2013.02.13,

Քննադատ

Ռեպորտաժ գրքի համաշխարհային մայրաքաղաքից

Ինչքան քիչ են Հայաստանում գիրք կարդում, այնքան շատ են խոսում գրքից ու գեղարվեստական գրականությունից: Գրականությունից խոսում են բոլորը եւ ամենուր: Ընդ որում` բոլորը բոլորին դաս տալով բացատրում են` ինչպես չի կարելի գրել: Ընդ որում՝ ամենից հաճախ հենց գրողներին են բացատրում ու սովորեցնում:

Այսուհանդերձ, մեզանում գեղարվեստական գրականության շուրջ քննարկումներն ավելի հաճախ հեռուստաեթերում են կազմակերպվում ու տեղի ունենում, ընդ որում` էդ քննարկումներն էնպիսի բուռն ընթացք են ունենում, որ կողմնակի ու գրականության հետ կապ չունեցող մեկին կարող է թվալ, թե Հայաստանում իրենից բացի բոլորը գրականություն են կարդում:

Մինչդեռ մենք շատ լավ գիտենք, որ, չնայած Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք է հռչակված, հենց Երեւանում են գրախանութները մեկը մյուսի հետեւից փակվում:

Եվ այլ պատճառներից բացի, դրա պատճառներից մեկն էլ այն  է, որ Հայաստանում շատ քիչ են գիրք առնում, եւ ենթադրում եմ, որ մեր գիրք չառնելն էլ ոչ միայն անվճարունակության հետեւանք է, այլեւ` գիրք չկարդալու հետեւանք:

Նման պայմաններում գրականության խնդիրների մասին էսքան խոսելն ու հեռուստաշոուներ կազմակերպելն ավելի քան արհեստական է:

Եւ ավելի քան արհեստական է, որ նշածս հեռուստաշոուներում ոչ թե մեր գիրք չառնելու ու մեր գրախանութների վերացման հարցերն են քննարկվում ու շոշափվում, այլ` գրականության միանգամայն խորքային խնդիրներ, որոնք պիտի քննարկվեն չափազանց ընթերցող հասարակության մեջ, եւ եթե մեզանում էլ են իրենց իրավունք վերապահում քննարկել, ապա գոնե պիտի քննարկեն մեր միջի էն հատուկենտներն ու բացառիկները, որոնք, ի տարբերություն մեծամասնության, համառորեն շարունակում են ոչ միայն գիրք առնել, այլեւ աչքի անցկացնել ու կարդալ էդ, ուրեմն, իրենց առած գրքերը:

Եվ քանի որ մեզանում հիմնականում գիրք չառնողներն ու  հատկապես գիրք չկարդացողներն են հրավիրվում հեռուստաշոուների, էդ շոուներում բնականաբար խոսակցությունն ու բանավեճն ընթանում է ոչ թե` ինչ եւ ինչպես պետք է գրել թեմայով, այլ, ընդհակառակը, ինչ եւ ինչպես չպետք է գրել թեմայով:

Եվ քանի որ էդ թեմայի վերաբերյալ է հարցերի շրջանակը կազմվում, բնականաբար, էդ քննարկումներին պարտադիր մասնակցում են նաեւ հոգեւորականները, որովհետեւ մեզանում ամենից լավ հոգեւորականներն են իմանում` ինչ եւ ինչպես չանել:

Էդ շոուներին հրավիրվում են նաեւ բանաստեղծներ ու գրողներ, նաեւ` քաղաքական գործիչներ, որոնք բոլորն էլ չափազանց վարժ ու չափազանց ճարտար դայլայլում են ինչպես չպետք է գրել թեմայով, եւ եթե երբեմն-երբեմն նույնիսկ գրականագետներ էլ են հրավիրվում, էս վերջիններս էլ թեմայից առանձնապես չեն շեղվում:

Եթե նույնիսկ ընդունենք, որ նման քննարկումներ կարելի է կազմակերպել ճիշտ ճանապարհից շեղված գրողներին դարձի բերելու համար, եւ եթե նույնիսկ ընդունենք, որ հնարավոր է իսկական գրողներին ու բանաստեղծներին արգելել ինչ-որ ձեւով գրել, եւ եթե նույնիսկ համաձայնվենք, որ իսկական գրողին կարելի է գրել սովորեցնել եւ գրելու դասեր տալ:

Եւ եթե մենք էդ հարցերում իսկապես սրտացավ ենք, եւ եթե իսկապես լավ ու հետաքրքիր գրքեր կարդալու ցանկություն ունենք, պիտի ոչ թե գրողներին սովորեցնենք ինչպես եւ ինչ չգրել, այլ, ընդհակառակը, ինչ եւ ինչպես գրել, բայց դա կանեինք միայն էն դեպքում, եթե իսկապես գիրք կարդալու նպատակ ու հավես ունենայինք:

Բայց քանի որ էդպիսի բարի նպատակ չունենք եւ առաջիկայում էլ կարծես չենք ունենալու, մշտապես նախընտրելու ենք գրական հարցերի շուրջ էս տեսակ աղմկահարույց շոուները, եւ մշտապես նախընտրելու ենք էդ ձեւով գրողներին ու ինքներս մեզ հեռացնել բուն գրականությունից ու գրականության էությունից, ինչպես նաեւ` գրականության պրոցեսից, որը չնայած կարծես թե գոյություն չունի ու բացակայում է, կարելի է ասել, որ հենց մեր ներկայության պատճառով է բացակայում:

Եվ չնայած հիմնականում գրականության հարցերին նվիրված հեռուստաշոուների ընթացքում ենք բուն գրականությունից ու գրական պրոցեսից շեղվում, այդուհանդերձ, այլ միջավայրերում էլ առանձնապես հակառակը չենք անում:

Եվ մեծ հաշվով, մեր գրողների հետ հարցազրույցներ անել նախընտրող լրագրողներն էլ են մեր գրողներին ու ընթերցողներին շեղում բուն գրականությունից ու գրական  պրոցեսից:

Եվ արդեն սովորական է դարձել, որ մեր գրողների հետ հարցազրույցներ անող լրագրողները մեր գրողներին քաղաքական ու ամեն տեսակ հարցեր տալիս են, բայց երբեք` գրականությանը վերաբերող հարցեր: 

Համոզված ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր լրագրողները մեր գրողների գրածները հեչ չեն էլ կարդացել: 

Իսկ միգուցե մեր գրողները կարդալու արժանի որեւէ բան չե՞ն գրել: Միանգամայն հնարավոր է:

Այդ դեպքում` ինչու հետները հարցազրույց անել:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *