2012.10.04,

Քննադատ

«Հայկական ուրբաթ». բաց ֆորո՞ւմ, թե՞ փակ ակումբ

Հայկական արտադրության թոք-շոուներում քննարկվող թեմաները, որպես կանոն, «անվտանգ» են: Չնայած «սկանդալային» լինելու ցանկությանը՝ ամենահամարձակ թեման, որ նրանք իրենց թույլ են տալիս, «կարմիր խնձորն» է` մինչամուսնական սեռական հարաբերությունները:

Եթե դիտարկենք թոք-շոուի ավանդական ձեւաչափը (վարողի, հյուրերի, հանդիսատեսի մասնակցություն), «Հայկական ուրբաթ» թոք-շոուն հայաստանյան հեռուստաեթերի հանրային նշանակության, թերեւս, միակ հասարակական-քաղաքական թոք-շոուն է, որտեղ բանավեճի նյութ են դառնում ինչպես քաղաքական գործընթացները, այնպես էլ հասարակական կարեւոր նշանակություն ունեցող իրադարձությունները: Այն եթեր մտավ ԱԺ ընտրությունների քարոզարշավի թեժ ժամանակաշրջանում եւ հետաքրքիր հեռուստաբանավեճեր հրամցրեց հեռուստադիտողին:

Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը քաղաքական կուսակցությունները եւ պատգամավորության մեծամասնական թեկնածուները հնարավորություն ստացան ուղիղ եթերում ամփոփել քարոզարշավը: Իսկ ընտրություններից հետո քննարկման նյութ դարձան ստացված արդյունքները եւ հետընտրական տրամադրությունները:

Հեռուստաբանավեճի թեմաները բազմազան էին՝ սոցիալի՞զմ, թե՞ լիբերալիզմ գաղափարական բանավեճից մինչեւ «DIY» ակումբի պայթեցումն ու դրա արդյունքում առաջ եկած իրադարձությունները: Թեմաների բազմազանությանը գումարվում է նաեւ ձեւաչափի բազմազանությունը: Հանրային նշանակության թոք-շուները կարելի է բաժանել երկու տիպի` թոք-շուներ, որտեղ հակադիր կարծիք ունեցող հյուրերը սուր բանավեճ են ծավալում, եւ թոք շուներ, որտեղ քննարկում է ծավալվում: «Հայկական ուրբաթ»-ում երկուսն էլ կա:

Նոր եթերաշրջանի առաջին երկու թողարկումների թեմաները հստակ արտացոլում էին այդ տարբերությունը: Հաղորդումներից մեկի թեման «ԵվրԱզԵս»-ն էր, որտեղ «արեւմտամետներն» ու «ռուսամետները» բանավիճում էին, իսկ մյուսը` «Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը», եւ, չնայած հնչած տարբեր տեսակետներին, սուր բանավեճ չէր ծավալվում, այլ՝ քննարկում:

Քննարկում ենթադրող թեմաներով հաղորդումների ժամանակ թոք-շոուն վարող Պետրոս Ղազարյանը փորձում է հարցերի ձեւակերպման միջոցով ուղղորդել, երկընտրանքի առջեւ կանգնեցնել հյուրերին եւ բանավեճ հրահրել, բայց սովորաբար դա նրան չի հաջողվում:

Թոք-շոուի ընթացքում խոսքի իրավունք ունեն միայն «հայտնիները»` հաղոդման հյուրերը, որոնց մի մասը ներգրավված է «Կենտրոն» հեռուստաընկերության այլ նախագծերում կամ մինչեւ թոք-շոուի ի հայտ գալը պարբերաբար հյուրընկալվել է Պետրոս Ղազարյանի հեղինակային մեկ այլ՝ «Ուրվագիծ» հաղորդաշարին:

«Հայկական ուրբաթի» հանդիսատեսը հարց տալու կամ կարծիք հայտնելու իրավունք չունի եւ իր վերաբերմունքը կարող է արտահայտել միայն ծափողջույնների ու բացականչությունների միջոցով:

Այն հաղորդումներում, որտեղ մասնակցում են հակադիր տեսակետ ներկայացնող հյուրեր եւ սուր բանավեճ է ընթանում, հանդիսատեսը ձեւաչափի կանոնների համաձայն՝ հստակ բաժանվում է երկու ճակատի եւ ծափողջյուններով, բացականչություններով իր վերաբերմունք է արտահայտում, իսկ քննարկում ենթադրող թեմաների ժամանակ համեմատաբար պասիվ է:

Եթե սուր բանավեճ պարունակող հաղորդումների ժամանակ հանդիսատեսի ներկայությունը արդարացված է, որովհետեւ զգացական ֆոն է հաղորդում թոք-շոուին, ապա այն հաղորդումների դեպքում, որտեղ թեման խաղաղ քննարկում է ենթադրում, հանդիսատեսի ներկայությունը անտեղի է դառնում:

«Հայկական ուրբաթ»-ի եւ «Ուրվագծի» նմանությունները թեեւ շատ են (վարողի ոճը, հյուրերի ընտրությունը եւ այլն), սակայն ինտերակտիվության առումով «Ուրվագիծ»-ը շահեկանորեն տարբերվում է «Հայկական ուրբաթ»-ից. թեկուզ միջնորդավորված ձեւով, բայց «Ուրվագծում» հեռուստադիտողը կարող է հարց տալ եւ վերաբերմունք արտահայտել:

Ինտերակտիվության պակասը, հետադարձ կապի բացակայությունը եւ հյուրերի նույն շրջանակը թոք-շուի թույլ կողմերն են: «Հայկական ուրբաթ»-ը կարող է բաց ֆորում դառնալ, սակայն այս տեսքով այն ավելի շուտ «փակ ակումբ» է հիշեցնում:

Համբարձում Համբարձումյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *