2012.11.01,

Քննադատ

Լրագրողներ եւ ընթերցողներ

Անցած անգամ անդրադարձանք մեր տպագիր մամուլի ներկա վիճակին` եզրակացնելով, որ այս պահի դրությամբ մեր տպագիր մամուլը գտնվում է էլեկտրոնային լրատվական կայքերի ռեալ սպառնալիքի տակ, եթե չասենք, որ տպաքանակի առումով տպագիր մամուլը վաղուց արդեն պարտվել է էլեկտրոնային լրատվամիջոցներին:

Այս թեմայի առումով արդեն կրկնվում եմ, բայց կրկնվելս ոչ էնքան ասելիքի ու թեմայի պակասությունից է, ինչքան Հայաստանում տպագիր մամուլի տագնապալի վիճակից եւ այդ տագնապալի վիճակից ճողոպրելու անհուսությունից, որովհետեւ գնալով ակնհայտ է դառնում, որ տպագիր լրատվամիջոցի լրագրողը նույն թերթի էլեկտրոնային տարբերակի համար ավելի ջանք ու եռանդ է գործադրում, քան տպագիր տարբերակի։ 

Եւ դա էլ է հասկանալի ու բացատրելի, որովհետեւ լրագրողն ինքն էլ է տեսնում ու զգում էլեկտրոնայինի առավելության անվիճելիությունը` մանավանդ հրատապության առումով, ինչպես նաեւ ֆեյսբուքյան եւ այլեւայլ արձագանքների առումով, որովհետեւ տպագիր մամուլի հիմնական ընթերցողները համեմատաբար տարիքավորներն ու համակարգիչ չունեցողներն են, ինչպես նաեւ նրանք, ովքեր համակարգչից չեն օգտվում։ 

Եւ քանի որ ընթերցողի էդ տեսակը մեզանում օրեցօր նվազում է, բնականաբար, նվազում է նաեւ հույսը, թե այսուհետ ու երբեւէ տպագիր մամուլն ի վիճակի կլինի դիմակայել էլեկտրոնային լրատվամիջոցների ամենօրյա ու ամենժամյա գրոհներին։

Բայց, այդուհանդերձ, էս տագնապներս էլ են միանգամայն պայմանական ու հարաբերական, որովհետեւ էլեկտրոնային լրատվամիջոցների էս սկիզբ առած հաղթարշավը, տպագիր մամուլի տպաքանակի ու վարկի վրա բացասաբար ազդելով, միանգամայն դրական ազդեցություն ունի նորանոր լրագրողների առաջացման ու կայացման իմաստով, ինչպես նաեւ հների ինքնավերանայման եւ ստեղծագործական նորանոր պրպտումների իմաստով, որովհետեւ էլեկտրոնային լրատվամիջոցները հին ու նոր լրագրողների համար մրցակցային բավական հետաքրքիր դաշտ ու միանգամայն հավասար պայմաններ են ապահովում։

Եւ չնայած ի տարբերություն ձեր խոնարհ ծառայի՝ անկախության շրջանի մեր նորագույն լրագրության փորձառուները խորհրդային տարիներին լրագրությամբ չեն զբաղվել, այդուհանդերձ, խորհրդային տարիների լրագրության իներցիոն հիշողությունը նրանց մեջ էլ է որոշակիորեն առկա, եւ համաձայն այդ հիշողության` թերթերի ընթերցողներն արվեստի ու մարզական նորությունները գերադասում են այլեւայլ մյուսներից։

Խորհրդային ժամանակների ընթերցողներս էն տարիներին չէինք էլ պատկերացնի, որ կգա մի ժամանակ եւ մեր ընթերցողները քաղաքական ու ներքաղաքական վերլուծությունները կգերադասեն մշակութային ու մարզական թեմաներից։

Էն տարիներին անհնարին էր ենթադրել նաեւ, որ երբեւէ մեր ընթերցողը թերթերի խմբագրականներ ու առաջնորդողներ կկարդա, բայց ահա` փաստը փաստ է, եւ ժամանակակից հայ ընթերցողը, քաղաքականը գերադասելով մշակութայինից ու մարզականից, նաեւ խմբագրականներ ու առաջնորդողներ է կարդում։

Եւ չնայած մեր թերթերի խմբագրականներն ու քաղաքական ուղղվածության նյութերը ոչ միշտ են փայլուն՝ այդուհանդերձ, ժամանակակից հայ ընթերցողը կարդում է դրանք, եւ քաղաքական նյութերի անկատարության հիմնական պատճառն էլ հայաստանյան քաղաքական իրականության անլիարժեքությունն ու անբավարար մակարդակն են։

Եթե մեկ առ մեկ հիշենք մեր պատգամավորներին ու քաղաքական գործիչներին, առավել եւս չենք կարող մեր լրագրողներին մեղադրել հայաստանյան քաղաքական մակարդակն իջեցնելու մեջ, որովհետեւ հայաստանյան քաղաքական մակարդակի իրական պատասխանատուները քաղաքական գործիչներն են, այլ ոչ թե լրագրողները, եւ եթե հայրենի քաղաքական պաշտոններ զբաղեցնողներն իրենց հարցազրույցներում ծիծաղելի վիճակների մեջ են հայտնվում, դրա մեղավորները հիմնականում անձամբ իրենք են, այլ ոչ թե լրագրողները։

Այլ հարց է, որ երբեմներբեմն որոշ լրագրողներ գույները չափից ավելի են խտացնում` առանց այդ էլ գրագիտությամբ չփայլող մեր որոշ պատգամավորներին ու պաշտոնյաներին առավել անգրագետ ներկայացնելու համար, եւ հակառակն էլ է պատահում. որոշ լրագրողներ որոշ կիսագրագետ պատգամավորների ու քաղաքական գործիչների էլ բացարձակ գրագիտությամ են օժտում` վերջիններիս մեր ոսկեղենիկ հայերենով գեղգեղացնելով եւ իբրեւ բարերար ու փրկիչ ներկայացնելով:

Բայց սա միանգամայն այլ խոսակցության նյութ է:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *