2013.04.10,

Քննադատ

Ապրիլի 9-ի հերոսները լրագրողներն էին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ապրիլի 9-ին հայաստանյան մեդիան աշխատեց լարված ու արտակարգ եղանակով: Ցերեկը Երեւանում հանրային նշանակություն ունեցող երկու միջոցառում տեղի ունեցավ, որոնց սպասարկումը դրված էր ոչ միայն ուժային կառույցների, այլեւ լրատվամիջոցների ուսերին: Միաժամանակ երկու ինաուգուրացիաների (պաշտոնական ու այլընտրանքային) մանրամասները իրապես մեծ հետաքրքրություն էին առաջացրել, եւ դրանց անդրադարձներին մեդիայում շատերն են հետեւել:

Մուլտիմեդիա բաժին ունեցող գրեթե բոլոր առցանց կայքերն ուղիղ եթերի ռեժիմով տեսաշար հեռարձակեցին կամ կարճ հաղորդագրություններ ու ֆոտոռեպորտաժներ հրապարակեցին Երեւանի Մարզահամերգային համալիրի մատույցներից ու դահլիճից, որտեղ խիստ պաշտոնական մթնոլորտում ու արարողակարգի համաձայն երդմնակալեց Սերժ Սարգսյանը: Նույն ռեժիմով լուսաբանվեց նաեւ Ազատության հրապարակի հանրահավաքը, որտեղ իր ոչ ստանդարտ երդմնակալությունն անցկացրեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թերեւս, սա այն եզակի դեպքերից էր, երբ լսարանին հավասարապես հետաքրքիր էր թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ինաուգուրացիաների մասին տեղեկությունը: Միշտ էլ ուշագրավ է հետեւել, թե նույն պահին, բայց տարբեր վայրերում ինչ է տեղի ունենում եւ ինչպես է տեսանելի դառնում իրադարձությունների կոնտրաստը:

Այդ երկու ծեսերի ցանցային հեռարձակումը live stream եղանակով իրականացնում էին ոչ միայն այդ գործում հմտացած «Ազատությունը» եւ «Սիվիլնեթը», այլեւ այլ կայքեր (ամբողջությամբ կամ մասնակի):

Ինտերնետում իր live stream– ն ուներ նաեւ «Արմենիա» հեռուստաընկերությունը: Ֆինանսական եւ տեխնիկական խոշոր կարողություն ունեցող «Արմենիայի» տեսաշարը բաց էր ոչ միայն լսարանի, այլեւ լրատվամիջոցների օգտագործման համար: 

Եթե օրվա առաջին կեսին լրատվամիջոցները ընդամենը հեռարձակող ու տեղեկացնող էին, ապա ինաուգուրացիաների ավարտից հետո նրանք դարձան գլխավոր դերակատարները, քանի որ գործի էր դրվել արագ արձագանքման ու ինֆորմացիան սելեկցիա անելու պարտադրանքը: Իրավիճակը քաղաքի տարբեր անկյուններում շատ արագ էր փոխվում, ինֆորմացիայի ծարավ կար, որը հագեցվում էր ինտերնետային մեդիայի շնորհիվ:

Խոսելով հայաստանյան մեդիայի մասին՝ այլեւս ստիպված ենք այդ եզրույթից տարանջատել հեռուստատեսությունը (բացառությամբ՝ մեկ կամ երկու ալիքների), որը բոլորովին այլ գիծ է բռնել եւ ոչ այնքան ինֆորմացիա, որքան ինֆորմացիայի մի բեկոր է մատուցում: Այդ բեկորը հանրային մեծ պահանջարկ չունի, երկարաշունչ, գերպաթետիկ ու կողմնակալ է այն աստիճանի, որ խեղդամահ է անում հեռուստադիտողին: Եվ նման գաղջ (հրատապությունից զուրկ, գոլ) ինֆորմացիոն հոսքերի պատճառով հեռուստատեսությունն ավելի արագ ու անկասելի է լսարան կորցնում: 

Դա հատկապես նկատելի դարձավ ապրիլի 9-ի երկրորդ կեսին, երբ Երեւանի տարբեր վայրերում տեղի ունեցան ինքնաբուխ հավաքներ, ելույթներ, երթեր, բախումներ ոստիկանության հետ: Շատ բան անհայտ ու անկանխատեսելի էր, եւ օրվա պատկերը հասկանալու համար հարկ էր գրեթե միաժամանակ մի քանի վայրերից չխմբագրված, կենդանի ռեժիմով հաղորդվող տեղեկատվություն ստանալ:

Մասամբ կաթվածահար եղած Երեւանն իր փակված ու արգելափակված փողոցներով դարձել էր իրադարձությունների հարթակ, ինչը շատ արագ արտացոլվեց վիրտուալ տարածքում: Այդ օրվա հերոսները ոչ այնքան քաղաքական գործիչներն էին, որքան լրագրողները: Դա վազվզոցով, տանջալի աշխատանքով ու լրագրողական հոտառության ու հմտության կիրառման օր էր:

Լրագրողները դեպքի վայրերից, այլ ոչ թե միջնորդավորված (հեռախոսով կամ սոցցանցերի միջոցով) էին ինֆորմացիա հայթայթում: Նաեւ մրցակցում էին իրար հետ օպերատիվ ու թարմ (թեեւ ոչ միշտ անաչառ) ինֆորմացիա հաղորդելու համար: Ընդ որում՝ դա վերաբերում էր ոչ միայն փողոցում կատարվող ակցիաներին ու բախումներին, այլեւ իշխող կուսակցության առանցքային դեմքերին ոչ պաշտոնական իրավիճակում հարցազրույցների հրավիրելուն: Օրը տրամադրում էր աշխատելու:

Իսկ արդեն ապրիլի 10-ին ամենից շատ արժեւորվեցին ոչ միայն արագ պեղված «հում», այլեւ ռեպորտաժային ֆորմատին համապատասխանեցված նյութերը: Լոկալ լրագրողական բացահայտումներ եղան:  

Անկանխատեսելի զարգացում ունեցող զանգվածային միջոցառումների լուսաբանումը փորձաքար էր բոլոր լրատվամիջոցների համար (կրկին բացառենք հեռուստատեսությունը): Եվ ակնհայտ դարձավ, որ շահում ու լսարան է ձեռք բերում այն մեդիա միավորը, որը արհեստավարժ լրագրողներով է համալրված: Արագ արձագանք պահանջող իրավիճակներում ոչ բոլորն են կարողանում աշխատել (նույնիսկ այն դեպքերում, երբ դա իրենց թույլատրվում է):

2008 թվականի տեխնիկական անզորությունն այլեւս չկա, առցանց մեդիայում աշխատող լրագրողները մոբիլ գործիքներով են օժտված: Իսկ երեկ նրանց համար իսկական փորձություն էր. կային գործիքներ, եւ կար նյութ: Մնում էր աշխատել. առավոտից մինչեւ գիշեր վազել ինֆորմացիայի հետեւից, այնուհետեւ այն մոնտաժել ու համադրել: Իհարկե, մեդիայի աշխատանքում կար խառնաշփոթ, բայց այդ խառնաշփոթը (եթե ոչ ավելի մեծ) կար նաեւ իրականության մեջ:

Ի դեպ, շատ լրագրողների տեսախցիկների ու լուսանկարչական սարքերի մարտկոցները երեկոյան արդեն լիցքաթափվել էին: Օրը թեժ էր:

Նունե Հախվերդյան

Հ.Գ. Հետեւելով ինտերնետային հեռուստատեսության թողարկումներին՝ զգում ես, թե որքան հիանալի բան է ուղիղ եթերը, որքան գրավիչ ու տպավորիչ է ուղիղ եթերում աշխատել կարողանալը (նույնիսկ եթե վրիպակներ եւ խոտան է լինում): Իսկ այդ հաճույքից մեր ավանդական հեռուստատեսությունը վաղուց արդեն ինքն իրեն զրկել է: Անգամ ՀՀ նախագահի երդմնակալության որոշ հատվածներ նախօրոք էին նկարահանվել: Այդ բացահայտումն արեց ոչ միայն Սիվիլնեթը, այլեւ բնությունը: Ապրիլի 9-ին Երեւանում անձրեւ էր եւ ամպրոպ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *