2013.02.15,

Քննադատ

Քվեարկության օրը լրագրողի աշխատանքի առանձնահատկությունները

Հայաստանում լրատվամիջոցները ընտրությունները լուսաբանելու արդեն բավական հարուստ փորձ ունեն: Արդեն սովոր են եթերում կամ ցանցային լրատվամիջոցներում քվեարկության օրը տեսնել ուղիղ միացումներ ընտրատարածքներից, ընտրական խախտումների մասին օպերատիվ տեղեկատվության հոսք կամ արդյունքների ամփոփում:

Ուզում եմ կիսվել իմ փորձով եւ լրագրողներին քվեարկության օրն ավելի արդյունավետ աշխատելու, ցանցային լրատվամիջոցների եւ լրատվական գործակալությունների խմբագրություններին օրվա աշխատանքային նախագծի հետ կապված մի քանի խորհուրդ տալ:

Ցանկալի է՝
1. Նախապես պատրաստել տեղեկատվություն քվեարկության մեկնարկի մասին, որտեղ կնշվի Հայաստանի ընտրատեղամասերի, ընտրողների, թեկնածուների եւ  երկրում անցկացված նախագահական ընտրությունների քանակի մասին: Այդ լուրը պետք է թողարկել հենց առավոտյան ժամը 8-ին քվեարկության մեկնարկի հետ:

2. Ներկա լինել ընտրատեղամասերում նախագահի թեկնածուների քվեարկության ժամանակ: Ընթերցողներին միշտ հետաքրքրում է, թե ինչ հայտարարեց թեկնածուն քվեարկելու ժամանակ, ում հետ եկավ ընտրատեղամաս, ինչ էր հագել, ինչ տրամադրություն ուներ եւ այլն: Ցանկալի է պատրաստել մի սուր հարց, այլ ոչ թե սահմանափակվել շաբլոն հարցով, օրինակ, «Ի՞նչ տրամադրությամբ եք եկել ընտրությունների»:

Հիշում եմ 2008 թվականին ներկա եղա եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ՛ Սերժ Սարգսյանի քվեարկությանը: Տեր-Պետրոսյանին հարցրի, թե քանի տոկոս ձայն կհավաքի այս ընտրություններում, նա կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց՝ «100 տոկոս», ինչը մեծ արձագանք գտավ մամուլում: Այդպիսի ինքնավստահ հայտարարություն ոչ ոք չէր սպասում:

Օգտակար է նաեւ՝
1. Ընտրության օրը հետեւել ընտրողների ակտիվությանը, քվեարկության մասնակցողների տոկոսը համեմատել վերջին՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ:

2. Միշտ կապի մեջ լինել գործընկեր լրագրողների, թեկնածուների շտաբների, դիտորդական կազմակերպությունների հետ:
2008 թվականի ընտրությունների ժամանակ իմ կոլեգայից (արդեն չեմ հիշում ումից) տեղեկացա մամուլի ասուլիսի մասին, որն անցկացրեցին ընտրական տեղամասերից մեկում ծեծի ենթարկված ընդդիմադիր գործիչներ Երջանիկ Աբգարյանը եւ Գուրգեն Եղիազարյանը:

Իսկ 1998 թվականին ընդդիմադիր թեկնածու Կարեն Դեմիրճյանի շտաբից հայտարարություն ստացա, որով նա կասկածի տակ էր դնում ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը: Այդ հայտարարությունը մեր գործակալությունը առաջինը տարածեց: Հիմա, իհարկե, այդ նորություններին արագ կարելի է ծանոթանալ համացանցում, բայց այդ դեպքում էլ լրագրողը կլինի ոչ թե նյութի առաջին, այլ հերթական տարածողը:

3. Քվեարկության օրվա վերջում ուշադիր լինել ընտրախախտումների եւ լցոնումների դեպքերին: Լավ կլինի ինքը՝ լրագրողը, ընտրական թեժ տեղամասերից մեկում հետեւի քվեների հաշվարկին: Փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ընտրախախտումները լինում են, երբ մութն ընկնում է` քվեարկության վերջին ժամերին կամ ձայների հաշվարկի ընթացքում:

Օրինակ` 2008 թվականի ընտրությունների վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ հիմնական կեղծիքները իրականացվեցին ձայների հաշվարկի ընթացքում. այս գործընթացը տեղի ունեցավ ընտրական տեղամասերը հոսանքազրկելու ժամանակ: Ընտրախախտման մասին տեղեկություն տարածելով՝ լրագրողը պետք է այդ խախտումը հաստատող գոնե 2-3 աղբյուր ունենա, որպեսզի խուսափի կեղծ լուր տարածելուց:

Հիմա պարտադիր չէ ներկա լինել ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) քվեարկության արդյունքներին ծանոթանալու համար. դա կարելի է անել օնլայն: Օրինակ՝ 1996 թվականի ընտրությունների ժամանակ մինչեւ ուշ գիշեր գտնվում էինք ԿԸՀ-ում, որպեսզի ինչ-որ մի նորություն իմանանք քվեարկության արդյունքների մասին: Սակայն Խաչիկ Բեզիրջյանի գլխավորած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպես էլ ոչինչ չասեց, միայն հաջորդ օրը կեսօրին իշխող ՀՀՇ կուսակցությունը ինչ-որ տվյալներ հայտնեց:

Ընտրությունների արդյունքների ամփոփման տվյալները հասանելի են: Պարզապես պետք է մտածել դրանք ընթերցողին պարզ, վիզուալ լավ փաթեթավորմամբ ներկայացնելու մասին:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *