Նախագահի սպասվող ընտրությունները հեռուստաընկերությունների համար երկրորդ պլան մղեցին ընտրողին: Ընտրողը ասպարեզում երեւում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքսեղմումների ժամանակ, Բագրատյանի Ազատության հրապարակում տեղի ունեցող հանդիպումների ընթացքում, Սերժ Սարգսյանի դահլիճային հանդիպումներում հարցեր ունեցողների դեմքով:
Այնուամենայնիվ, ընտրողի ձայնը չկա: Նա այսօր սոսկ դեմք է: Օպերատիվության մասով, ըստ իս, հեռւստաընկերությունները խնդիր չունեն, սակայն խնդիր ունեն ընտրություններում ընտրողի խոսքը մեջբերելու մասով:
Երեւանի մամուլի ակումբն ազդարարել է, որ այս ընտրություններում բանավեճի պակաս կա: Իսկապես այդպիսի պակաս կա: Դա թեկնածուների խնդիրն է: Բանավեճ չկա: Նշանակում է, ընտրողները ուրիշ մի ազդակ պետք է ունենան թեկնածուներից որեւէ մեկին նախապատվություն տալու համար: Ո՞րն է այդ ազդակը՝ ծրագի՞րը, անձնական համակրա՞նքը, թեկնածուի ընտանի՞քը, մեկի հանդեպ ատելությունը ի շահ մյուս թեկնածուի, պարզապես ձայնը չկորցնելու մղումը: Հանուն ինչի՞ է կողմնորոշվելու ընտրողը:
Հեռուստաընկերություններն ու կայքերը վկայակոչում են «Եվրոպացի բարեկամներ» հ/կ-ի սոցիոլոգիական հարցումները, ըստ որի՝ եթե ընտրությունները տեղի ունենային այս կիրակի, Սերժ Սարգսյանը կհաղթեր 58 տոկոսով, ինչը 10,6 տոկոսով պակաս է 10 օր առաջ նույն կազմակերպության անցկացրած հարցումներում երկրի ղեկավարի հավաքելիք տոկոսներից: Փոխարենը Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին երկրորդ տեղում է այս անգամ 33 տոկոսով նախորդ հարցման 20,8 տոկոսի փոխարեն: Բնականաբար հարց է առաջանում, ի՞նչ է փոխվել ընտրողների մեջ: Ընտրողների բերանով այս հարցի պատասխանը ոչ մի լրատվամիջոցից չես ստանա, փոխարենը չի բացառվում, որ դա կանի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որին կրկին հաճույքով կմեջբերեն բոլոր հեռուստաընկերություններն ու կայքերը:
Իրավիճակին կոմիզմ են հաղորդում «Gallup Organization»-ի հարցումները, որոնք լրջորեն տարբերվում են «Եվրոպացի բարեկամներ» հ/կ-ի սոցիոլոգիական հարցումներից Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ բաշխվող տոկոսների առումով: Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, կստանա 69 տոկոս, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 11 տոկոս:
Հ1-ի «Առաջին լրատվականը» փետրվարի 8-ին ցուցադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպումը եւ արձանագրում. «Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ իր ծրագիրն իրականություն կդառնա միայն ընտրողների ակտիվության արդյունքում»: Ինչու՞ պիտի ընտրողներն ակտիվ լինեն, ինչու՞ պիտի նրանք ընդհանրապես մասնակցեն կամ չմասնակցեն ընտրություններին, ո՞րն է նրանց դիրքորոշումը, ի՞նչ կապ ունեն ընտրություններն ընտրողի հետ, ի՞նչ են նրանք մտածում թեկնածուների մասին, ու՞ր է ընտրողի «բանավեճը» թեկնածուի հետ, ինչպես է նա կապվում այս կամ այն թեկնածուի հետ, ինչպես եւ ինչու է մերժում սրան կամ նրան: Այդ ի՞նչ ակտիվություն է, ի՞նչ ասաց նրանց Րաֆֆին, որի պատճառով պիտի ակտիվ լինեն:
Ոչ մի ընտրող խնդիր չունի, ունեցողն էլ, ըստ տարբեր ռեպորտաժներիի, «չի կարողանում» իր խնդիրը կապել որեւէ թեկնածուի հետ (ամբողջ Հայաստանը մի քանի կայքի շնորհիվ տեսավ, թե Մովսես գյուղում եւ Եռաբլուրում ինչ պատասխանի է արժանանում ընտրողը խնդիր բարձացնելով):
Լրագրողներն իրենք թույլ չեն տալիս, այսինքն, ընտրողը չէ նրանց լուսաբանման թիրախը, այլ՝ ընտրվողը: Միայն թեկնածուների վստահեցումներն են, թե ինչ են մտադիր անել ընտրվելիս: Պատճառը տարբեր կազմակերպությունների (ԵՄԱ եւ այլն) մոնիտորինգն է, չեմ կասկածում: Հեռուստաընկերությունները ձգտում են թեկնածուին հատկացված ժամանակը չծախսել նրանց մասին ընտրողների տեսակետի հետ: Այսինքն, քարոզարշավը շփոթում են ընտրարշավի լուսաբանման հետ: Հեռուստաընկերությունները միացել են քարոզարշավին, այսինքն, շրջանցել են ընտրարշավը:
Մի խոսքով, ըստ լրատվամիջոցների աշխատանքի, տպավորություն է ստեղծվում, որ սրանք ընտրություններ են ընտրվողների համար, բայց ոչ՝ ընտրողների: Բոլոր լրատվամիջոցները քաղաքական գործիչների (դիցուք, Գալուստ Սահակյանը, Վահան Հովհաննիսյանը կամ Ստեփան Սաֆարյանը) կամ քաղաքագետների բերանով ազդարարում են, որ ընտրակաշառք չի լինի կամ այն մեծ դեր չի խաղա նախագահի ընտրություններին: Ըստ իս, խնդիրն այն է, որ ընտրողն ընդհանրապես դադարել է այս ընտրություններում լինել գործոն: Ընտրությունների հետ նրա կապը միջնորդավորված է՝ հանդիպումների (ձեռքսեղմումների), սոցիոլոգիական հարցումների եւ թեկնածուների խոստումների տեսքով:
Մհեր Արշակյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: