2012.11.22,

Քննադատ

Գրականությունը համացանցում

Այսօր համացանցում կարելի է գտնել տասնյակ հայալեզու գրական կայքեր եւ բլոգներ: Դրանց գերակշիռ մասը անհատական բլոգներ են, որտեղ հեղինակները իրենց գրառումներն են անում կամ իրենց բլոգում ժողովում են իրենց հավանած գրականությունը:

Կայքերից եւ բլոգներից զատ՝ գրականությունը հրապարակվում է նաեւ ֆեյսբուքյան նոթերի եւ նույնիսկ կարգավիճակների տեսքով: Ֆեյսբուքում կան շուրջ երկու տասնյակի հասնող գրական խմբեր եւ էջեր, որտեղ հղումներ են տեղադրվում եւ գրառումներ արվում:

Համացանցում տեղադրվող գրական տեքստերի մեծ մասի հեղինակները երիտասարդներ են, որոնք ավելի լավ են տիրապետում համակարգչին եւ համացանցից օգտվելու հմտություններին:

Սակավաթիվ գրական մամուլը (երկու թերթ եւ երեք ամսագիր), հոնորարների բացակայությունը կամ նրա փոքր չափը, գրախանութների սակավությունն ու ժամանակակից հայ հեղինակի գրքի համար գումար վճարելու պատրաստ ընթերցողի պակասը գրողներին մղում են դեպի համացանց:

Համացանցը հնարավորություն է տալիս ունենալ ընթերցողների այնպիսի քանակ, որ երբեք հնարավոր չի լինի ունենալ տպագիր մամուլում տպագրվելու պարագայում:

Համացանցում վերանում են ժամանակի ու տարածության սահմանները: Հեռավոր Ավստրալիայի փոքրիկ գյուղում ապրող մեր հայրենակիցը կարող է կայքում կարդալ մի քանի տարի առաջ հրապարակված ստեղծագործությունը եւ մեկնաբանել այն:

Համացանցը նաեւ հնարավորություն է տալիս զուտ ցանցային գրականություն ստեղծել` ինտերակտիվ կապ հաստատելով ընթերցողների հետ, տեքստի մեջ օգտագործել մուլտիմեդիայի հնարավորությունները:

Բլոգոլորտի անխմբագիր տարածքը հնարավորություն է տալիս ցանկացած մեկին, որ առավոտյան հանկարծակի արթնացել է գրող դառնալու որոշումով, հրապարակել իր գործերը, տարածել փիառ տեխնոլոգիաների միջոցով եւ ձեռք բերել ընթերցողների այնպիսի բանակ ու «հավանումների» այնպիսի քանակ, որի մասին չէին կարող երազել պետական մրցանակներիի դափնեկիր գրողները:

Բայց որքան էլ մեծ են համացանցի ընձեռած հնարավորությունները, այնուամենայնիվ, ցանցում շրջանառվող գրականությունը չի կարելի դիտարկել որպես անկախ գոյություն:

Այն առայժմ սերտորեն կապված է տպագիր գրական մամուլի հետ, որովհետեւ տպագիր մամուլում հաստատված հեղինակությունները, գրողների միության կամ այլ գրական միավորումների ազդեցության տարածքում կայացած եւ հաստատագրված գրական արժեքները ներմուծվում են համացանց: Այսպիսով, տպագիր մամուլում առկա հիերարխիան համացանցում հաստատվելու փորձ է անում:

Այս հիերարխիան մերժելի է «Դիպվածք» գրական կայքի համար, որտեղ կարող է իր ստեղծագործությունները հրապարակել ցանկացած «պատահական» գրող:  «Գրանիշ» կայքը ճիշտ հակառակը` կայքում տեղադրում է իր կարծիքով լավագույն գրականությունը:

Ժամանակին գրական միջավայր թարմություն բերած առաջին էլեկտրոնային գրական հանդեսի`«Բնագրի» իրավահաջորդի` «Ինքնագիրի» կայքում «լավագույնը» եւ «պատահականը» դրված են կողք-կողքի. առանձին բաժնում տեղադրված են տպագիր հանդեսում տեղ գտած գրողների ստեղծագործությունները, իսկ մի ուրիշ` «Ընթերցողների գործեր» բաժնում դրված են «ընթերցողների» ստեղծագործությունները:

«Գրողուցավ» կայքում ցանկացած, «պատահական» ստեղծագործություն չի կարող տեղադրվել, ինչպես որ չի կարող տեղադրվել «լավագույն» գրականությունը, եթե դրանք չեն համապատասխանում կայքի հղացքին (Մենք համարում ենք, որ գրականությունը չի կարող լինել «ալիբի», որ գրականությունը ոչ միայն պարտավոր է վկայել եւ ցուցմունք տալ իր ժամանակի մասին, այլեւ պատասխանատություն է կրում իրականության ստեղծման համար):

Մի այլ գրական կայք` «Գրական Կամուրջ»-ը նպատակ ունի մի հարթակում համախմբել Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի արեւելահայերենով ու արեւմտահայերենով գրող գրողներին:

Չնայած հոնորարների բացակայությանը կամ փոքր չափերին՝ գրական մամուլում տպագրվելը դեռեւս շատերի մոտ ընկալվում է ավելի լուրջ հաջողություն, քան թե սեփական բլոգում կամ կայքում հրապարակվելը:

«Հավաքածու» գրական բլոգի մրցույթի հաղթողներին, օրինակ, դրամական մրցանակից զատ, որպես հավելյալ խրախուսանք, հնարավորություն են տալիս տպագրվել «Գրեթերթ» գրական թերթում:

Սակայն միտումները փոխվում են: Եթե որոշ ժամանակ առաջ տպագիր ամսագիրն էր ստեղծում իրենց կայքը («Նարցիս») , որտեղ տեղադրվում են ամսագրի տպագիր օրինակներում տեղ գտած նյութերը, ապա այժմ մենք ունենք հակառակ գործընթացի օրինակ:

«Գրանիշ» կայքը որոշակի ճանաչում ձեռք բերելուց հետո «Անտարես» հրատարակչության հետ գործակցելով թողարկեց նաեւ «Գրանիշ» ամսագիրը:

Գրական գործընթացը աստիճանաբար տեղափոխվում է համացանց: Դրան նպաստում են մի կողմից համացանցի ավելի ու ավելի հասանելի դառնալը, մյուս կողմից` գրահրատարակչական ոլորտում առկա խնդիրները, տպագիր գրքի, ամսագրի կամ թերթի բարձր ինքնարժեքը:

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *