2013.06.06,

Քննադատ

Ռուսաստանի հայերի կերպարը Ուրգանտի շոուում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում բավականին խանդոտ ու խանդավառ են ընդունում ռուսական հեռուստատեսության եթերում Հայաստանի, հայկականի ու հայի մասին ցանկացած անդրադարձ: Թերեւս շարունակում է գործել կենտրոնական հեռուստատեսության սինդրոմը, համաձայն որի՝ եթե հիշատակվում ես ռուսի կողմից, ուրեմն լավ է: Այսպես ասած՝ գավառը գնահատում է կենտրոնի ուշադրությունը:

Ավելի հաճախ հայկական թեմային առնչվող ակնարկները հայտնվում են հումորային համատեքստում, քանի որ հայկական հետքը առավել նկատելի է զանգվածային, գլամուրային միջոցառումներում ու կատակերգական ժանրի հաղորդումներում:

Մի տարօրինակ պրակտիկա կա. hայերը կա՛մ լավ կատակում ու ծաղրում են (առաջատարը շոումեն Գարիկ Մարտիրոսյանն է), կա՛մ էլ լավ ու հաճույքով ենթարկվում են ծաղրի (հիմնականում մեծ քթի ու տաքարյունության կլիշեի համաձայն): Եթե կենտրոնը ցանկանում է հային տեսնել տաքարյուն, հյուրասեր, կնասեր, աղմկոտ ու ինտելեկտով չծանրաբեռնված, մենք հենց այդպիսին էլ ներկայանում ենք:

Օրինակներից մեկը հունիսիի 5-ին Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Երեկոյան Ուրգանտ»  հաղորդման մի էջն էր, որը կարելի է պայմանականորեն անվանել «Հայերը Կրեմլում»: Միտումնավոր թեթեւամիտ ու միամիտ շիկահերի իմիջ ունեցող հաղորդավարուհին գնացել էր «Տաշիր» մրցանակաբաշխություն ու «սուր» ռեպորտաժ արել Armenian Music Awards-ից:

Այդ ռեպորտաժից շարքային ռուս հեռուստադիտողը կարող էր հասկանալ, որ հայերը երգի մրցույթ են անում Ռուսաստանում (բնականաբար, բա էլ որտե՞ղ), ավելի շատ են Մոսկվայում, քան Հայաստանում (բնականաբար), իրենց մրցանակները ստանում են ռուսների ձեռքից (բա էլ ո՞ւմ), սիրում են բոկոտն շիկահերների հետեւից վազել բեմով մեկ, կոնյակ խմեցնել նրանց ու հեռախոսի ռինգթոնի ուղեկցությամբ երգել Արարատ լեռան մասին:

Իրականում, նման «սուր» ռեպորտաժի ֆորմատն իր մեջ հետաքրքիր հեգնական տարրեր է պարունակում, այն թույլ է տալիս շահագործել «հիմար շիկահերի» կերպարը՝ փոքր-ինչ ավելի լուրջ բաներ ասելու համար: Կարծես գլխիվայր է շրջվում «հիմար» ու անբռնազբոս ոճով կորպորատիվ իրադարձությունների լուսաբանումը: Այսինքն՝ շանս է ձեռք բերվում երեւալ ավելի խելացի ու հեռատես, քան թվում է առաջին հայացքից:

Սակայն «Տաշիրը» այդ առիթը չէր, քանի որ հարց էր ծագում՝ եթե ինքներս մեզ ծաղրում ենք գավառական ոճով, ապա ո՞րն է դրա նպատակը:

Կարելի է ենթադրել նաեւ, որ այդ ռեպորտաժն անելու միտքը հենց այնպես չի ծնվել, Իվան Ուրգանտի վարած շոուն բարձր վարկանիշ ունի ու առատ է գովազդային (վճարված) ռեպորտաժներով, անոնսներով ու հայտարարություններով:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *