2013.04.19,

Քննադատ

Մշակույթից դուրս

Որ մեր լրագրողներից շատերը մատների արանքով ու միանգամայն մակերեսայնորեն են անդրադառնում մշակույթին ու մշակութային հարցերին, էդ մասին շատ է գրվել:

Խոսքն, իհարկե, վերաբերում է այն լրագրողներին, որոնք հիմնականում մշակույթի հարցերին են անդրադառնում, ավելի ստույգ` ոչ թե մշակույթի հարցերին ու խնդիրներին են անդրադառնում, այլ, ընդհակառակը, մշակույթին չառնչվող հարցերին ու խնդիրներին, չնայած իրենց ուսումնասիրության ու գրությունների հիմնական առարկաները մշակույթն ու մշակույթի մարդիկ են:

Այսուհանդերձ, մեր մշակութային լրագրողները մշակույթի մարդկանց ավելի հաճախ քաղաքական շարժառիթներով են հիշում, քան` մշակութային:

Գրողին, դերասանին, գեղանկարչին, կոմպոզիտորին, ճարտարապետին ու երգչին հրավիրում են հարցազրույցի, որպեսզի սրանց միջոցով պարզեն` Սերժ Սարգսյանն է ավելի լավը, թե` Րաֆֆի Հովհաննիսյանը:

Եթե հարցազրույց տվող մտավորականն իշխանամետ է, նախապատվությունն անվարան տալիս է Սերժ Սարգսյանին, իսկ եթե ընդդիմադիր է, սկսում է Րաֆֆի Հովհաննիսյանին գովաբանել: Լրագրողը երկու դեպքում էլ իր հարցի պատասխանից գոհանում ու հաջորդ հարցն է դեմ անում` «իսկ ձեր կարծիքով` այս ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ եղե՞լ են»:

Եվ եթե տվյալ մտավորականն ընդդիմադիր է, անմիջապես պատասխանում ու ասում է` «իհարկե եղել են, ընդ որում` շատ-շատ», և եթե մտավորականն իշխանամետ է, խորապես մտածելուց հետո պատասխանում և ասում է` «ընտրակեղծիքներ երևի թե եղել են, բայց չեմ կարծում թե` դրանք ազդած լինեն ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա», և երկու դեպքում էլ լրագրողը (լրագրողուհին) իր հարցի պատասխաններից ընդհանուր առմամբ բավարարվում է, որովհետև իր ուշքն ու միտքն իր հաջորդ հարցն է` «իսկ ի՞նչ կարծիքի եք ընտրակաշառքի մասին», և այստեղ, իհարկե, մեր երկու մտավորականներն էլ մոտավորապես նույն կերպ են պատասխանում` «իհարկե, ընտրակաշառքն ամենավատ բանն է, ընդ որում` և՛ տալը, և՛ վերցնելը»:

Եվ եթե լրագրողը (լրագրողուհին) այսքանով չի սահմանափակվում, մի քանի հերթապահ հարցեր էլ է տալիս ազգի փրկության ուղղվածությամբ, և մեր մտավորականներն ու արվեստագետները չեն զլանում պատասխանել էդ հարցերից ամենաբարդին անգամ, և, իհարկե, իրենց պատասխաններից գոհ են մնում, և, իհարկե, լրագրողը (լրագրողուհին) էլ է իր տված հարցերից ու ստացած պատասխաններից գոհ մնում:

Ընդ որում` այնքան է գոհ մնում, որ մոռանում է հարցազրույց տվող արվեստագետներին իրենց իսկ բնագավառից որևէ հարց տալ, և հարցազրույց տվողներն էլ առանձնապես նոր ու մասնագիտական հարցերի կարիքը չեն զգում, որովհետև իրենց ավելի շատ ազգի ներկան ու ապագան է հուզում, քան` կոնկրետ իրենց բնագավառի ներկան ու ապագան:

Եվ չնայած տվյալ լրագրողին (լրագրողուհուն) էլ են առաջին հերթին ազգի ու ժողովրդի հետ կապված հարցերը հուզում, այդուհանդերձ, էդ հարցերի հետ կապված մեր լրագրողի (լրագրողուհու) կարծիքը մեզ անհայտ է մնում, որովհետև մեր լրագրողները` մանավանդ մշակույթի հարցերով զբաղվողները, շարունակում են մտավորականներին իրենցից դուրս փնտրել ու գտնել, ընդ որում` հիմնականում արվեստագետների մեջ, որոնց մոտ գրեթե մշտապես զգացմունքները մտքից առաջ են ընկած:

Այսուհանդերձ, մեր մշակութային ու մշակութասեր լրագրողների հիմնական նախասիրությունը արվեստագետներին իրար հետ կռվացնելն է: Մանավանդ` արտիստներին, երգիչներին ու երգչուհիներին:

Մանավանդ` ներքաղաքական խառը իրավիճակներում: Եվ, կարելի է ասել, հիմնականում հաջողության են հասնում:

Ընդդիմադիր արտիստից իշխանամետ արտիստի մասին կարծիք են հարցնում, և ընդդիմադիրն իշխանամետին մի կուշտ հայհոյում է: Հետո անմիջապես զանգում են իշխանամետին և փոխանցում են ընդդմադիրի լուտանքները, և, բնականաբար, իշխանամետն էլ ընդդիմադիրի գլխին է լուտանքներ թափում:

Արդյունքում լրագրողն արարում է երկու բավական հետաքրքիր ու բավական աղմկահարույց նյութ, և հաջողության դեպքում էս երկու նյութերը կրկնապատկվում ու բազմապատկվում են, որովհետև, սովորաբար, կռվածներն էդքանով չեն բավարարվում:

Եվ սովարաբար կռվողներն էն արտիստներն ու արվեստագետներն են, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ միմյանց մասին ամենայն սիրով ու պատկառանքով են արտահայտվել:

Նույն կերպ ու նույն հաջողությամբ մեր լրագրողները նաև քաղաքական գործիչներին են կռվացնում, բայց մեր այս պահի խոսակցությունը հիմնականում «մշակութային» լրագրողներին և արվեստագետ մտավորականներին է վերաբերում:     

Այս ամենի ֆոնին միակ մխիթարականն այն է, որ առայժմ մեր մտավորական արվեստագետներից որևէ մեկին չի հաջողվել մեր լրագրողներին իրար հետ կռվացնել:

Որովհետև մեր լրագրողները մեր մտավորականներից անհամեմատ խելոք են` թեկուզև այնքանով, որ իրենք իրենց մտավորական չեն համարում:

Որովհետև մեզանում մտավորական բառը վերջնականապես է վարկաբեկված:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *