Մեծ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ թերթերը վաղուց նախկին ազդեցությունը չունեն: Բայց, փաստ է, որ կայքերը յուրովի են նպաստում դրան: Այսինքն, թվում է, թե մեջբերումներով նպաստում են տպագիր մամուլի հեղինակության բարձրացմանը, սակայն իրականում բիզնեսի այդ ոլորտը թողնում են ձեռնունայն: 2011-ի սեպտեմբերին ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր «կողմից սիրված ու ընդունված կայքերին» պիտի խնդրի չհրապարակել ՀԺ-ի տեղեկությունները մինչեւ թերթի իրացումն ու լուրերը ՀԺ-ի կայքում հրապարակելը: Դատելով նրանից, թե ինչ ոգեւորությամբ են կայքերը մեջբերում ՀԺ-ի եւ այլ թերթերի հրապարակումները նաեւ այսօր, պետք է ենթադրել, որ կամ Նիկոլ Փաշինյանի խոսքը տեղ չի հասել, կամ էլ Փաշինյանը նրանց ոչինչ չի ասել: Ժամանակին մեր հեռուստաընկերությունները երեկոյան ժամերին մամուլի տեսություն էին ներկայացնում: Կրկին այլ հարց է, թե հատկապես ո՞ր հրապարակումներն էին դառնում տեսության թեմա: Բայց դա զուտ տեսություն էր, երբ կրպակներում արդեն սպառվել էին թերթերը:
Tert.am-ն, օրինակ, փետրվարի 16-ին առավոտյան ժամը 8-ին մեջբերել է «Հրապարակ» օրաթերթի միանգամից 4 ամենահետաքրքիր նորությունները: Իսկ «Հրապարակը» դրանք պեղել է, որպեսզի վաճառքի առումով տպագիր մյուս
լրատվամիջոցներից ետ չմնա: Եւս 4 լուր մեջբերվել է «Հայկական ժամանակ» օրաթերթից: Պարզ է, որ յուրաքանչյուր ընթերցող առավոտյան արթնանալիս ավելի շուտ իր համակարգչին է հասնում, քան՝ մոտակա կրպակը, եթե, իհարկե, ասենք, հինգշաբթի օրերը հենց կրպակ չի շտապում գնելու «168 ժամ» թերթը, որպեսզի կարդա Վարդան Ֆերեշեթյանի համաշխարհային գրականությունից եւ փիլիսոփայական մտքից արված ծաղկաքաղները: Չէ՞ որ ոչ մի կայք դրանք չի մեջբերում: Tert.am-ը պարտադիր տպագրում է նաեւ «Առավոտ» օրաթերթի խմբագրի խմբագրականները: Ուրիշ ոչինչ (գոնե փետրվարի 16-ին) կամ գրեթե ուրիշ ոչինչ այդ լրատվամիջոցից: Բայց հարց է առաջանում, եթե Արամ Աբրահամյանի խմբագրականներն ամենահետաքրքիրն են այդ լրատվամիջոցի էջերում, ինչու՞ եք նրան զրկում թեկուզ խմբագրականներով գումար աշխատելու հնարավորությունից:
News.am-ն, իհարկե, օգնում է հասկանալ, որ Արամ Աբրահամյանի խմբագրականից բացի ուրիշ հետաքրքիր տեղեկություն էլ կա «Առավոտ»-ում: Մասնավորապես կրթության եւ գիտության նախարարի գնահատականը Տեր-Պետրոսյանի այն արտահայտությանը, որ «մեծ է եւ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ» (մեջբերումն Աշոտյանից է, ոչ թե Տեր-Պետրոսյանից): Լեւոն Տեր-Պետրոսյանն, իհարկե, չի ասել, թե տարիքի պատճառով չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ: Փաստն այն է, որ Աշոտյանից մեկնաբանություն են խնդրել եւ նա դա արել է հետաքրքիր ձեւակերպումներով, թեպետ աղավաղելով ՀԱԿ առաջնորդի միտքը: «Առավոտից» մի հրապարակում էլ է այդ կայքը գտնում. «Մարզհամերգային համալիրի աշխատողներին աշխատացրել են, գումարը չեն տվել»: Բոլոր հրապարակումները ներկայացված են ամբողջությամբ:
Lurer.com-ը թերթերից մեջբերումներն անում է առավոտյան 6։35-ից սկսած, այսինքն, երբ կրպակները դեռ փակ են: Այս կայքը եւս մեկ հետաքրքիր հրապարակում է գտնում «Առավոտից», այսինքն, իր «նպաստն» է բերում թերթի «սպառման» գործին: Ըստ իրեն, իհարկե, լավություն է անում թերթին: Բայց մեջբերված հրապարակումը հատկապես կայքի հնարավոր քաղաքական շահերի
հետ է խոսում (Lurer.com-ի խմբագիրը «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն է). «Ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավն անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը»: Կրկին ամբողջական հրապարակում:
ilur.am-ը նույնպես իր լուման ունի այս ամբողջում, բայց այս կայքում էթիկայի զգացում կա: Մեջբերված հրապարակումները հիմնականում աբողջական չեն: Թերթի մարկետինգային շահերը հաշվի են առնված: Կայքը փետրվարի 13-ին սահմռկեցուցիչ մեջբերումներ է արել «Հրապարակ» օրաթերթից («Սերժ Սարգսյանին դիմավորող երեխան ցրտից անզգայացել էր»), բայց մանրամասներ չի հրապարակել, այլ նշել է, որ «մանրամասներն այսօրվա «Հրապարակում»»: Այսինքն, ուղղորդել է ընթերցողին: Սա հենց այն է, ինչից ընթերցողին զրկում են մյուս կայքերը:
Մեջբերում են սովորաբար դիրքորոշումները, ինչն անում է «Ազատություն» ռադիոկայանը, ոչ թե տեղեկատվությունը: Որովհետեւ տեղեկատվությունը տվյալ թերթի լրագրողի անհատական ջանքն է, իսկ դիրքորոշումը լրատվամիջոցի քաղաքականության արտահայտությունն է: Այդ դիրքորոշումը թերթի մարկետինգային ջանքերի դրսեւորումը չէ, այդ ջանքերի դրսեւորումը լրագրողի գտած սենսացիան է:
Այսինքն, սենսացիան կամ հետաքրքիր լուրն են նպաստում թերթի սպառմանը: Դիրքորոշումը միայն տեղյակ է պահում ընթերցողին, թե ինչ սկզբունքներ ունի թերթը, թե քաղաքական ինչ ուղղության դավանող է:
Մհեր Արշակյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: