2012.12.04,

Քննադատ

Հեռուստաթատրոն` լուրեր

Մեր հեռուստալրատվությունն ավելի շատ նման է հեռուստաթատրոնի: Կարծես TV-ները բեմադրեն իրադարձությունները՝ անելով ոչ թե հեղինակային նյութեր, այլ իրենց քիմքին հարմար լուրեր, որոնցում հեղինակային է միայն լուրի մատուցման ձեւը:
Ավանի 1-ին եւ Շիրակի մարզի 35-րդ ընտրատարածքներում տեղի ունեցած ընտրությունների մասին «Կիրակնօրյա Ժամը» լրատվականը հիշեց երկու նախադասությամբ՝ երկու ընտրատարածքներում փակվել են տեղամասերը, ինչպես նաեւ հիշեցրեց առաջադրվածներին: Հ1-ի «Առաջին լրատվականը» փաստեց, որ հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները: Ահա ամբողջ աշխատանքը: Այսինքն, երկու TV – ներում այդ օրը (դատելով տեքստից) աշխատել են միայն օպերատորները: Լրագրողի աշխատանք չկար:

Աշխատել էր «Արմնյուզը» եւ արձանագրել, որ ընտրակաշառք ստանալու միակ պնդումն արել է մի ոստիկան, որը կատակել է:

Հ1-ը, «Արմնյուզը» նոյեմբերի 27-ին հաճույքով մեջբերեցին Chatham House վերլուծական կենտրոնի վերլուծաբանի համոզվածությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանը կվերընտրվի: Այդ հայտարարության մեջ լրագրողի աշխատանքը, նրա հարցումներն ու քրտինքը իսպառ բացակայում էին։ Եւ հարց է առաջանում. ո՞վ է այդ վերլուծաբանը, ում մեջբերում եք, ինչու՞ ոչ մի կադր չկա նրա ուսումնասիրություններից, ինչու՞ նրա հետ ոչ մի քայլ չեք գցել հասկանալու համար, թե որոնք են այդպես եզրակացնելու սկզբունքները: Եւ եթե այդ մարդը տարբերվում Ահարոն Ադիբեկյանից, ու՞ր է այդ տարբերությունը: Ի վերջո, եթե նյութը վերլուծական հետազոտությունների մասին է, ապա ո՞ւր են մյուս կանխատեսողները: Ինչու՞ եք դուք իրադարձության թիկունքում, դու՞ք եք հրավիրել Chatham House-ի վերլուծաբանին, եթե՝ ոչ, ինչու՞ է նյութը սարքած միայն նրա տեսակետով:

Լուրի «բեմադրությունը» հաճախ հստակ երեւում է: Ոչ միայն նրանով, թե ինչպես են ձեւում լուրը, ասենք, ընտրությունների մասին, այլեւ ինչպես են լռության մատնում տեղի ունեցածը:

«Հրապարակը» նոյեմբերի 29-ի իր համարում գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նոյեմբերի 23-ին Երեւանի գլխավոր դատախազ Հրաչյա Բադալյանին նկատողություն է հայտարարել: Նույն օրը գլխավոր դատախազության կայքը հաստատում է լուրը: Այսինքն, ստացվում է, որ եթե «Հրապարակը» չգրեր, դատախազության կայքը չէր անդրադառնա մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նկատողությանը կամ մի քիչ էլ կսպասեր։ «Հրապարակի» աղբյուրների աշխուժացումից հետո փաստը լռության է մատնվում հեռուստաընկերություններով: Դեռեւս նոյեմբերի 2-ին հ2-ը մեջբերել էր գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանին, ըստ որի՝ համակարգում «անհրաժեշտ է ազատվել նման անձանցից»: Ոչ մի հեռուստաընկերության չէր հետաքրքրել՝ ու՞մից են ուզում ազատվել դատախազությունում:

Տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոցները գրում են, որ Ոստիկանությունում խոշտանգել են կողոպուտի համար կալանավորված Մհեր Անդրեասյանին: «Էպիկենտրոնը» նոյեմբերի 30-ին անդրադառնում է այս փաստին: Հետագա օրերին արդեն պետք է դատախազության վերաբերմունք լիներ։ Չկա: Եվ այլ հեռուստաընկերությունների արձագանքն էլ չկա:

Դժվար է բացատրել, թե ինչու՞ են հեռուստաընկերությունները լուսաբանում ՀՀԿ քաղխորհրդի նիստերը, եթե դրանք մեկ առանձին կուսակցության նիստ են եւ անտարբերության մատնում, օրինակ, ՀԱԿ նիստերը, եթե այնտեղ, գոնե ֆորմալ 15 կուսակցություն է հավաքված:

Ո՞վ կարող է ասել՝ ինչու՞ է «Առաջին լրատվականը» նոյեմբերի 29-ի թողարկման առաջին 12 րոպեն պատմում Թուրքմենստանի բռնապետ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հայաստանյան վոյաժների մասին: Դա լրատվությու՞ն է (Գուրբանգուլին նախագահականում, Գուրբանգուլին՝ ԵՊՀ-ում, Գուրբանգուլին՝ կրկին նախագահականում արդեն ԵՊՀ դոկտորի կարգավիճակով) թե՞ ժեստ օտար երկրի ղեկավարին: Այդ երեք ռեպորտաժներից ոչ մեկում հստակ չի խոսվում, թե կոնկրետ ի՞նչ են շահում երկու երկրներն այս հանդիպումից: Լավ, Հ1-ը հասկացանք, իսկ «Շանթը», «Արմենիան», «Արմնյուզը» այդ Բերդիմուհամեդովի այցելության վրա ծանրանալիս՝ ի՞նչ ստեղծագործական կամ տեղեկատվական ազդակ ունեին:

«Շանթի» դեկտեմբերի 2-ի «Կիրակնօրյա Հորիզոնը» պարծենում է ալիեւյան ընտանիքի մաֆիոզ կերպարի մասին պատմող BBC-ի անդրադարձով: Ոչ մի կասկած, որ «Հորիզոնի» ռեպորտաժի այդ հատվածը, որը հենց մեջբերումն է BBC-ի ռեպորտաժի, անազնվության գլուխգործոց է։ Նախ՝ ինքդ չես պատրաստել այն, հայ լրագրող, երկրորդ, BBC-ն, հանձինս «Բրիթիշ Փեթրոլիումի», իր հաշիվներն ունի Ալիեւի հետ եւ դա քո՝ հայ լրագրողիդ, հաշիվները չեն, երրորդ, մենք էլ այդպիսի ընտանիքներ ունենք:

Պարզ է, որ  չես կարող այդ ընտանիքների մասին նման ռեպորտաժ պատրաստել։ Եւ ուրեմն մի ուրախացիր մյուսի մասին BBC-ի հաշվենկատ ռեպորտաժով, որտեղ դու մատդ մատիդ չես խփել: Այսինքն, մի ուրախացիր ուրիշի, այս դեպքում BBC-ի սարքած թատրոնով: Այդ թատրոնում դու հանդիսական ես, որի ծափահարությունները բեմադրողները նկատի չեն ունեցել:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *