Երկար ժամանակ (մոտ 24 տարի) աշխատելով լրատվական գործակալություններում (Արմենպրես, Ինտերֆաքս) եւ այլ լրատվամիջոցներում` ես արդեն սովորել էի կյանքի լարված ռիթմին եւ այլ ապրելակերպ չէի էլ պատկերացնում: Երեւի թե երիտասարդ լրագրողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ այն ժամանակվա իմ օրվա ռեժիմին:
Աշխատանքային օրը սովորաբար սկսում էի թերթ ընթերցելով: Դե պարզ է, որ հիմա այդ նույնն անում ենք կարդալով կայքերը: Ասեմ, որ դա շատ օգտակար զբաղմունք է, քանի որ որքան էլ լրագրողը փորձի ինքնուրույն լուրեր որոնել, նա պիտի աշխատի բաց չթողնել հանրապետությունում տեղի ունեցող բոլոր իրադարձություները:
Իսկ թերթը կամ կայքը թղթակցի հետագա աշխատանքի համար լավ ուղեցույց են: Իհարկե, հետաքրքիր լուր գտնելով` այն անմիջապես copy անելն ու որպես սեփական նյութ ներկայացնելը (ինչպես հիմա անում են շատ նորաթուղ լրագրողներ) վերջին քայլն է, որն ավելի շուտ լրագողի անճարության մասին է փաստում:
Հիշեք, որ թերթում կամ կայքում գտած տեղեկության հիմքի վրա կարելի է կառուցել սեփական նյութը` իմանալով նոր մանրամասներ, նոր մեկնաբանություններ, նոր զարգացումներ:
Օրինակ՝ հանրապետական թերթերից մեկում կարդալով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ ուղղաթիռով հայկական դրամ են տեղափոխել , որոնք նոր վճարային միջոց կդառնան այդ հանրապետության համար՝ ես որոշեցի մանրամասները ճշտելով հաղորդել այդ լուրը «Ինտերֆաքս»-ին:
Իմ փոխանցած նյութը նույն օրը հաղորդեց «Վրեմյա» լրատվական ծրագիրը, որն այն ժամանակ ամենաազդեցիկ լրատվականն էր Ռուսաստանում եւ ողջ հետխորհրդային տարածքում: Իհարկե, հայկական դրամը Լեռնային Ղարաբաղում շրջանառության մեջ դնելու լուրը հարեւան երկրում մեծ խուճապ առաջացրեց, ինչը նշանակում էր, որ Ղարաբաղը նաեւ տնտեսական անկախություն էր ձեռք բերում:
Թերթեր ընթերցելուց հետո ստուգում էի մամուլի կենտրոններից ուղարկված պաշտոնական բոլոր հաղորդագրությունները, որոնք երբեմն լրացվելուց եւ խմբագրվելուց հետո նույնպես կարող էին նյութի հիմք դառնալ: Ապագա հոդվածի գաղափարը կարող էր ծնվել նաեւ հեռուստա– կամ ռադիոհաղորդումներին ծանոթանալու ընթացքում։
Բնական է՝ օրվա ընթացքում լինում էին նաեւ կարեւոր իրադարձություններ` մամուլի ասուլիսներ, արտասահմանցի պաշտոնյաների այցեր, որոնք հարկավոր էր լուսաբանել: Այն ժամանակ լրատվական գործակալության լրագրողներս տեղեկատվությունը գրի էինք առնում թղթի վրա եւ, մրցակցելով իրար հետ, միանգամից բջջային հեռախոսով հաղորդում էինք խմբագրությանը։
Նշեմ, որ 80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին քչերս ունեինք բջջային հեռախոսներ, իսկ ավելի օպերատիվ գործիքների (notebook-երի ու խելացի հեռախոսների) մասին նույնիսկ խոսք լինել չէր կարող:
2001 թվականին սեպտեմբերի 25-ին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով եռօրյա այցով առաջին անգամ Երեւան էր ժամանել Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդը: Ես լուսաբանեցի այցի ողջ ընթացքը՝ ընդհուպ մինչեւ Պապի մեկնումը «Զվարթնոց» օդանավակայանից:
Հետաքրքիրն այն էր, որ նույն օրը պիտի մեկնեի Մոսկվա՝ երջանկահիշատակ վարչապետ Ադրանիկ Մարգարյաի պատվիրակության կազմում: Ստիպված էի հենց օդանավակայանից րոպեների ընթացքում հաղորդել Հռոմի պապի Հայաստանից մեկնելու մասին լուրն ու այնտեղից անմիջապես նստել Մոսկվա թռչող ինքնաթիռը:
Սակայն այնքան քիչ ժամանակ կար լուրը կազմելու համար, որ ուշացա, տեսնեմ` ինքնաթիռն արդեն պատրաստվում է բարձրանալ օդ: Ստիպված զանգահարեցի վարչապետի այն ժամանակվա մամուլի քարտուղար Մերի Հարությունյանին, խնդրեցի սպասել ինձ:
Առաջինն, ում հանդիպեցի ինքնաթիռում, վարչապետն էր, ով շտապեց դժգոհել, բայց, իմանալով իմ ուշացման պատճառը, լայն ժպտաց եւ նույնիսկ կարգադրեց, որ լրագրողներին մի-մի բաժակ օղի բերեն, այսպես ասած, նյարդերը հանգստացնելու համար:
Երեկոյան աշխատանքային օրվա ավարտին մյուս օրվա համար անոնսներ էի պատրաստում: Շատ կարեւոր է նախօրոք իմանալ՝ ինչ ես անելու հաջորդ օրը։ Նույնիսկ եթե վաղվա օրը ոչ միշտ է ընթանում այնպես, ինչպես պլանավորել ես, մոտավոր օրացույց կազմելը շատ օգտակար է:
Հիշում եմ՝ տարիներ առաջ խոստացել էի ընկերոջս կնքահայրը դառնալ, սակայն բուն արարողությունից ուշացա: Թարսի պես այդ օրը ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ժամանեց Երեւան եւ, ինչպես պատահում է այդ դեպքերում, ինքնաթիռը վայրէջք կատարեց ուշացումով:
Եկեղեցում սանիկս բարեկամների հետ ինձ էր սպասում, իսկ ես օդանավակայանից Սուրբ Սարգիս սլացող մեքենայից հեռախոսով հաղորդում էի Ելցինի հետ զրույցը: Ստիպված էի հայցել սանիկիս եւ քահանայի ներողամտությունը:
Լրագրողը պիտի հասցնի լինել գրեթե ամենուրեք եւ ոչ միայն ներկա գտնվել, այլեւ իրադարձության ակտիվ մասնակիցը դառնալ, արագ կողմնորոշվել, հասկանալ պատահարի էությունը, գտնել աբղյուրներ, արագ կազմել նյութը եւ, ինչը քիչ կարեւոր չէ, ժամանակին ուղարկել այն խմբագրություն։
Լրագրողը մշտական մրցակցության մեջ է գտնվում։ Եվ պետք է կարողանա մրցունակ լինել։
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: