Կյանքից հեռացավ տաղանդավոր ու վաստակաշատ լրագրող Մարգո Ղուկասյանը: Նոր սերնդի լրագրողներին ու ընթերցողներին այս անունը միգուցե քիչ բան է ասում, մինչդեռ իմ սերնդի ընթերցողները սովետահայ լրագրությունից ընդամենը մի քանի անուն կարող են առանձնացնել. Մարգո Ղուկասյանին` առաջին հերթին:
Այն տարիներին Սիլվա Կապուտիկյանը, Վարդգես Պետրոսյանը, Զորի Բալայանը, Հրաչյա Մաթեւոսյանն ու ուրիշներն էլ էին հրապարակախոսական հոդվածներով հանդես գալիս, բայց վերջիններս իրենց հիմնականում ու առավելապես գրող էին համարում, որովհետեւ խորհրդային տարիներին գրող լինելն ավելի պատվավոր ու պատվաբեր էր, քան լրագրող լինելը:
Մարգո Ղուկասյանի համար լրագրությունից զատ այլ աշխատանք ու այլ տարերք գոյություն չուներ, որովհետեւ լրագրության մեջ ինքն անմնացորդ էր արտահայտվում ու ինքնարտահայտվում: Եվ իմ ու իր անձնական զրույցները հիշելով` ինձ իրավունք եմ տալիս եզրակացնել, որ իր համար լրագրությունից կարեւոր եւ լրագրությունից բարձր բան գոյություն չուներ:
Լրագրություն որ ասում եմ, անձամբ Մարգո Ղուկասյանի ստեղծած հրապարակախոսական լրագրությունը նկատի ունեմ, որի սահմաններում ինքն իրեն հնարավորինս ազատ ու անկաշկանդ էր զգում, եւ չնայած չափազանց հաճախ էր հարվածներ ստանում խորհրդային ցենզուրայից ու գլավլիտից՝ իր առաքելությանն այնքան էր հավատում ու այնքան էր նվիրված, որ ստիպված էր դիմանալ ու դիմագրավել էդ սպասելի ու անսպասելի հարվածներին:
Հիմնականում անտրտունջ էր դիմանում ու դիմադրում ու երբեւէ չտրտնջաց ու չվհատվեց ու հալածյալի դերն էլ իրեն սազական չհամարեց: Հիմնականում ուրիշներից էինք իմանում, որ իր այսինչ հոդվածը գլավլիտը մերժել կամ էապես կրճատել է:
Այսուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ Մարգո Ղուկասյանը հաղթեց ժամանակի գրաքննությանը: Ընդ որում` միանձնյա: Ընդ որում` իր ժպիտներով եւ իր բարությամբ: Նույնիսկ իր հոդվածները մերժող կամ կրճատող ցենզորներին չէր ատում՝ համարելով, որ էդ խեղճերն էլ էդ կերպ են իրենց գոյությունը քարշ տալիս ու ընտանիք պահում:
Կարող էր նաեւ այդպես չլինել, եւ Մարգո Ղուկասյանն էլ ոչ թե ըմբռնումով վերաբերվեր այդ մարդուկներին, այլ ուրիշների պես աջուձախ քարկոծեր, սեւացներ ու մերկացներ նրանց: Բայց Մարգո Ղուկասյանը դա չէր անում, եւ դա չանելն իրենից ահավոր ջանքեր ու ճիգեր էր պահանջում:
Ինքը անում էր այն, ինչն ուրիշները չէին անում ու երեւի չէին էլ կարող անել, որովհետեւ ինքն ընդամենը մեկ հոդվածի վրա կարող էր մի ամբողջ տարի տքնել` ծայրեծայր ուսումնասիրելով իր բարձրացնելիք խնդիրը:
Ես, հիմա իրեն անդրադառնալով, հընթացս զգում եմ նաեւ, որ չեմ կարողանում իրեն ըստ արժանվույն ներկայացնել ու գնահատել: Այսուհանդերձ, հուսով եմ, որ էդ գործն ինձանից լավ անողներ կգտնվեն, եւ Մարգո Ղուկասյանի լրագրողական ժառանգությանն առնչվող ատենախոսություններ եւ ուսումնասիրություններ կգրվեն, որովհետեւ Մարգո Ղուկասյանն իսկական ու ճշմարիտ լրագրություն էր ստեղծում մի երկրում, որտեղ իրական ու ճշմարիտ լրագրություն գոյություն չուներ:
Ամբողջ լրատվությունն Արմենպրեսի ու նմանատիպ գործակալությունների հույսին էր, ինչպես նաեւ մի քանի հերթապահ ու հերթական լրագրողների հույսին, որոնք մարզական, մշակութային, գյուղատնտեսական ու արդյունաբերական որոշ նորություններ էին հրամցնում հիմնականում դրական լույսերի ներքո, եթե, իհարկե, երբեմն- երբեմն վերեւներից քննադատության պատվեր չէր իջեցվում:
Մարգո Ղուկասյանը, կյանքում լինելով բարի ու հանդուժող անձնավորություն, հիմնականում քննադատական հոդվածներ էր գրում: Իր հիմնական թիրախը շրջակա միջավայրի թշնամիներն ու այդ միջավայրը փչացնողներն էին: Ինքն իրեն չէր խնայում էն ամենի համար, ինչն անվանում ենք հայրենի բնություն: Պատահել է, որ Մարգո Ղուկասյանի հրապարակախոսության շնորհիվ ծառաջարդեր ու անտառահատումներ են կանխվել:
Մի խոսքով, ինքը գրեթե միայնակ կատարում էր այն, ինչը մեր օրերում կանաչների կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնողական խմբերն են կատարում: Ինքն էդ ամենը կատարում էր` լինելով ու մնալով լրագրող, լինելով իր ժամանակի եզակներից ու հազվագյուտներից մեկը:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: