տարածում յուրաքանչյուր նոր, թեկուզ աննշան դեպքը:
Ցանկացած իրադարձություն վայրկենապես վավերացվում էր. լուսանկարվում, նկարահանվում տարբեր սարքերով ու արագորեն լցվում ցանց: Հետո ցանցից նորից տեղափոխվում էր ֆիզիկական կյանք ու նոր կերպ մեկնաբանվում:

150dramm

Եվ այսպիսով ստեղծվեց մարմնի, մեդիայի ու փողոցի փոխադարձ շրջանառությունը, որտեղ բոլոր երեք տարրերն են կարեւոր:

Նույն մտահոգությամբ միավորմած մարդիկ փորձեցին նույն լեզվով ու նույն պատկերաշարով խոսել հա՛մ փողոցներում ու հրապարակներում (թռուցիկներով, ճառերով, ուս ուսի տված վիճակով), հա՛մ սոցցանցերում (լայքերով, հեշտեգներով, ռեթվիթներով ու շեյրերով) :

«Չեմ վճարելու 150 դրամ» շարժումը շղթայական ռեակցիա ստեղծեց իր պոզիտիվ, ուրախ մթնոլորտով: Շարժման անդամներն ու մասնակիցները ե՛ւ վիրտուալ, ե՛ւ ռեալ տարածքում տարբեր ստեղծարար ու դրական մոտիվացիա ունեցող ուղերձներ էին կիրառում:

Երեւանը որպես մի մեծ մեդիա միավորում անընդհատ լուրեր էր թողարկում, որտեղ գերակշռողը տոնական, դիմակահանդեսային, գրեթե ծիսական ակցիաներն էին:

Գործի դրվեցին հեփենինգը, փերֆորմանսը (50-դրամանոց մետաղադրամի պատկերով տորթ տարվեց քաղաքապետարան), սթրիտ-արտը (գրաֆֆիտիները հայտնվեցին կանգառներին հարող ասֆալտապատ տարածքներում, 100 դրամի ուրվագծով ֆլեշ-մոբեր արվեցին), ավտոմոբիլային միջոցների զարդարանքը (պիտակավորվեցին ուղեւորներին անվճար փոխադրող ավտոմեքաները), օրվա թեմայով երգեր ու տեսահոլովակներ ստեղծվեցին (նշանակություն չունի՝ հաջող թե՝ ոչ):

Առաջին հայացքից անլուրջ ու մակերեսային թվացող այդ փոքր ակցիաներն, իրականում, շատ մեծ դեր խաղացին՝ ազդելով մարդկային ենթագիտակցության վրա: Դիմակահանդեսի, տոնի, ուրախ ապրելակերպի էսթետիկան ամենից հաջողն է ուղղահայաց, հիերարխիկ համակարգերի դեմ պայքարում: Եվ թերեւս հենց այս ստեղծարար ալիքն էլ հանգեցրեց քաղաքային-քաղաքացիական ակցիայի զանգվածային տարածմանն ու հաջող հանգուցալուծմանը (ներքաղաքային տրանսպորտի գնի բարձրացումը կանխվեց):

Երբ տպավորություն է, որ ոչինչ փոխել չի ստացվի ու լայն իմաստով՝ ընդվզմանը ունակ հանրություն էլ չկա, անսպասելի ուժ է ստանում մանրուքների գեղագիտացումը:

Ավտորիտար ռեժիմները հաճախ ոչ թե ճակատային քաղաքական, այլ գեղագիտական ու ուրախ մեդիա հնարքներքներով են սասանվում ու ճոճվում, երբեմն էլ՝ տապալվում:

Վերջերս մեծ էկրաններ դուրս եկած չիլիացի կինոռեժիսոր Պաբլո Լառենի «Ո՛չ» ֆիլմը հենց այդպիսի ստեղծարար մեդիա բաղադրիչի ուժի մասին է: Ֆիլմի առանցքում Չիլիի դիկտատոր Պինոչետի ռեժիմի անկման (1988 թ.) նախադրյալներն են, որոնցից կարեւորագույնը ընդդիմության կազմակերպած հեռուստատեսային քարոզարշավն էր: Մեկ ամիս շարունակ որպես ավտորիտար ռեժիմի հակակշիռ չիլիացի ընդդիմադիրները բավականին անտարբեր ու վախվորած քաղաքացիների հետ էկրանից խոսում էին գովազդի ունիվերսալ, լավատեսական լեզվով, վիզուալիզացնում էին նոր Չիլին՝ շեշտը դնելով ոչ թե քաղբանտարկյալների ու ընչազուրկների կերպարների, այլ անբռնազբոս, ժպտերես ու ուրախությունը գնահատող պերսոնաժների վրա:

«Չիլի, ուրախությունն է գալիս, դիմավորի՛ր» կարգախոսով այդ քարոզարշավը Չիլիի իշխանությունները սկզբում լուրջ չընդունեցին՝ անվանելով այն ծաղրածուական, իսկ հետո արդեն ուշ էր… Ժողովուրդը հեշտ ու հանգիստ, առանց առանձնահատուկ ջանք ու կամք ցուցաբերելու նրանց ասաց «Ոչ», քանի որ ուրախ (ոչ կեղծ) ապագայի տեսարաններն ամուր մխրճվել էին նրանց ենթագիտակցության մեջ:

Երբ տոտալիտար ռեժիմը մեծահոգաբար ու քամահրականորեն թույլ է տալիս փոքրաթիվ ու գրեթե կառավարման լծակներից զուրկ ընդդիմախոսներին պարել, երգել (մտածելով՝ թող իրենք շարունակեն պարել, իսկ մենք կղեկավարենք), շատ տարօրինակ բան է տեղի ունենում. պարողը սկսում է զգալ, որ պարելը հաճելի է:

Իսկ ինչո՞ւ չանել այնպես, որ հաճելի լինի նաեւ տրանսպորտ նստելը, փողոցում քայլելը, ի վերջո, նաեւ պայքարելը:

Վերջին երկու օրերին «Չենք վճարելու150 դրամ» նախաձեռնության անդամները քաղաքապետարանի շենքի դիմաց նստացույց էին անում՝ պահանջելով քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների հրաժարականը (մասնավորապես նրանց, որոնք երթուղային գծերի սպասարկողներ են ու ուղեվարձի բարձրացման չհիմնավորված որոշումն էին ընդունել):

Քաղաքապետարանը ակցիան հանդարտորեն սառեցնելու նպատակով որպես կրեատիվ միջոց ընտրեց ջուրը՝ անընդհատ ոռոգվող սիզամարգերն անհարմարավետ դարձնելով նստացույց անողների համար: Քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված երիտասարդները հակադարձ առաջկներ արեցին՝ «սպառնալով» անօգուտ ու անդադար հոսող ջուրն ավելի նպատակային օգտագործել՝ գորգ կամ բուրդ լվանալ: Հետո հայտվեցին չինովնիկական վիզուալ լեզուն ու որոշումները պարոդիայի ենթարկող տարատեսակ ինտերնետային մեմերը, ծաղրանկարային կոլաժները, փչովի ու գունեղ լողալու պարագաները եւ այլն:

Այդ անանուն, հորիզոնական տարածում ունեցող շարժումը մեծ թվով համակիրներ ձեռք բերեց՝ բանավեճի, վերաիմաստավորման ու հիմնարար հարցերի վերարծարծման դրդելով:

«Չեմ վճարելու150 դրամ» շարժումը ցույց տվեց, որ մեր լրատվական դաշտն էլ է սկսել փոքր-ինչ այլ կերպ աշխատել:

«Տրանսպորտային» ալիքի օրերին լրատվամիջոցների համար առաջնային էր դարձել ոչ թե սոսկ դեպքը ներկայացնելը, այլ դեպքի վայրում լինելը՝ հետագայում այն ներկայացնել կարողանու համար:

Հաճախ լրատվամիջոցները տեղեկություններն իրարից «թռցնելով» կամ հեռախոսով մեկնաբանություն ստանալով են կազմում լրահոսը, իսկ հիմա ստացվեց, որ ներկա լինելը օգտակար է եւ հետաքրքիր, քանի որ քաղաքն ինքնին տոտալ մեդիա հարթակ էր դարձել, որտեղ ինֆորմացիա «պեղելը» հաճելի ու ուրախ գործ է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *