2012.10.12,

Քննադատ

Պահանջարկ եւ լրագրություն

Անցած անգամ մենք մտադրվել էինք խոսել անկախության շրջանի հայ լրագրության ձեռքբերումների մասին, բայց մեր խոսքը մեզ միանգամայն այլ ուղղությամբ տարավ, եւ մեզ չհաջողվեց անդրադառնալ հետխորհրդային շրջանի հայ լրագրությանն ու լրագրողներին։

Ընդհակառակը, հանգամանալից անդրադառնալով խորհրդային շրջանի մեր «Գարուն» ամսագրին` փորձեցինք նկատել ու նշմարել ազատական լրագրության այն առաջին շորշոփները, որ «Գարունը» ներառում ու ամփոփում էր իր մեջ, մինչդեռ խորհրդային ժամանակաշրջանի մեր թերթերը բացարձակապես կտրված էին կյանքից՝ ի տարբերություն էսօրվա մեր թերթերի ու մանավանդ կայքերի, որոնց քննության հիմնական օբյեկտները կյանքն ու մարդն են` իրենց ողջ ցանկալի ու անցակալի մանրամասներով։

Շատ հաճախ շարքային մարդիկ անկախ իրենց կամքից կամ իրենց կամքին հակառակ են լրագրության ու լրագրողների տեսադաշտում հայտնվում, եւ շատ դեպքերում լրագրողներն էլ են անկախ իրենց կամքից եւ նույնիսկ իրենց կամքին հակառակ հասարակ ու շարքային քաղաքացիներին իրենց տեսադաշտում ընդգրկում։

Եվ դա ավելի հաճախ լրատվական կայքերի լրագրողների հետ է պատահում, որովհետեւ լրատվական կայքերի լրագրողները, փաստորեն, պարտավորված են շուրջօրյա լրատվություն ապահովել։

Մրցակցային դաշտն էլ առավել երեւացող ու տեսանելի է, եւ միանգամայն բնական է, որ առօրեական բամբասանքային նյութերը կայքերի հաճախորդների հաճախելիությունն ավելի են ապահովում, քան առավել լրջմիտ ու վերլուծական նյութերը։

Եւ եթե «Գեներալ Մանվելի սենյակն «ուբոռկա» են անում» վերնագրով նյութն ամենից ավելի է ընթերցվում, լրագրողների ու մանավանդ երիտասարդ լրագրողների համար էդ փաստն ու նմանատիպ այլ փաստերը չեն կարող ազդակ ու կողմնորոշիչ չհանդիսանալ։

Բայց եթե այս կարգի ու այս բովանդակությամբ նյութերն սկսեն մեր լրատվության հիմնական եղանակն ապահովել, սերիալների դեմ ՀՀ նախագահին բողոքի նամակ գրած մտավորականները մի բողոքի նամակ էլ լրատվական կայքերի դեմ կգրեն, եւ շատ էլ ճիշտ կանեն։

Եվ նախագահն էլ իր հերթին Հանրային խորհրդի օգնությանը կդիմի, եւ Հանրային խորհուրդն էլ վերստին կշիվարի, քանի որ մեր Հանրային խորհուրդը հիմնականում բաղկացած է էն գործիչներից, որոնց ջանքերի շնորհիվ Հայաստանում վերացվեց գրաքննությունը, բայց էդ ամենը չի նշանակում, որ լրագրողներս (վերջերս, փաստորեն, ես էլ եմ լրագրող) պիտի անվերջ «լայքային» ու «քլիքային» լուրեր պեղենք այսինչ օլիգարխի որդու ու այնինչի դստեր հարսանյաց հանդեսի վերաբերյալ, եւ եթե քավորն էլ մեծահարուստ լինի, լրագրողի հաջողությունն ապահովված է։

Էս ամենը ներելի է, որովհետեւ լրատվական կայքերը մեզանում դեռեւս առաջացման ու ինքնահաստատման փուլում են, եւ կայքերին սպասարկող լրագրողներս էլ ենք ինքնառաջացման ու ինքնահաստատման փուլում։

Եւ կայքերի ընթերցող հասարակությունն առայժմ մեր առջեւ մեծ պահանջներ չի դնում` մեր առաջարկածով բավարարվելով, որովհետեւ էսօրվա դրությամբ լրատվական կայքերի մեր կլիենտներն էլ են ինքնառաջացման ու ինքնահաստատման սկզբնական փուլում գտնվում։

Եվ լրատվական կայքերի սպառողներն անհամեմատ ակտիվ ու գործուն են, քան սովորական թերթերի սպառողները, եւ կայքերի դեպքում իրենց մեկնաբանություններով կայքերի լրագրողներին հանգիստ չեն տալիս, եւ դա անում են բացառիկ ոգեւորությամբ ու ինքնավստահությամբ, որովհետեւ մանավանդ հիմնական մեկնաբանները կայքերի հիմնական լրագրողների հետ բացարձակ հավասար պայմանների մեջ են ու երեւի չեն էլ ենթադրում, որ կայքերի հիմնական լրագրողներս մեր գրածների դիմաց կանոնավոր աշխատավարձ ու հոնորար ենք ստանում։

Եւ եթե ենթադրեն էլ, դրանից նրանց ոգեւորությունն ու աշխատունակությունը դժվար թե մարեն, որովհետեւ մարդու ու գրամոլի մի տեսակ կա, որը տարիներ շարունակ երազել է իր գրածը տպագրված տեսնել, բայց թերթերի քչության ու գրամոլների արտադրանքի անորակության պատճառով էդ բանը տարիներ շարունակ տեղի չի ունեցել։

Եւ ահա համակարգիչը, ինտերնետն ու լրատվական կայքերն էդ գրամոլների համար ոչ միայն լույս տեսնելու, տպագրված լինելու հնարավորություն են ապահովել, այլեւ դատավոր մեկնաբանի հնարավորություն։ Եւ էս դատավոր մեկնաբանների գոյությունն ինչոր տեղ անհրաժեշտություն էլ է, որովհետեւ, ինչպես պաշտոնյաների, օլիգարխների ու այլոց դեպքերում, լրագրողների դեպքում էլ անպատժելիությունը տհաճության ու անհավասարության զգացողություն է առաջացնում։

Ցանկալի է, որ լրագրողներին կարգի հրավիրողներն էս գրամոլ ու ինքնակոչ դատավորները լինեն, այլ ոչ թե ի պաշտոնե դատավորները, որովհետեւ մեզանում ի պաշտոնե դատավորները հիմնականում իրենցից բարձր պաշտոնյաների ու մեծահարուստների կամքն են ի կատար ածում` ցանկացած պարագայում լրագրողներին սխալ ու մեղավոր հանելով:

Մենք այս անգամ էլ փորձեցինք ներկայացնել նոր ժամանակների մեր լրագրության ու լրագրողների ձեռքբերումները, բայց էլի շեղվեցինք մեր նպատակից:

Նորից կփորձենք:

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *