2013.06.25,

Քննադատ

Որակյալ հեռուստատեսության տեսլականը

Վերջերս «Ինտերնյուս»-ում պատիվ ունեցա մասնակցելու մոսկովյան հեռուստաքննադատ Իրինա Պետրովսկայայի հետ հանդիպմանը: Հանդիպման մասնակիցները մեր լրագրողներն էին, եւ, բնականաբար, զրույցը հիմնականում ծավալվեց հեռուստաքննադատության խնդիրների շուրջ:

Նախապես մերոնցից իմացել էի, որ Պետրովսկայան մոսկովյան լավագույն հեռուստաքննադատներից է, եթե ոչ լավագույնը, եւ որ հեռուստաքննադատներն այնտեղ շատ են` մի քանի տասնյակ, եւ նրանցից ոմանք մոսկովյան առաջատար թերթերում մշտական սյունակներ ունեն:

Ես, որ Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում ուսումնառությունիցս հետո շուրջ երեք տասնամյակ մոսկովյան մտավորականի կենդանի խոսք չէի լսել, վերստին մեծ բավականություն ստացա մտավորականի խոսքի ճշգրտությունից, դիպուկությունից ու գեղեցկությունից:

Բայց խոսքս միանգամայն այլ բանի մասին է: Շատ հետաքրքիր է, որ Ռուսաստանում ու մասնավորապես Մոսկվայում, որտեղ հեռուստատեսությունը բավական բարձր մակարդակ ունի, մեծ տեղ է հատկացվում հեռուստատեսության քննադատությանը:

Պետրովսկայան իրազեկեց նաեւ, որ մոսկովյան հեռուստաքննադատությունը հիմնականում ապաքաղաքական բնույթ ունի եւ հիմնականում մասնագիտական ու գեղագիտական խնդիրներին է անդրադառնում:

Առավել հետաքրքիր ու զարմանալի է, որ հայաստանյան հեռուստաալիքների անբավարար մակարդակի պայմաններում մեզանում ընդհանրապես հեռուստատեսային քննադատություն (կամ հեռուստաքննադատություն) գոյություն չունի` առանձին լրագրողների դեպքից դեպք անդրադարձները չհաշված, չհաշված նաեւ «Հայկական ժամանակում» Ռուզան Ազիզյանի շաբաթական վերլուծությունները, որոնք հիմնականում հրապարակախոսական ուղղվածություն ունեն:

Կարճ ասած՝ մոսկովյան լրագրության մեջ գոյություն ունի հեռուստաքննդատության մշտական ու գործող ժանր, որն իր մասնագիտական խորքային ուղղվածությունն ու իր ավանդույթներն ունի:

Մեր մտավորականներն ու մեր լրագրողներն ամբողջ ժամանակ բողոքում են մեր հեռուստասերիալներից ու եթերից հնչող հայերենից, բայց չեմ հիշում մի դեպք, որ որեւէ մտավորական կամ որեւէ լրագրող հանգամանորեն քննարկի ու վերլուծի կոնկրետ որեւէ հեռուստասերիալ` ցույց տալով ու վեր հանելով տվյալ հեռուստասերիալի գեղագիտական ու լեզվական ախտանիշները: Փոխարենը` Հանրային խորհրդում հավաքվում եւ բողոքի նամակ են հղում Հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս հեռուստաքննադատությամբ եւ սերիալների գրաքննությամբ զբաղվի:

Նաեւ չեմ հիշում, որ մանրակրկիտ քննության ու վերլուծության ենթարկվեն կոնկրետ որեւէ հեռուստահաղորդավարի կամ կոնկրետ որեւէ հեռուստահողորդման լեզուն ու հայերենը կոնկրետ ու խոսուն օրինակներով: Փոխարենը տասնյակ քննադատական հոդվածներ են գրվել երգչուհի Սոնա Շահգելդյանի բանավոր ու կոպիտ (ես կասեի` կենդանի) հայերենի վերաբերյալ` վերջինիս հրաշալի երգեցողությանն ամենեւին չանդրադառնալով եւ մոռանալով, որ, ի վերջո, երգչուհու բուն գործը ոչ թե խոսելն է, այլ երգելը:

Կարդալով էս խոսքս` ձեզանից ոմանք երեւի մտածեն. «Եթե գտնում ես, որ հեռուստաքննադատությունն անհրաժեշտ է, ինչու՞ ինքդ էդ գործը չես անում»: Ձեր հնարավոր դիտողությունը մասամբ ընդունելով, նաեւ արդարանալով՝ պիտի ասեմ, որ շատերն էդ գործն ինձնից լավ կանեն. մանավանդ նրանք, ովքեր, ժամանակին հեռուստատեսությունում աշխատելով եւ բնագավառը մոտիկից իմանալով, հիմա մամուլում են արտահայտվում ու ինքնարտահայտվում:

Իմիջիայլոց, հեռուստաքննադատություն ասելով` ոչ միայն դաժան ու անխնա քննադատություն եմ պատկերացնում, այլեւ միանգամայն բարի խորհրդատվություն:

Եթե ուզում ենք որակյալ հեռուստատեսություն ունենալ, նախ ինքներս պիտի փորձենք դա պատկերացնել: Այնուհետեւ պիտի մեր պատկերացրածը փոխանցենք հեռուստատեսության պատասխանատուներին ու աշխատողներին:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *