2012.11.19,

Քննադատ

Անկախությունը եւ մենք

Եվս մի սեպտեմբերի 21 նշեցինք, ու ևս մեկ անգամ մեր քաղաքական գործիչները, մտավորականներն ու շարքային քաղաքացիները հեռուստատեսությամբ, մամուլում ու կայքերում արտահայտվեցին անկախության մասին:

Հայրիկյանի գլխավորությամբ ու առաջնորդությամբ շատերը ևս մեկ անգամ ասացին ու կրկնեցին, որ անկախությունը Հայաստանի ու հայ ժողովրդի փրկությունն է:

Ասացին, կրկնեցին ու ճամփու դրին հերթական տարեդարձն ու տոնը:

Բայց մենք գիտենք, որ մեզանում անկախությունից դժգոհողներ ու բողոքողներ էլ կան, ընդ որում` հարյուրավոր ու հազարավոր, և բողոքողներն ու դժգոհողներն անկախության վերաբերյալ իրենց բողոքողներն ու դժգոհություններն արտահայտում են ոչ թե լրատվամիջոցներով ու հրապարակավ, այլ իրական կյանքում ու մտերիմների շրջապատում, ընդ որում` միանգամայն անկեղծորեն և առանց քաշվելու ու ամաչելու։

Եվ անկախությունից դժգոհողներն ու բողոքողներն իրենց ճշմարիտ լինելու հարցում նույնքան վստահ են, ինչքան որ Հայրիկյանն ու մյուս գովերգողներն են Հայաստանի անկախության հարցում իրենց կարծիքն անառարկելի համարում։

Եվ անկախությունից դժգոհողների ու անկախությունը մեծարողների մտքի ծայրով անգամ չի անցնում, որ իրենք ոչ թե Հայաստանի անկախության մասին են խոսում ու արտահայտվում, այլ Հայաստանը պաշարած վայրի ու վայրենի կապիտալիզմի. այն կապիտալիզմի, որը ոմանց համար հաց ու ջուր է, իսկ ոմանց համար` հացի ու ջրի բացակայություն:

Այսինքն՝անցյալ հազարամյակի վերջի պատմական իրադարձությունների ու դեպքերի բերումով Հայաստանի անկախացումն ու Հայաստանում կապիտալիստական կարգերի հաստատումը տեղի ունեցան միաժամանակ ու զուգահեռաբար։

Եվ չնայած էդ երկու էական, պատմական ու ճակատագրական իրադարձությունները Հայաստանում միաժամանակ տեղի ունեցան՝ մենք Հայաստանի անկախացումը տոն ենք համարում և սեպտեմբերի 21-ն իբրև ազգային տոն ենք նշում, մինչդեռ Հայաստանի` սոցիալիզմից կապիտալիզմին անցումը ոչ միայն իբրև տոն չենք ընկալում ու նշում, այլև էդ անցումն ու իրողությունը չենք էլ գիտակցում ու չենք էլ ընկալում։

Ընդ որում` է՛ն աստիճանի չենք ընկալում, որ նույնիսկ էդ թեմայով խոսակցություն չի առաջանում ու ծավալվում։

Եվ քանի որ մեր խոսակցությունը նաև լրագրողներին ու լրատվամիջոցներին է վերաբերում, չեմ կարող չասել ու չավելացնել, որ լրագրողներս նույնպես Հայաստանի անկախությունը հայկական կապիտալիզմից անջատ ու առանձին ենք պատկերացնում ու պատկերում, և լրագրողները, գրեթե ամեն օր ու ամեն առիթով հայաստանյան նորաթուխ կապիտալիզմի վայրագությանն անդրադառնալով, զլանում են հիշել և նույնիսկ ենթադրել, որ էդ վայրագության հիմքերը դրվեցին մեր անկախության հռչակման հետ գրեթե միաժամանակ։

Եվ մեր միակ արդարացումն այն է, որ, ինչպես որ մեր անկախանալը անկախ մեզանից ստացվեց, նույնպես և մեր վայրի կապիտալիզմն անկախ մեզանից ու անկախ մեր կամքից սկսվեց ու առաջացավ։

Եվ չնայած մեր անկախությունն ու մեր աննախադեպ կապիտալիզմը գրեթե միաժամանակ սկսվեցին ու առաջացան, այդուհանդերձ, էդ երկու երևույթները միանգամայն տարբեր և իրար հետ կապ չունեցող երևույթներ են, և հատկապես ու առանձնապես հայերիս դեպքում են միանգամայն տարբեր, որովհետև հայերս Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը դարերով ենք երազել, մինչդեռ կապիտալիզմ ու հատկապես էս տեսակ կապիտալիզմ որևէ հայ երբևէ չի երազել։

Եվ ահա, էսօրվա դրությամբ էս հայկական աննախադեպ կապիտալիզմից շահածներն անկախությունը գովերգում են, իսկ տուժածներն, ընդհակառակը, փնովում են, և երկուսն էլ հավասարապես չեն հասկանում, որ, անկախությունը փնովելով կամ գովերգելով, ընդամենն էսօրվա էս անմարդկային կապիտալիզմն են փնովում ու գովերգում։

Եվ ցավոք սրտի, էս հասարակ ու տարրական բանը չեն հասկանում նաև մտավորականներն ու լրագրողները, քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, ընդդիմադիրներն ու իշխանամետները, տուժածներն ու շահածները, մի խոսքով` բոլորս։

Եվ դա է պատճառը, որ, անկախություն բառը անընդհատ օգտագործվելով մեդիայում, մեր մեջ ընդամենը վերացական զգացողություններ է առաջացնում. նույնքան վերացական, ինչքան որ տասնամյակներ առաջ էր առաջացնում։

Մենք վաղուց հրաժեշտ ենք տվել անմարդկային դեմքով սոցիալիզմին, բայց դրա փոխարեն մարդկային դեմքով որևէ բան չենք ստեղծել, և դա է պատճառը, որ անկախություն բառը շատերի մոտ միանգամայն բացասական զգացողություններ է առաջացնում:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *