2013.04.01,

Քննադատ

Ծիծաղում են լրագրողները

Այս տարի ապրիլի մեկին չգիտես ինչ անես` տխրես, թե ուրախանաս` թարսի պես ծիծաղի օրը այս անգամ համընկել է մեռելոցի հետ: Այնումենայնիվ` բնավորությամբ լինելով ավելի շատ կենսուրախ մարդ, հակված եմ այդ օրը ծիծաղել: Իսկ որպեսզի միասին ծիծաղենք, ուզում եմ վերհիշել մի քանի զավեշտալի դեպք, որ պատահել են մեր մասնագիտության տեր մարդկանց հետ: 

Սկզբում պատմեմ իմ պատմությունը: Երբ աշխատում էի «Ինտերֆաքս»- ում, որպես սեփական թղթակից, երկու լրագրող «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթից արտահաստիքային հիմունքների վրա նույնպես սկսեցին գրել մեր գործակալության համար:

«ՌԱ»- ում, իմանալով, որ իրենց  գործընկերները սկսել են թղթակցել ճանաչված գործակալության համար, որոշեցին չար կատակ խաղալ իրենց գլխին: Թղթի վրա տպագրել էին մի անհեթեթ տեղեկատվություն եւ տղաների բացակայության ժամանակ դրել այն նրանց գրասեղանին:  «Ինտերֆաքս»- ի արտահաստիքային լրագրողներից մեկը, կարդալով այդ սենսացիոն նորությունը, անմիջապես հաղորդեց այն: «Ինտերֆաքս» -ն էլ շտապել էր այն տարածել: Տեղեկատվության մեջ գրված էր, որ հայ-թուրքական սահմանի վրա տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ Հայաստանի այն ժամանակ վարչապետ Վազգեն Սարգսյանը ծանր վիրավորվել է եւ մահացել: Բնական է, որ որոշ ժամանակ անց մոսկովյան գործակալությունը հերքել էր իր իսկ տված լուրը:

Այնուհետեւ իմ անմիջական ռուս համակարգող խմբագիրը զանգահարեց ինձ եւ խնդրեց, որ փոխանցեմ ապատեղեկատվություն տարածող այդ ընկերներին, որ այլեւս չգրեն «Ինտերֆաքս»- ի համար: Իհարկե հանրապետությունում բարձրացավ մեծ աղմուկ եւ շատերը ուզում էին գուշակել, թե ումն էր ձեռնտու այդպիսի տեղեկատվություն տարածելը: Իսկ Թուրքիան իր հերթին Հայաստանին բողոքի նոտա հղեց:

Նախագահականում տեղի ունեցած պաշտոնական ճաշկերույթի ժամանակ ես ստիպված, որպես Հայաստանում «Ինտերֆաքս»-ի  սեփական թղթակից,  անձամբ մոտեցա Վազգեն Սարգսյանին եւ տղաների փոխարեն ներոխություն  խնդրեցի:   

Մի այսպիսի պատմություն էլ տեղի էր ունեցել «Չորրորդ ինքնիշխանություն» («ՉԻ»)  թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանի  հետ: Պատմում է Մհերը. «Զանգահարեցին խմբագրություն եւ ասացին, որ ԳԱԻ-ն Հանրապետության հրապարակում մի մեքենա է կանգնեցրել խախտման համար եւ վարորդը ներկայացել է որպես «ՉԻ» տնօրեն: Ամիջապես գնացի դեպքի վայրը: Մի քաղաքացի կանգնած վիճում էր տեսուչների հետ: Մոտեցա, ասացի դուք ո՞վ եք, ասաց՝ «ՉԻ» տնօրենն եմ: Ասացի՝ այդ դեպքում ե՞ս ով եմ: Ասաց՝ ի՞նչ իմանամ: Ծիծաղս զսպելով ներկայացա իրեն էլ, տեսուչներին էլ: Կարմրեց, ներողություն խնդրեց, ասաց որ խիստ շտապում էր, դրա համար երբ տեսուչը կանգնեցրել է, ներկայացել է՝ մտքին եկած առաջին իսկ լրատվամիջոցի տնօրեն: Ի դժբախտություն իրեն՝ հենց մեր խմբագրությունից մի քանի մետր հեռավորության վրա էր տեղի ունեցել միջադեպը» :

«Զավեշտալի պատմություններ ինձ հետ հաճախ են պատահել, բայց այս մեկը երեւի թե մրցակցությունից դուրս է», – վերհիշում է «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: 

2009-ին հրավերով նա մեկնել էր Կոսովո: Երբ այցելել է ամերիկյան «Բոնդստիլ» ռազմակայան, ամերիկացի գեներալը հարցրել է, թե ինչ ցանկություններ ունի: Դավիթը խնդրել է, որ իրեն ուղեկցեն Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների մոտ: Ռազմական ամենագնացում նրան ուղեկցող հրամանատարը տարօրինակ պահվածքով եւ գրեթե անհասկանալի առոգանությամբ ամերիկացի մի սերժանտ է եղել: Նա Դավիթին մի կերպ բացատրել է, որ ճանապարհին պետք է մի քանի րոպեով մտնի Կոսովոյի մեծությամբ երկրորդ Ֆերիզայի քաղաքի ադմինիստրացիա: Կես ժամ հետո նրանք հասել են այդ քաղաքի կենտրոնական հրապարակ եւ դեռ չէին հասցրել դուրս գալ մեքենայից, երբ հնչել են նվագախմբի երաժշտության հնչյունները եւ մեծ բազմություն է  եկել նրանց դիմավորելու:

Պարզվել է, այդ օրը քաղաքի ազատագրման տոնն է եղել, եւ իրենք այդ տոնին մարմնավորել են ամերիկյան իշխանությունը: Մոտ մեկ տասնյակ տեսախցիկների ուղեկցությամբ նրանք բարձրացել են քաղաքապետի սենյակ, որտեղ հյուրասիրություն է պատրաստված եղել: Ամերիկացի սերժանտին խնդրել են շնորհավորական խոսք ասել: Քանի որ նրա ասածից ոչինչ չեն հասկացել, դիմել են նաեւ Դավիթին` կարծելով, որ նա պատվիրակության անդամ է: Իրավիճակը փրկելու համար Ալավերադյանը … ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է Ֆերիզայի քաղաքի բնակչությանը եւ մաղթել է բարեկեցություն եւ խաղաղություն: «Խոստովանեմ. ամբողջ ելույթիս ընթացքում պատկերացնում էի, թե որքան  կզարմանա իմ լավ ընկեր, ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, եթե պատահաբար տեսնի հեռուսատեսությամբ, թե ինչպես է հայ լրագրողը Կոսովոյում ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում տեղացիների տոնը», – պատմում է Դավիթը:

Այդքանով արկածները չեն ավարտվել: Ընդունելությունից հետո հրապարակում իսկական շքերթ է եղել: «Մեդիամաքս»-ի խմբագիրը ու սերժանտն էլ առաջին շարքում ընդունել են   այն: Դավիթը նկատել է երկու զինվորականի ՀՀ Զինված ուժերի տարբերանշանով: «Տղեք, հայ ե՞ք»,- հարցրել է Դավիթը: «Հա»-  չհավատալով իրենց աչքերին` արտաբերել են զինվորականները: «Տարեք ինձ այստեղից, խնդրում եմ»,- ասել է Դավիթը:  

Լրագրողները ոչ միայն հայտնվում են զավեշտալի վիճակներում, այլ նաեւ պետք եղած ժամանակ կարող են իրենք էլ «օյին խաղալ» ուրիշների  գլխին:  Տարիներ առաջ «Եթեր» թերթի լրագրող Յանա Ավչիյանը որոշել էր ապրիլի մեկին նվիրված հոդված պատրաստել: Զանգահարել է «Ռադիո Հայ»-ի Դավիթ Թեփիկյանին, ով վարում էր «Լանչ» ծրագիրը, որը հայտնի էր իր խաղարկումներով եւ  կատակներով: Ընդ որում այն ռադիոլսողը, ով դառնում էր կատակի զոհ, որպես փոխհատուցում,  լանչ էր ստանում: Յանան զանգահարում է «Ռադիո Հայ» եւ ներկայանում է, որպես այդ ծրագրի կատակի զոհ, ով ուտելով իրենց ուղարկած լանչը թունավորվել է: Յանան, փոխելով իր ձայնը, սպառնում է դատարան դիմել: Դավիթը սկսում է արդարանալ, թե այդ լանչերը մատակարարում է ինչ-որ մի ռեստորան եւ իրենց ռադիոն մեղավոր չէ եւ այլն: Ռադիոհաղորդավարին մի լավ տանջելուց հետո միայն Յանան խոստովանում է, որ ինքը լրագրող է եւ որ կատակում է: Դավիթը առաջին անգամ հայտնվում է կատակի զոհի վիճակում: Այստեղ են ասել` ուրիշին փոս մի փորիր, ինքդ այնտեղ կընկնես: 

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *