Եթե պատմության դասագրքերում արյունոտ կիրակին սկսվում է Գապոն քահանայի կոչով, ապա հայկական հեռուստաեթերինը սկսվում է ավելի վաղ նախապատրաստական աշխատանքով: Շաբաթվա կեսից սկսյալ սերիալների եւ շոուների միջակայքերում գովազդվում են կիրակնօրյա ամփոփիչ ծրագրերն ու «անկյունները»:
Գովազդվում են ուժգնորեն, անկասելի ընթացքով՝ անընդհատ ցուցադրելով համարյա ողջ տեսաշարը՝ ապահովելու համար լայն լսարան եւ ահաբեկության մթնոլորտում պահելով օրվա հացի մասին մտահոգված հայ հանրությանը:
Նրանց մատուցվում է «հաց եւ շոուի» երկրորդ բաղադրիչը՝ «շաբաթվա բոլո՜ր ավտովթարները», արյունոտ կադրերը, դիմապակուն ցայտող արյունը, «որոգայթը», զինապահեստները…
Եվ այս տոտալ ահաբեկությունը տարբեր ալիքներով յուրաքանչյուր կիրակի սկսվում է ճիշտ ժամը 22.00-ին, ինչը նշանակում է, որ հեռուստաընկերություններում ռեյտինգային մրցավազք է՝ թե ո՞րն ավելի մեծ լսարան կունենա: Իսկ լսարան ապահովում են ավտովթարները, «զռլամա» մեքենաները, նախկին պաշտոնյաների «լակոտները» (իրենց բառամթերքն է), եղած ու չեղած ուրվականները:
«Ուրվական» բառը պատահականորեն չէ ասված: Մի քանի շաբաթ հայկական լրատվամիջոցները ցուցադրում ու խոսում էին «Կարբիի ուրվականի» մասին՝ առանց որեւէ հիմքի, լուրերը միմյանցից վերցնելով, ուղղակի վերջում սեփական սարսափը հավելելով:
Էքսկլյուզիվ ռեպորտաժներ էին անում, որոնցում գյուղի տատիկները սարսափած պատմում էին առավոտյան իրենց հայտնաբերած «պատառոտված որովայններով շների մասին, որոնք սփռված են ողջ գյուղի երկայնքով» եւ այլն, եւ այլն… Ասես միջնադարյան հրեշների ու ազազելների մասին էին վկայում: Իբրեւ հանգուցալուծում՝ ցույց տվեցին խեղճուկրակ մի մորուքավոր հարբեցող-ուրվականի, ու թվում էր՝ կրքերը պիտի մարեին, հորինվածքը՝ ավարտվեր:
Բայց չէ, շոուն պիտի շարունակելի լինի, եւ սա ապահովելու համար հեռուստաընկերություններից մեկի լրագրողը նյութի վերջում ցուցադրեց ամիսներ առաջ տանից դուրս եկած ու չվերադարձած, փնտրտուքի մեջ գտնվող երիտասարդի նկարն ու հրճվալից եզրափակեց. «Կարբիի ուրվականը հայտնաբերվեց, իսկ ու՞ր է Արմենը» (անունը փոխված է):
Անձամբ ճանաչելով հիշատակված Արմենի ընտանիքին՝ կարող եմ փոխանցել իրենց հարազատին հայտնաբերելու հույսը չկորցրած ընտանիքի անդամների վիշտն ու սարսափը, երբ լրագրողի անպատասխանատու ու թեթեւ ձեռքով իրենց հարազատը ողջ հանրապետությունով հռչակվեց թափառող «ուրվական»:
Գերազանցիկ, «պլանը գերակատարած» լրագրողը նպատակադրվել էր սարսափելի ուրվականի թեման ակտուալ պահել՝ ոչնչի հետ հաշվի չնստելով: Պատանի եւ աղջնակ լրագրողները շոու են սարքում, ուրիշների դժբախտությունը, վթարը կամ թարմ վիշտը բեմականացնելով, մեկնաբանում են, հեգնում, ծաղրում: Կարեւորը՝ շատ մարդ նայի:
«Օպերատիվ» ահ ու սարսափ են տարածում՝ ծաղրանքով ու խոսքուզրույցով խախտելով քննության ու նախաքննության օրենքները, մարդկայնության տարրական կանոնները, չունենալով պատասխանատվության եւ անհարմարության զգացում:
Մի պահ երեւույթին նայենք տուժածների հարազատների դիրքերից:
Եվ սա այն բացատրությամբ, որ հեռուստատեսությունը ամենազոր է, իսկ լրագրողները՝ հզոր ու արդարամիտ, կյանքից ձեռ քաշած ու արդարախոս կամիկաձեներ… Մատների վրա հաշված քանի՞ մարդու կարելի է խաբել այսօր դրանով:
Արյունռուշտ տեսանյութը իմաստ կունենար, եթե խրատական է կամ «քավում է այդ եւ համանման կրքերը»: Համաձայն հույն փիլիսոփա եւ տեսաբան Արիստոտելի մաքրագործման (կատարսիսի) տեսության՝ ողբերգական հերոսի վախճանը պիեսում իմաստ ունի, քանի որ հաղթում է արդարությունը, վերականգնվում կարգը, եւ հանդիսականը հեռանում է գոհունակությամբ՝ «քավելով այդ եւ համանման կրքերը»:
Կամ դիտելով բացասականը՝ մարդկանց մեջ նեգատիվ վերաբերմունք է առաջանում վատի նկատմամբ եւ համոզմունք, որ վատը պատժվելու է: Իսկ ի՞նչ է կատարվում հայկական եթերում: Հետեւենք մայիսի 5-ի «Սուր անկյուն» հաղորդման՝ Գյումրիի հաշվեհարդարի մասին պատմող երգախառն տեսանյութին (1.03.30-1.07.15 րոպեներ):
Օրեր առաջ Գյումրիում օրը ցերեկով հնչած կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքից երիտասարդ մահացավ: Կրակողներից մեկը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին էր, մյուս կողմում Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքը: Գործը նախաքննության փուլում է, Մարտուն Գրիգորյանը՝ Ազգային ժողովում, ուստի առնվազն տարիօրինակ է հնչում նրանց հասցեին ծաղրական քառատողը: Նաեւ «Թայֆեն թայֆունի տակ ընկավ» հայտարարությունը:
Եթե եթերով հնչում է «Վարդանիկի եւ պատգամավորիկի» մասին ծաղրական երգը (որտեղ ասվում է, որ Վարդանիկիկ ու Մարտունիկից մնաց միայն «իկ»-ը), դրան ի՞նչ է հետեւելու, եւ ո՞ր երկրի արդար դատարանն է դատելու նրանց, եթե մարդը շարունակում է պատգամավոր մնալ եւ ամեն պահ երեւալ էկրանին: Այս պարագայում երգն ու ծաղրը, բացի թեւածող անհուսությունը խորացնելուց, ոչինչ չեն առաջացնում:
Այս անհուսությունը դարձել է հայկական հեռուստաալիքների կարեւոր գործառույթը, որը սփռվում, տարածվում ու ծավալվում է ոչ միայն հիշյալ լրատվական ծրագրերով, այլեւ լալկան ու մռայլ, տարբեր մայրցամաքներ ներառող քրեական սերիալներով կամ էլ իրական մգլած պատմություններով:
Գայանե Մկրտչյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: