2013.05.17,

Քննադատ

Փրոմոուշնը հեռուստատատեսային շուկայի մրցակցային գործիք

(1-ին մաս2-րդ մաս3-րդ մաս, 4-րդ մաս)

Հեռուստատեսային շուկայում մրցակցության մյուս կարեւոր գործիքը փրոմոուշնն է` առաջխաղացումը: Հեռուստալսարանի մեծացումը, կայանի իմիջի ստեղծումն ու կատարելագործումը մարքեթինգն իրականացնում է փրոմոուշնի միջոցով:

Փրոմոուշնը բավականին լայն հասկացություն է, սակայն աշխատանքում անդրադարձել ենք փրոմոուշնի մեկ բաղադրիչի` փրոմոհոլովակների կիրառության ուսումնասիրությանը հեռուստաընկերություններում:

Փրոմո-հոլովակները հեռուստաընկերությունները կիրառում են հեռուստալսարանի ընդլայնման, հեռուստաալիքում տեղ գտած նորարարությունների, նոր հեռուստածրագրերի մասին հեռուստալսարանին տեղեկացնելու, նրանց գրավելու, հեռուստաալիքի իմիջի ստեղծման համար:

Ի վերջո, փրոմո-հոլովակների կիրառության նպատակը արտադրանքի ավելի լավ վաճառքն է, որպեսզի հեռուստադիտողը գովազդի ժամանակ չլքի ալիքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փրոմո-հոլովակների կիրառությունը իսկապես տեղին ու ճիշտ ռազմավարություն է հեռուստաալիքի կողմից, որովհետեւ հեռուսադիտողին պետք է անընդհատ «համոզել», որ մնա իրենց հետ:

Սակայն համաձայն հեռուստաեթերի մոնիթորինգի ու փորձագետների՝ հեռուստաընկերության մասին փրոմո-հոլովակների կիրառության ռազմավարությունը մեզանում դեռեւս շատ տարածված չէ, հատկապես երբ համեմատում ենք ոչ հայկական հեռուստաալքիների հետ, օրինակ CNN-ի, որի հետ համեմատությունը կատարեց հարցվող փորձագետը:

« … իմ տպավորությունն այնպես է, որ CNN-ի եթերի 15%-ը CNN-ի մասին է. CNN-ը անընդհատ CNN-ից է խոսում ու սպասում, սպասում ես, չեն վերջացնում»

Իսկ հայկական հեռուստաշուկայում այս ռազմավարությունը ամենից շատ բնորոշ է «Շանթ» հեռուստաընկերությանը, մինչդեռ մյուս հեռուստաալիքների դեպքում ավելի շատ հեռուստահաղորդումների փրոմոհոլովակներ են:

Հեռուստահաղորդումների փրոմո-հոլովակներ բնորոշ են նաեւ ուսումնասիրված բոլոր հեռուստաալիքներին, իսկ դրանց ցուցադրման ավելի մեծ հաճախականությամբ աչքի են ընկնում «Շանթ», «Հ1», «Արմենիա» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը բնորոշ է նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող փրոմո-հոլովակների նկարահանման փորձ` պարկեշտ/անպարկեշտ վարվելաձեւերի, ժողովրդական գործիքների` քանոն, քամանչա եւ հայկական պարերի մասին, որոնք հեռուստաալիքի իմիջի կառուցմանն են ուղղված:

Իսկ որակական առումով` «Երկիր Մեդիան» իր փրոմո-հոլովակները ավելի վատն է համարում, քան մյուս հեռուստաալքիներինն է:

« … կան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության փրոմո-հոլովակներ, այդտեղ էլ մենք երբեք չենք կարող մրցակցել, ուրիշները շատ ավելի լավ են անում, չգիտեմ՝ ինչն է պատճառը, երեւի, որ այդքան սուտ չենք կարողանում խոսել»

(հատված «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ներկայացուցչի հետ հարցազրույցից)

Իսկ փրոմոհոլովակների ակնհայտ թերություններից է դրանց ոճային առանձնահատկությունների բացակայությունը, այսինքն` եթե չնայես հեռուստաէկրանի լոգոտիպին, ապա չես հասկանա, թե որ հեռուստաընկերության փրոմոն է, քանի որ յուրահատկություն չկա արված աշխատանքներում. իսկ փրոմոհոլվակների հիմնական կոչվածությունը հեռուստաընկերության իմիջի ստեղծումն է, ինչը մեր հեռուստաընկերությունների դեպքում չի արվում:

Այս թերացումը բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ ոչ մի հեռուստաընկերություն չունի փրոմո-հոլովակների արդյունավետության չափման փորձ, ինչը հնարավոր է, եւ գրականության մեջ կան հստակ առանձնացված չափանիշներ:

Այսպիսով, հայկական հեռուստաընկերություններում տարածված է փրոմո- հոլովակների ցուցադրման պրակտիկան, բայց հեռուստատեսության մոնիթորինգը ցույց տվեց, որ մեզանում, այնուամենայնիվ, գերակշռում են հեռուստահաղորդումների փրոմո-հոլովակները` անոնսների տեսքով, իսկ որոշ հեռուստաընկերություններ էլ` Հ1, Հ2, հեռուստաընկերությունների փրոմո հոլովակներ ընդհանրապես չեն ունեցել, ինչը Հ1-ում համարվեց համեստություն:

Ուսումնասիրված բոլոր հեռուստաալիքներում ավելի կարեւորվում է վարկանիշային հաղորդումների համար փրոմո-հոլովակներ նկարելն ու ցուցադրելը, ինչը հաջողության հասնելու կարճաժամկետ ռազմավարություն է:

Շարունակելի 

Անի Թովմասյան

 

«Հայաստանյան լսարանի ներգրավմանն ուղղված հեռուստաընկերությունների մրցակցային ռազմավարությունների վերլուծությունը» սոցիոլոգիական հետազոտություն է (մագիստրոսական թեզ է, որի ղեկավարն է եղել ս.գ.թ. Նվարդ Մելքոնյանը), որի նպատակն էր հետազոտել 2011թ-ի ընթացքում հայկական 10 ամենավարկանիշային հեռուստաալիքներից 1-5 տեղերը զբաղեցրած հեռուստաընկերությունների` լսարանի ներգրավմանն ուղղված մրցակցային ռազմավարությունների առանձնահատկությունները:

Փաստաթղթերի ավանդական վերլուծության են ենթարկվել հեռուստաընկերությունների 2012թ-ի մարտ ամսվա հեռուստաեթերները, իսկ փաստաթղթերի բովանդակային վերլուծության` «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության կողմից իրականացվող ուսումնասիրությունների 2012թ.-ի մարտ ամսվա տվյալները, մասնավորապես՝ 10 ամենից վարկանիշային հեռուստաընկերությունների եւ 50 ամենից վարկանիշային հեռուստածրագրերի փաստաթղթերն ու հեռուստաընկերությունների նույն ժամանակահատվածի եթերային ծրագրավորման ցանցերը (сетка)։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *