2012.12.04,

Քննադատ

«Լայմ»-ն էլ ունեցավ լրատվական ծրագիր

Բոլորովին վերջերս «Լայմ» հեռուստաընկերությունը միացավ լրատվական հաղորդում հեռարձակող հեռուստաալիքներին։ Նոյեմբերի 20-ին մեկնարկեց Լայմ News ամենօրյա (բացի շաբաթ ու կիրակի օրերից) թողարկումը։ Ժամը 20.45-ին եթեր հեռարձակվող լուրերի ընտրանին նպատակ ունի ներկայացնել Երեւանի եւ երեւանցիների խնդիրները:

Իհարկե, Երեւանի բնակիչների ու ենթակառուցվածքների ակտուալ խնդիրներին արժե մանրամասն անդրադառնալ: Չէ՞ որ քաղաքի պատմական դիմագիծը պահպանելու, տանիքների, վերելակների, ճանապարհների վերանորոգման, ապօրինի կամ անավարտ շինություների, տրանսպորտային փոխադրություների, աղբահանության, մայրաքաղաքում ապաստանած փախստականների եւ այլ՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրներ ունենք:

Սակայն մեկ շաբաթվա ընթացքում դիտելով Լայմ News-ը՝ տպավորություն է ստեղծվում, որ նոր լրատվական հաղորդումն իր առջեւ նպատակ է դրել միայն դրական տոնայնությամբ ներկայացնել քաղաքապետարանի կատարած աշխատանքները եւ որքան հնարավոր է քիչ քննադատել քաղաքային իշխանություններին:

Իհարկե, լավ գործերը արժանի են գովասանքի, սակայն քաղաքում կուտակված խնդիրները միայն դրական տեսանկյունից ներկայացնելը հաստատ չի օգնում դրանց վերացմանը: 

Մանրամասնեմ։12 րոպեանոց մեկնարկային թողարկման ընթացքում ցուցադրվեց 5 սյուժե: Առաջին սյուժեն սկսվեց պաշտոնական լուրից` քաղաքապետարանի նիստի ընթացքում քննարկվում էր դպրոցների ջեռուցման  խնդիրը (ի դեպ՝ հաղորդումը միշտ է սկսվում Երեւանի քաղաքապետարանի  նորություններով): Հաջորդ լուրը ավտոբուսների նոր խմբաքանակի ժամանման ու երթուղայինների համարների փոփոխման մասին էր, ինչը դեռեւս խառնաշփոթ է ստեղծում: Մյուս ռեպորտաժները Երեանի օդի աղտոտվածության, ծառատունկի եւ գիշերային Երեւանի մասին էին:

Բոլոր ռեպորտաժների հեղինակները գովում էին քաղաքապետին եւ քաղաքապետարանը: Միայն մի դրվագում էին քաղաքացիները բողոքում տրանսպորտից` նշելով, որ փոխադրամիջոցները ուշացումով են աշխատում: Դա թերեւս միակ քննադատությունն էր: Գրեթե նույն ոճով էր ծրագիրն ընթանում ողջ շաբաթվա ընթացքում:

Նկատելի է, որ քաղաքապետը Երեւանը բարեկարգելու, տարիների ընթացքում կուտակված խնդիրները հնարավորինս լուծելու ցանկություն ունի: Կարծում եմ՝ հենց դա հաշվի առնելով էլ նրան անհրաժեշտ է իրազեկել մայրաքաղաքի խնդիրների մասին, իսկ գովաբանող մարդիկ նրա շուրջը, վստահ եմ, առանց լրագրողների էլ շատ են: Ի վերջո, լրատվամիջոցի դերը կնճռոտ խնդիրների բացահայտումն է, որքան էլ դա տհաճ լինի պաշտոնյայի համար:
Հավանական է, որ Լայմ News-ի աշխատակիցների քանակը փոքրաթիվ է, եւ նրանք չեն հասցնում հետեւել քաղաքում տիրող իրավիճակին (սյուժեների մեծ մասում որպես լրագրող հանդես է գալիս մեկնաբանը)։ Այդ դեպքում նրանց համար հաստատ օգտակար կլիներ այցելել այն կայքերը, որոնք մշտապես անդրադառնում են Երեանի խնդիրներին (օրինակ, mynews.am):  

Բացի այդ, նման հաղորդում պատրաստելիս օգտակար է բնակչության հետ փոխադարձ կապ հաստատել կամ ստեղծել «թեժ գիծ», որով համաքաղաքացիները կկարողանային ահազանգել խնդիրների մասին: Այդ դեպքում նկարահանող խումբը հնարավորություն կունենա արագ արձագանքել այդ զանգերին, նյութ պատրաստել եւ քաղաքային իշխանության ուշադրությունը հրավիրել տվյալ պրոբլեմի վրա:

Անշուշտ լրագրողների աշխատանքը զգալիորեն կհեշտացներ ինտերակտիվ  կայքի առկայությունը: Հեռուստադիտողները կարող էին կայքում թողնել իրենց հաղորդագրությունները քաղաքային խնդիրների վերաբերյալ: Ցավոք, մինչ օրս հեռուստաընկերությունը գործող կայք չունի:

Անդրադառնանք նմանօրինակ հաղորդումների միջազգային փորձին. հնգամյա պատմություն ունեցող «Киевский форум» հաղորդման ընթացքում, Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչները ուղիղ եթերում (անվճար) արտահայտում իրենց կարծիքը քաղաքի խնդիրների վերաբերյալ: Այնտեղ ընթանում են քննարկումներ կանաչ գոտիների եւ ճարտարապետական հուշարձանների ոչնչացման, բուժսպասարկման, տրասպորտային եւ կոմունալ վճարների սակագների վերաբերյալ: Ծրագիրը արագորեն արձագանքում է բոլոր ահազանգերին: Մանավանդ այն դեպքերում, երբ կիեւցիները չեն  պատկերացնում՝ ում դիմել արդարության վերականգնման համար: Սա այն հաղորդումն է, որն իրոք անտարբեր չէ իր քաղաքի եւ քաղաքացիների հանդեպ: 

Կարծում եմ՝ կհամձայնեք, որ լավ է ունենալ այդպիսի ծրագիր, քան հերթական լրատվական հաղորդումը «գալոչկայի» համար:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *