2013.07.24,

Քննադատ

Ադրբեջանական քարոզչության ներթափանցումը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Երեւի մենք շատ երկար ենք երազել կապիտալիզմի ժամանակաշրջանում ապրելու մասին, որ հիմա փորձում ենք ստեղծել այնպիսի կապիտալիզմ, ինչպիսին ամենակապիտալիստական երկրներում նույնիսկ չկա ։ Եթե ամեն ինչ միայն փողի, շահույթի, փառքի շուրջ պտտվի, վերջը լավ չի լինի։

Լրատվական ոլորտում նույնպես կապիտալիստական խորասուզման գործընթաց է. ինչը զանազան հետեւանքներ է ունենում, որոնք շատ են քննարկվում վերջերս։ Խոսքը թրաֆիք ստեղծելու մասին է, երբ հանուն այցելուի լրատվամիջոցը զոհաբերում է իր պրոֆեսիոնալիզմը եւ լրագրողական էթիկայի սկզբունքները։

Այսօր ուզում եմ անդրադառնալ երկու դեպքի, որոնք կապ ունեն հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Երկու դեպք, որոնք ցույց են տալիս, որ լրատվական դաշտում կան իրական խնդիրներ, որոնք կարող են ծանր հետեւանքներ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սառեցված պատերազմական իրավիճակում գտնվելը։ Երկու դեպքերն էլ եզակի չեն, պարզապես ցույց են տալիս ընդհանուր իրավիճակը՝ կապված  մի շարք լրատվամիջոցների հետ։ 

Առաջին դեպքը վերաբերում է արհեստական տագնապ ստեղծելուն։ «Հայելի» ակումբը հուլիսի 14-ին իր կայքում  նյութ էր տեղադրել  «Ադրբեջանը պատերազմ է հայտարարում» վերնագրով։ Տեքստից պարզ է դառնում, որ խոսքը միայն հերթական սպառնալիքի մասին է, որը տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։

Էլ չեմ ասում, որ Սաֆար Աբիեւը հայտնի է որպես տարիներ շարունակ վերջնագրեր տարածող (օրինակ՝ իմ բլոգում չորս տարվա վաղեմության գրառում գտա Աբիեւի հերթական վերջնագրի մասին)։ Առնվազն խմբագիրը պետք է տեղյակ լինի այս մանրուքին։

Բայց խնդիրն իրականում ավելի լուրջ է, քանի որ լրատվամիջոցը ակնհայտորեն դիմում է մեքենայության, ստեղծում է խուճապի վտանգ՝ հաշվի առնելով, որ ընթերցողներից շատերը վերնագրերից են տպավորվում։ Նաեւ հաշվի առնելով սահմանում լարված իրավիճակը՝ պարզ է դառնում, որ լրատվամիջոցը այցելությունների հարց է լուծում՝ ակնհայտորեն սադրիչ դեր կատարելով։

Մյուս դեպքը վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների նյութերի առանց ֆիլտրելու, ստուգելու, մեկնաբանելու վերահրապարակմանը։ Մի կողմից՝ նման վարվելակերպը բերում է նրան, որ մեծ քանակությամբ ապատեղեկատվություն է ներթափանցում հայաստանյան լրատվական դաշտ։ Մյուս ավելի վտանգավոր խնդիրը ադրբեջանական հակահայկական քարոզչության վերարտադրությունն ու տարածումն է հայաստանյան հասարակության մեջ։

Նման դեպքի օրինակ էլ եղավ հուլիսի 22-ին, երբ mamul.am կայքը վերարտադրեց armenia.az ադրբեջանական քարոզչական հայալեզու կայքի նյութը։ Տվյալ նյութը Իլհամ Ալիեւի՝ անմիջականորեն հայաստանյան հասարակությանն ուղղված քարոզչական ելույթն էր, որը բառացիորեն մեջբերվել էր հայաստանյան կայքի կողմից։

Բացի այդ՝ նյութի վերջում ակտիվ հղում էր արվել աղբյուրին՝ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքի այն էջին, որտեղ տեղադրված էր տվյալ ելույթը։ Փաստորեն, հայկական կայքը մեկ նյութում բոլոր հնարավոր միջոցներով դարձել էր ադրբեջանական պաշտոնական քարոզչության տարածողը։

Հետաքրքիր նկատառում. եթե կայքում առնվազն երկու հղում կատարվում է  president.az-ին (եւս մեկը ռուսալեզու նյութ էր, որը հեռացվել է), ապա  president.am-ին արված որեւէ հղում գտնել չի հաջողվում։

mamul.am_az

mamul.am-ից հեռացված նյութի հետքերը Գուգլում 

Սրանք երկու վառ օրինակներ են, սակայն այսպիսի դեպքեր բավական հաճախ են կրկնվում։ Նման մոտեցումները գուցե աշխատում են ի շահ որոշ լրատվամիջոցների, սակայն հասարակության տեսանկյունից առնվազն մտահոգիչ երեւույթներ են։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *