2012.09.13,

Քննադատ

Մենք ռաբիսի մեջ

Ես անկախ ինձանից մեր հեռուստասերիալների թեմայից անցում կատարեցի Թաթային ու ռաբիսին, ռաբիսից էլ` մեր քաղաքականների պոպուլիստական ռաբիսին, քաղաքականներից էլ` մեր  մտավորականներին ու լրագրողներին ներսից ու դրսից շուրջկալած ռաբիսին, ինչպես նաեւ` բոլորին ու բոլորիս ներսից ու դրսից պաշարած  ռաբիսին։ Եւ չնայած մենք ներսից ու դրսից ողողված ենք ռաբիսով, եւ չնայած բոլորս ենք կարծես թե ռաբիսի դեմ ընդվզում, այդուհանդերձ, դեռեւս գոնե ինքներս մեզ համար չենք պարզել` ինչ ասել է ու ինչ է  նշանակում ռաբիս։

Եվ եթե մի օր պարզենք, գուցեեւ էսքան չընդվզենք ու ծառս չլինենք ռաբիս  կոչվող երեւույթի դեմ, հասկանալով, որ ռաբիսը ոչ թե երաժշտական ու երգային երեւույթ է, այլ` միանգամայն մարդկային, որը հատուկ ու բնորոշ է գրեթե բոլորիս, բայց որից բոլորս ենք խորշում, ընդ որում` ակնհայտորեն եւ ցուցադրաբար, միամտաբար ակնկալելով, որ եթե ցուցադրաբար խորշենք ու ցուցադրաբար պարսավենք, հաջողությամբ մեզնից կվանենք ռաբիս կոչվածն ու հաջողությամբ կտարանջատվենք ռաբիս կոչվածից։

Եվ չնայած նախավերջին մտորումներիս մեջ Թաթային հանգամանորեն  անդրադարձա, հիմա եմ հասկանում, որ Թաթային անդրադարձս ամենեւին  էլ պատահական չէր, որովհետեւ Թաթան մեջներիցս միակն է` ով ոչ միայն իր ռաբիս լինելը չի թաքցնում, այլեւ տեղին ու անտեղի հրապարակայնորեն խոստովանում է, որ ռաբիս երգիչ է։ Եվ եթե իր ռաբիս լինելը բացեիբաց ու հրապարակայնորեն խոստովանում է, դա նշանակում է, որ ինքն ուրիշներից ավելի ռաբիս չէ` հենց թեկուզ այնքանով, որ ինքը, ի տարբերություն շատերիս, իր ռաբիս լինելը շրջապատից եւ, որ ամենակարեւորն է, ինքը իրենից չի թաքցնում։

Բայց էս հարցում կարեւորը ոչ թե խոստովանելն է, այլ` ներքուստ ու  խորապես գիտակցելը, ինչպես նաեւ` խոստովանելուց չամաչելը, մինչդեռ  Թաթան ոչ միայն խոստովանելուց չի ամաչում, այլեւ տեղին ու անտեղի  հպարտանում էլ է, բայց իր էս հատկությունը չպիտի մեզ համար վարակիչ  լինի, որովհետեւ ռաբիս կոչվածը ոչ թե հպարտանալու բան է, այլ շատերիս  համար արդեն` իրական ու բնական վիճակ։ Որից զերծ չէ նաեւ լրագրության բնագավառը։

Ուրիշների ու այլոց մեջ ռաբիսի փնտրտուքը մեզ ոչ միայն չի ազատում ու ազատագրում ռաբիսից, այլեւ է՛լ ավելի է հրում ռաբիսի  խորխորատները, որովհետեւ ռաբիսի հակառակը ոչ թե հակառաբիսն է, այլ` քրիստոնեությունը, ինչպես նաեւ` քրիստոնեական պատվիրաններին  հետամուտ լինելը, եւ առաջին հերթին` ուրիշներին չդատելն ու սեփական  աչքի միջի գերանը տեսնելը։ Ասածս ուզում եմ ուղղել հատկապես լրագրողներիս, եւ հատկապես ուրիշներին չդատելու ու սեփական աչքի գերանը տեսնելու հորդորով։

Կարծում եմ, բուն ռաբիսը քրիստոնեության հակառակն է, այսինքն`  մահմեդականությունը, ինչպես նաեւ` մահմեդական նեյնիմ-նեյնիմներն ու մուղամմազները։ Բայց, այսուհանդերձ, ռաբիսը զուտ հայկական երեւույթ է, այլ ոչ թե` մահմեդական, եւ արևելյան ու մահմեդական երկրներում կլկլոցներով երգողներին ոչ ոք ռաբիս չի անվանում ոչ միայն էն պատճառով, որ  կլկլոցներով երգելն իրենց հոգեհարազատ հիմնական արտահայտչամիջոցն ու արտահայտչաձեւն է, այլեւ էն պատճառով, որ ռաբիսն իբրեւ բառ` զուտ խորհրդային ծագում ունի եւ զուտ խորհրդային  հապավում է (работник искусства)։

Եւ չնայած խորհրդային ժամանակների հապավում է, միայն հայերիս մոտ է տառացիորեն պահպանվել ու հայացվել, եւ միայն հայերիս մոտ է միանգամայն նոր իմաստ ու միանգամայն նոր նշանակություն ստացել, ինչպես նաեւ` միանգամայն նոր էություն։

Մեր երիտասարդության տարիներին Հայաստանում նաեւ հնդկական կինոներն ու էդ կինոները նայողներին էին ռաբիս անվանում, եւ հետագայում էդ կինոնները մոռանալով` ռաբիսի իմաստն ու նշանակությունն առանձնապես չնվազեցրինք, եւ ոչ էլ` էդ բառի կիրառությունը պակասեցրինք։

Ավելին. էդ բառով ոչ միայն երգիչների երգելաոճն ենք բնութագրում, այլեւ` մեր հայրենակիցներից շատերի շարժուձեւը, վարքն ու էությունը, եւ էդ շարժուձեւը, վարքն ու էությունը հիմնականում այլոց շարժուձեւի, վարքի ու էության մեջ ենք նկատում ու հայտնաբերում, եւ ամենահետաքրքիրն էն է, որ մեջներիս  ամենառաբիսներն անգամ էդ երեւույթն իրենց իսկ էության մեջ չեն փորձում փնտրել` շարունակաբար իրենցից դուրս փնտրելով այն:

Այսինքն, գրեթե բոլորս ենք հասկանում, որ ռաբիսն արատավոր, օտարամուտ ու ոչ հայկական երեւույթ է, եւ էդ երեւացող ու ճչացող ճշմարտությունը գիտակցելով` չենք ուզում ըստ էության ու բոլորեքյան ճանաչել այն: Ճանաչումից է սկսվում ամեն բան։ Նաեւ լրագրողների աշխատանքը։

Արմեն Շեկոյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *