2012.11.09,

Քննադատ

Լրագրություն եւ իրականություն

Ինչքան ազնիվ ու սկզբունքային լինելը դառնում է անհնարին, էնքան մարդիկ ավելի ու ավելի են մարդկանցից ազնվություն ու սկզբունքայնություն պահանջում: Ընդ որում` խմբերով ու վաշտերով են պահանջում, երեւի չգիտակցելով ու չհասկանալով, որ մեր ժամանակներում ազնվությունը հերոսության պես բան է, եթե ոչ ավելին:      

Ասածս նաեւ լրագրողներին է վերաբերում. ավելի ճիշտ` առաջին հերթին հենց լրագրողներին է վերաբերում, որովհետեւ ամենից ավելի լրագրողներն են ուրիշներից պահանջում ազնիվ լինել, ընդ որում` անխտիր բոլորից են պահանջում` ներառյալ նաեւ լրագրողներից, չնայած, խոսքը մեր մեջ, շատ դեպքերում իրենց կոլեգաների ազնվազանցությունը չտեսնելու են տալիս, եւ եթե էդ մասին արտահայտվում էլ են` իրար մեջ են խոսում, այլ ոչ թե` հրապարակավ։

Մինչդեռ քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու մտավորականության անազնվության մասին ողջ ուժգնությամբ ու ողջ խստությամբ են բարձրաձայնում, մանավանդ` ճամբարափոխ, կարծիքափոխ ու գաղափարափոխ քաղաքական գործիչների վերաբերյալ, մինչդեռ կարծիքափոխ, ճամբարափոխ ու գաղափարափոխ լրագրողների վերաբերյալ մեծահոգաբար ու հրապարակայնորեն լռում են, լավագույն դեպքում` իրար մեջ ու իրար ականջի կիսաձայն քչփչում են։

Այսինքն` ինչքան էլ մեր լրագրողներն անմեղ հրեշտակների դիրքերից հանդես գան, ակնհայտ է, որ իրենք էլ անմեղ հրեշտակներ չեն, եւ եթե տվյալ հասարակության մեջ ու տվյալ հասարակական կյանքում ազնվության ու անմեղության դեֆիցիտ կա, դա չի կարող տվյալ հասարակության ու տվյալ իրականության լրագրողներին չվերաբերել։

Եւ ինչքան էլ լրագրողական համքարությունն ու անձամբ լրագրողները չանդրադառնան լրագրողական ազնվության ու ազնվազանցության հարցին, եւ ինչքան էլ էդ հարցն օրակարգից դուրս մնա, ըստ էության, միշտ էլ եղել ու մնալու է օրակարգում, քանի դեռ հայաստանյան մամուլն ու լրատվամիջոցները ոչ թե ինքնաֆինանսավորվում, այլ ֆինանսապես հովանավորվում են մեզ հայտնի քաղաքական ու ոչ քաղաքական ուժերի կողմից։

Եւ չնայած մեր գրեթե բոլոր լրատվամիջոցների պատասխանատուներն են պնդում, թե իրենք գաղափարապես ու մանավանդ ֆինանսապես անկախ ու ինքնաբավ են, այդուհանդերձ, մեզանում էդ հեքիաթներին հավատացողներ արդեն չկան։ Եւ եթե կան էլ, էդ հեքիաթներին հավատացողները գնալով պակասում են։

Համեմատաբար փորձառու ընթերցողն առանց մեծ դժվարությամբ կարող է գլխի ընկնել` ում ջրաղացին է ջուր լցնում տվյալ լրատվամիջոցը կամ, ավելի կոնկրետ, տվյալ լրագրողը, որն անդադրում բոլորից ազնվություն ու սկզբունքայնություն է ակնկալում ու պահանջում` առանց դույզն-ինչ ենթադրելու, որ մեր օրերում բացառիկ դարձած էդ արժանիքներն անձամբ իրենից էլ կարող են ակնկալել ու պահանջել, եւ եթե առայժմ ակնկալողներ ու պահանջողներ չկան, դա ամենեւին չի նշանակում թե` երբեւէ չեն էլ լինելու։

Ասածս բոլորին ու բոլորիս է վերաբերում, կամ, լավագույն դեպքում՝ գրեթե բոլորիս, որովհետեւ ինչպես քաղաքական գործիչները, պաշտոնյաներն ու մտավորականները, լրագրողներն էլ պարզ մահկանացուներ են եւ հիմնականում իրենց անձնական շահով են առաջնորդվում։

Եւ եթե լրագրողները մտավորականներին քննադատում ու քամահրանքով են վերաբերվում, միշտ պիտի հիշեն, որ իրենք էլ են մտավորական, ընդ որում` առաջին հերթին հենց իրենք են մտավորական, որովհետեւ ամենից շատ ու ամենից ավելի հենց իրենք են մյուս մտավորականներից ու բոլորից ազնվություն ու սկզբունքայնություն պահանջում։

Բայց, բարեբախտաբար, պահանջողները գնալով պակասում են, որովհետեւ գնալով քարոզչական ու խրատական լրագրությունն իր տեղը սկսում է զիջել լրատվականին, որովհետեւ առանց լրագրողների օգնության էլ ընթերցողը գիտի` ով ով է, եւ ժամանակակից ընթերցողը ժամանակակից լրագրողից հիմնականում թարմ ու հետաքրքիր լուրեր է ակնկալում, եւ հեչ պատահական չի, որ ժամանակակից հայ լրագրության ամենաճանաչված դեմքն անառարկելիորեն Գագիկ Շամշյանն է, որովհետեւ Շամշյանը ոչ միայն թարմ տեղեկատվություն է հաղորդում, այլեւ շարունակաբար ճգնում է պահել ու պահպանել իր ու իր հաղորդումների հանդեպ հասարակության հետաքրքրությունը:        

Ճիշտ է՝ Շամշյանի պարագան նաեւ մեր սերիալասեր ու կրիմինալասեր հասարակության նախասիրությունների հետեւանք է, բայց դա ամենեւին չի նսեմացնում Շամշյանի ինքնարտահայտման ու ինքնակատարելագոծման ջանքերի միանգամայն պոզիտիվ իրողությունը:

Արմեն Շեկոյան            

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *